Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ մեկ երեխայի սպանության մեղքն ինչպե՞ս է ձեզ թույլ տալու, որ գրկեք, սիրեք ձեր երեխաներին

Հոկտեմբեր 14,2024 10:00

Այսօր աշխարհն այնքան է խառնվել իրար, որ եթե կար ժամանակ, որ բոլոր ազգերի ու ժողովուրդների մոտ հատուկ վերաբերմունք կար երեխաների կյանքի ու անվտանգության վերաբերյալ, ապա հանուն նյութի՝ փողի, հատկապես վերջին տարիներին այդ սրբության վրա եւս ոտքերն են մաքրում համարյա բոլոր երկրների ղեկավարները՝ խիղճները լրիվ կորցրած:

Անհասկանալի է, թե ո՞րն է աշխարհի հզորների նպատակը, այն էլ այս ակնթարթի չափ կյանքում, որ իրենց ագահության՝ չկշտանալու պատճառով, անխղճորեն սպանում՝ կոտորում են մեծաթիվ անմեղ երեխաների՝ կատարելով զուտ ռոբոտներին հարիր, պատերազմական օրենքներին համապատասխան դաժան քայլեր: Աշխարհի նման պահվածքի պարագայում կյանքը կորցնում է իր իրական ու լիարժեք իմաստը, քանզի աշխարհի ապագան պատկանում է երեխաներին, իսկ առանց նրանց կյանքը դառնում է լրիվ անիմաստ ու դատարկ, եւ երեխաների նկատմամբ նման վերաբերմունքը խախտում է կյանքի իմաստի բալանսը, այն վերածելով իմաստազուրկ մի քաոսի:

Եթե ուրիշ ոչ շատ այլ կատարված իրադարձություններ, ապա միայն իսրայելա-պաղեստինյան այսօրվա շարունակվող դաժան պատերազմը ուղիղ վերն ասվածի դիպուկ վկայությունն է, իսկ ողջ աշխարհը փոխանակ միասնաբար դատապարտելու տեղի ունեցողը, ընդամենը մարդկության շատ փոքր մասն է բացասական արտահայտվում դրանց առնչությամբ, չբարձրաձայնելով, ի վերջո, ինչ է նշանակում երեխաների պարբերաբար կոտորածը, որը կարծես հանգիստ խղճով են ի կատար ածում մարդկության հարուստ բորենիները՝ մի քանի կոպեկով ավելի շատացնելով իրենց անծայրածիր ունեցվածքը՝ լրիվ չնկատելու տալով մարդկության միակ հրաշքների՝ անմեղ երեխաների նկատմամբ իրականացվող սպանդը եւ եղեռնը…

Այ մեծահարուստ հրեշներ, ի՞նչ պետք է անեք այդ անհաշվելի փողերը, ո՞ւր եւ ինչի՞ վրա պետք է ծախսեք դրանք, որ ձեր խիղճն ավելի հանգիստ լինի, քան այդ սպանվող երեխաների մեղքի բեռը, որը մի քանի կոպեկի համար հանգիստ վերցնում եք ձեր խղճի վրա: Ձեր խղճի վրա կուտակվող՝ անգամ մեկ երեխայի սպանության մեղքն ինչպե՞ս է ձեզ թույլ տալու, որ գրկեք, սիրեք ձեր երեխաներին ու թոռներին, նրանց մատակարարելով տիեզերական թանկարժեք նվերներով եւ նույնքան թանկարժեք սննդով՝ կերով, երբ թեկուզ բացառության կարգով ձեր թոռներից կամ երեխաներից թեկուզ մեկը որեւէ կերպ տեղեկանալով դրանց մասին, հնարավոր է մեծագույն ցավ ապրի ու հոգեկան խանգարում ստանա դրանից: Այդ դեպքում, ինչպե՞ս եք ներելու ինքներդ ձեզ, որ դուք փաստացի առանց խղճի խայթի, դաժանորեն սպանում եք երեխաների այն բազմությանը, որոնց մեջ են նաեւ ձեր թոռները կամ երեխաները… Դուք ձեր աներեւակայելի ստոր քայլերով աշխարհին ու մարդկությանը պարզորոշ ցույց եք տալիս, որ ձեզ համար փողն ավելի կարեւոր է, քան հենց ձեր երեխաների կամ թոռնիկների կյանքը: Մի՞թե հնարավոր է սրանցից ավելի ստոր արարքներ երեւակայել, որ երբեւէ կատարվել է մարդկային կյանքի պատմության ընթացքում: Ի վերջո, մարդկային կյանքը ակնթարթ է եւ մարդկության կյանքի իմաստը կյանքի շարունակականությունն է, որն ի կատար է ածվում հենց երեխաների գոյության՝ նրանց ծնվելու հենքի վրա եւ նրանց նկատմամբ իրականացվող սպանդը վկայում է, որ մարդկության մի ստոր հատված փորձում է նման ճանապարհով ընդհատել մարդկային կյանքի շարունակականության իրագործման հնարավորությունը: Իսկ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ պետք է կատարվի ճիշտ հակառակը. մարդկությունը պետք է ամեն ինչ անի ապահովագրելու երեխաների անվտանգ ծնունդը եւ բազմացումը, այլապես կվերանա մարդկային կյանքի գոյության իմաստը:

Մի՞թե անցած հազարամյակների մարդկային կյանքի պատմությունն այս պարզ աքսիոմը չի հասկացրել մարդկությանը, որ հենց սա է գոյության իմաստը, այլ ոչ թե այն, ինչ այսօր կատարվում է այս դաժան աշխարհում:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031