Իրանագետ Էմմա Բեգիջանյանը շեշտեց՝ այս պայմաններում մեզ ձեռնտու չէ, եթե Իրան-Իսրայել պատերազմ կամ փոխհրաձգություն լինի, Իրանը թուլանա։
«Իրանի ժողովուրդը միշտ սահմանն անցնելիս ասում էր՝ ինչո՞ւ պիտի ՀՀ-ի սահմաններին օտարները կանգնած լինեն, ոչ թե հայերը։ Այդ առումով իրենք միշտ բողոքում էին, օրինակ՝ մեքենայի վրա ինչո՞ւ պետք է Պուտինի նկարը լինի եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը, երբ փաստեցինք, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները դադարելու են հայ-իրանական սահմանին ծառայություն իրականացնել. դուրս կգան, նրանց փոխարեն ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ այս որոշման հետ կապված Իրանի ժողովրդի շրջանում կան դրական արձագանքներ։
Հատկապես վերջին ԱՄՆ-Իսրայել համագործակցության համատեքստում Էմմա Բեգիջանյանից հետաքրքրվեցինք՝ ամերիկա-իսրայելական բանակցությունները նշանակում են, որ օղակը Իրանի շուրջ սեղմվո՞ւմ է, նա պատասխանեց. «Այո, հիմա իրավիճակն այնպիսին է, որ ոչ մեկը չի կարող ասել, թե առաջիկայում ինչեր են տեղի ունենալու, իրադարձություններն ինչպես են զարգանալու։ Հիմա բոլորը սպասում են Իսրայելի պատասխանին, թե ինչին է հարվածելու, հարվածներն ինչքանով են ազդեցիկ լինելու Իրանի էներգետիկ կամ միջուկային ենթակառուցվածքներին։ Բոլոր դեպքերում ԱՄՆ-ն դրան դեմ է, որ այդքան ձգձգվում է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել էր, որ դեմ է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն։ Այնպիսի ռումբ, որ դա կարող է ոչնչացնել, որտեղ Ուրանն է հարստացնում, միայն ԱՄՆ-ն ունի, եւ ԱՄՆ-ն հազիվ թե այդ ռումբերը տրամադրի Իսրայելին։ Եթե Իսրայելը կիրառի այդ ռումբը, նշանակում է՝ ԱՄՆ-ն է Իրանի հետ պատերազի մեջ մտել»։
Կարդացեք նաև
Էմմա Բեգիջանյանը հիշեցրեց՝ Աֆղանստանում, Իրաքում ԱՄՆ-ն ուղղակիորեն, որ մտավ պատերազմի մեջ, հսկայական ծախսեր էր կատարել, բայց ի վերջո, եթե դիտարկենք՝ մեծ արդյունքի հասավ, թե՝ ոչ, կարելի է ասել՝ ոչ. «Հիմա պատկերացրեք՝ դա լինի Իրանի դեպքում Իրանի հզորությամբ։ Իրանն ի զորու է ամբողջ տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ, ու դա մեզ համար շատ վատ է, որովհետեւ Իսրայելը համարյա նույն բաներն է անում, ինչ Ադրբեջանն անում էր»։
Էմմա Բեգիջանյանը, փաստելով, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ արգելել նրա մուտքը Իսրայել, նշեց. «Իսրայելն ամբողջ աշխարհին դեմ է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ոչ ցանկալի անձ է ճանաչել. նման բան չկա պատմության մեջ։ Սա հիմնականում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի քաղաքականությունն է, ոչ թե Իսրայելի ժողովրդինը։ Նա է այն տեսակետին, որ եթե պատերազմը դադարի, ինքն անկախ ամեն ինչից, պետք է գնա. սա ասում են նաեւ իսրայելամետ փորձագետները, անգամ եթե Նեթանյահուն հաղթանակով դուրս գա, գուցե ավելի վատ՝ ավելի աջակողմյան իշխանություններ լինեն, բայց Նեթանյահուն գնալու է»։
Հարցին՝ Իրանի շուրջ ստեղծված այս իրավիճակից հնարավո՞ր է Ադրբեջանն առիթից օգտվի եւ հարձակվի ՀՀ-ի վրա, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ալիեւը կարող է առիթից օգտվել այն ընթացքում, երբ Իրանը զբաղված է, եւ խառն է իրավիճակը ու իր համար նպաստավոր պայմաններ են, կարող է Սյունիքի վրա հարձակվել։ Իհարկե, Ալիեւն իր ներքին բոլոր հարցերը լուծում է ՀՀ-ի հաշվին։ ՀՀ-ից մի բան է պահանջում, իր ժողովրդին ասում է՝ այ, այսպիսի ձեռքբերում, բայց իր ներսում շատ խնդիրներ ունի եւ այդ խնդիրներն արտաքին քաղաքականությամբ՝ ՀՀ-ին ճնշելով է լուծում։ Եթե չլինեն ՀՀ-ի հետ փոխհարաբերությունները ու Հայաստանին պարտադրելու որոշ հարցեր, ինքը ներքին խնդիրներ կունենա։ Այդ առումով մեզ համար վատ է»։
Իրանագետը շեշտեց՝ այս պայմաններում մեզ ձեռնտու չէ, եթե Իրան-Իսրայել պատերազմ կամ փոխհրաձգություն լինի, Իրանը թուլանա. «Ինչպես Իրանի համար է կարեւոր ուժեղ ու անկախ ՀՀ, նույն ձեւով էլ մեզ համար է կարեւոր Իրանը։ Իրանի ավիացիան շատ թույլ է. Իրանի թագավորի ժամանակ գնված F-14-երն ու FT5-երն են, իսկ Իսրայելն ունի F-16, AF-35: Իսրայելի ավիացիան շատ ուժեղ է եւ կարող է տնտեսական մեծ վնասներ պատճառել Իրանին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.10.2024