Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աննորմալ է, երբ թանկացումների ֆոնին աշխատավարձերի, թոշակների և նպաստների ինդեքսացիա չի արվում. Կարեն Չիլինգարյան. JAMnews

Հոկտեմբեր 14,2024 10:49

JAMnews. Այս տարի Հայաստանում զգալի թանկացումներ են եղել հատկապես պարենային շուկայում, որոնց ազդեցությունը զգում է ցանկացած քաղաքացի: Օրինակ, բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է մոտ 9%-ով, ալկոհոլային խմիչքները մոտ 7%-ով, հեղուկ գազը 50%-ից ավելի: Ամենաօրյա սպառման ապրանքներից թանկացել է սուրճը, թեյը, կակաոն, շաքարը, հրուշակեղենը, յուղերը ու ճարպերը և այլն:

2024թ-ի տարեվերջի համար կանխատեսվում է բարձր գնաճ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյանը: Այս ֆոնին երկրի գլխավոր դրամատունը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8%։ Հիմնավորել է, որ դա անհրաժեշտ է գների կայունացման և նվազեցման համար:

Տնտեսագետ, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է, որ սպառողական ապրանքների, այդ թվում սննդամթերքի շուկայի թանկացումները հատուկ են աշխարհին, բոլոր երկրներում գնաճ կա: Այլ հարց է, որ Հայաստանում անգամ փոքր թանկացումը ցավոտ է անդրադառնում բնակիչների վրա:

«Գների բարձրացումը նորմալ երևույթ է և տարբեր գործոններից կախված: Աննորմալ է, երբ թանկացումների ֆոնին աշխատավարձերի, թոշակների և նպաստների ինդեքսացիա չի արվում: Արդյունքում մարդիկ տուժում են, առաջ են գալիս արդարացված դժգոհություններ, որոնք որոշում կայացնողների կողմից մնում են անարձագանք։

Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է։ Եվ պարզ է, որ ապրանքները, այդ թվում սննդամթերքը, երկար ճանապարհ են անցնում մինչև սպառողին հասնելը։ Նկատի ունեմ ճանապարհածախսը, մաքսազերծումը, դոլար-դրամ տատանումները: Դա մեծապես ազդում է գնագոյացմանը»,- բացատրում է նա:

Այս տարի գյուղատնտեսական ապրանքների գների վրա, ըստ Չիլինգարյանի, զգալի ազդեցություն են ունեցել եղանակային պայմանները և ֆերմերների սխալ մոտեցումները․

«Ժամանակն է, որ գյուղացին պլանավորի՝ ինչ մշակաբույս կամ մշակաբույսեր է ուզում ստանալ, և ունենա դրա պատասխանը: Պետք է գիտական մոտեցում ցուցաբերի, որ և՛ բերքատվությունը բարձր լինի, և՛ իրացման հետ կապված խնդիրներ չլինեն»:

Ասում է, որպես կանոն, գյուղացիները եկող տարվա համար պլանավորում են այն մշակաբույսերը, որոնք այս տարի լավ բերք ու սպառում են ունեցել։ Բայց հաճախ ստանում են հակառակ պատկերը: Այսպես է նաև անասնաբուծության ճյուղում:

«Պետք է նպատակահարմարության համար հաշվարկներ իրականացվեն: Եվ այդ հարցում գյուղատնտեսին պետք է օգնի նաև պետությունը: Մինչդեռ մենք տեսանք, որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարեցին։ Այն այլ նախարարության մեջ մնաց որպես վարչություն: Դա կաթվածահար արեց ոլորտը»,- համոզված է Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա, գյուղատնտեսության նախարարությունը պետք է մնար, նաև գործնական քայլեր պետք է արվեին հողագործներին կրթելու և կողմնորոշելու հարցում:

Գնաճը զսպելու համար, կարծում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը տեղային լուծում է և մեծ ազդեցություն չի կարող ունենալ.

«Որպեսզի գնաճը քաղաքացիների համար ցավոտ չլինի, կառավարությունը պետք է տարբեր գործիքներ ունենա: Օրինակ, թոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում նախատեսի։ Դա էլ, իր հերթին, կազդի մասնավոր ընկերությունների վճարման մոտեցումների վրա:

5000 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին՝ լսելով 1000-3000 դրամ թանկացման մասին ավելի է զայրանում: Ստացվում է դժգոհությունները մեղմելու փոխարեն ավելի մեծ դժգոհություններ ու մտահոգություններ են ի հայտ գալիս: Իսկ դա վտանգավոր է Հայաստանի նման անվտանգային խնդիր ունեցող երկրի համար»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031