2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2023 թ. Արցախի վերջնական հայաթափումը բազմիցս փորձել եմ Արցախի իշխանություններին, հատկապես ԱԺ-ին, հասկացնել, որ պետք է 2020 թ. պայմանավորված պատերազմի գնահատականը տալ, մատնացույց անել այդ ամենի գլխավոր մեղավորին ու շարքային մեղավորներին։ Անգամ ինքս նամակի տեքստ եմ պատրաստել, որ Արցախի քաղաքական ուժերն այդ նամակն իրենց ուզած ձեւով խմբագրեն, փոփոխեն ու մինչեւ 2020 թ. տարեվերջ հրապարակեն որպես հայտարարություն։ Մեկ-երկու քաղաքական ուժ խոստացան ծանոթանալ, բայց հետո ոչ մեկի ձեն-ձունը չլսվեց։ Ստիպված նամակ պատրաստեցինք ու Արցախի հայտնի մտավորականներով, զինվորականներով ստորագրեցինք եւ այն տպագրեցինք հայաստանյան մամուլում։ Բայց, չնայած նամակը հնչեցրին նաեւ ՀՀ հեռուստատեսությամբ, դա այն ազդեցությունը չուներ, որ կունենար, եթե դա անեին Արցախի քաղաքական ուժերը։
Հետո էլ հոդվածներով, գրառումներով պահանջում էի, որ Արցախի ԱԺ-ն ձայն հանի։ Չէ՞ որ իրենց հայրենիքի 75 տոկոսն են ստորաբար վաճառել։ Դարձյալ ոչ մի ձայն։ ԱԺ շենքի մոտ Արցախի հանրային կոչվող, բայց իրականում պալատական հեռուստատեսության լրագրողները փորձեցին փոքրիկ հարցազրույց վերցնել ինձնից։ Ասացի, որ անիմաստ եմ գտնում, որովհետեւ իրենք միայն իշխանությունների հրահանգները կատարող են, խոսքս կրճատելու են։ Խոստացան, որ այս անգամ անաղարտ ներկայացնելու են։ Իհարկե, չհավատացի, բայց մատնացույց անելով ԱԺ շենքը, ասացի, որ թող պարտադրեն այդ շենքում փափուկ տեղավորվածները ձայն հանեն, գնահատական տան կատարվածին։ Չէ՞ որ իբր ժողովրդի ընտրյալներ են, ումի՞ց են վախենում…
Եթեր հնչեցրին միայն իմ խոսքից ինչ-որ երկրորդական հատվածներ։
Հետո նամակ պատրաստեցինք ուղղված Արայիկին, որը ստորագրեցին նաեւ ՀՀ հայտնի մտավորականներ, այդ թվում` հրաշալի, ազնվագույն մարդ ու քաղաքացի, վերջերս վախճանված Սերժ Սրապիոնյանը։
Կարդացեք նաև
Արցախում Արայիկի նազիր-վեզիրներն ու մանկլավիկներն իրար խառնվեցին։ Հատկապես այդ գործում իրենք իրենց գերազանցեցին Արայիկի շնորհիվ ոչնչից ամեն ինչի հասած, բարձր պաշտոններում թառած ոչնչությունները։
Դա էլ անցավ։
Հանդիպեցի նաեւ Ռուբեն Վարդանյանին։ Այդ մասին արդեն գրել ու տպագրել եմ։ Հայոց ողջ քաղաքական դաշտում միակ խելացի, ազնիվ եւ կոնկրետ գործ անելու ունակ մարդն էր նա։ Ու հենց դրա համար նպաստեցին, որ հայտնվի Բաքվի բանտում։
Շրջափակման օրերին, Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ հոդված տպագրեցի երեւանյան մամուլում` նյութին կից Արցախի քարտեզով ու հարեւան պետություններով։ Հարեւան ու մերձակա բոլոր երկրները ներկայացնելով, բացատրում էի, որ վիճակն օրհասական է, փաստորեն աշխարհում մեն-մենակ ենք, չունենք որեւէ դաշնակից ու բարեկամ երկիր, իսկ մեր անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանը թիկունքից խփողի դերում է։ Գրել էի, որ պետք է մտածել մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին։ Ակնարկս պարզ էր, չնայած բառացի չէի ասում, որ պետք է պայմանավորվել, ժամանակ նշել, ասենք մի քանի ամիս, ու մարդկանց իրենց ունեցվածքով աստիճանաբար դուրս բերել շրջափակված, պաշարված երկրից։ Դա փորձում էի անձամբ հասկացնել քաղաքական ուժերին։ Դարձյալ անարդյունք։ Իբր նոր նախագահ էին ընտրել, ներքաղաքական ներկայացումներով էին զբաղված…
Արցախից ամենավերջին դուրս եկողների մեջ էր մեր ընտանիքը։ Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին վերջին մոտ հազար արցախցիներով դուրս եկանք հայրենիքից։ Այդ մասին գրել ու տպագրել են հայաստանյան մամուլում։
Վերջին օրերին մենք Արցախի ԱԺ շենքում էինք։ Շենքի տերուտնօրենը մի քանի օր մենք էինք։ Պատգամավորներից միայն ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, տեղակալ Գագիկ Բաղունցը եւ մեկ-երկու հոգի էին մնացել ժողովրդի հետ ու փորձում էին ամեն կերպ օգնել արդեն ազերիներով շրջապատված Ստեփանակերտից դուրս բերել վերջին արցախցիներին։ Մյուս պատգամավորները վաղուց էին լքել հայրենիքն ու ժողովրդին եւ այսօր Երեւանից հեքիաթներ են պատմում ժողովրդին ետ` Արցախ վերադարձնելու մասին։
Վարդգես ՕՎՅԱՆ
Նկարը՝
Դավիթ Ղահրամանյանի
«Առավոտ» օրաթերթ
12.10.2024