Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 5 տարի առաջ ստեղծվեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Այն բավականին արդյունքներ է գրանցել. ի թիվս այլնի՝ 286 վարպետության դասեր արտասահմանում եւ Հայաստանում՝ 98 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների, արտիստների եւ պրոֆեսորներ հետ, 233 համերգային ելույթ դրսում եւ Հայաստանում, 111 այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին: Հիմնադրամի 6 տաղանդավոր պատանիները սովորում են աշխարհի լավագույն երաժշտական հաստատություններում՝ Լոնդոնում, Վիեննայում, Քյոլնում, Կարլսռուեում, Ցյուրիխում եւ ԱՄՆ-ում:
Aravot.am-ը հոբելյանի առիթով զրուցել է Սերգեյ Սմբատյանի հետ, որը նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
«Այս 5 տարիներն ուղղակի ակնթարթի նման անցան: Մենք հիմնադրամ ստեղծելու հատուկ գաղափար չունեինք, պարզապես տեսանք, որ կա նման անհրաժեշտություն: Ունենք տաղանդավոր երեխաներ եւ բովանդակային կրթական խնդիրներ, դրա համար որոշեցինք օգնել երաժիշտ երեխաներին՝ ոտք դնելու 21-րդ դարի իրականություն: Հիմնադրամի նպատակն է երեխաներին ցույց տալ՝ ինչպես պետք է մտածել այս ժամանակահատվածում, որ լինեն կայացած եւ շատ արագ հասնեն հաջողությունների:
Կարդացեք նաև
Ես հիշում եմ, թե այդ տարիքում ճիշտ խորհուրդը, երեխայի տաղանդի շուրջ ճիշտ միկրոկլիման ինչպես կարող է ահագին բան փոխել նրա կյանքում: Չնայած շատ ծրագրեր կան, որոնցով զբաղված եմ, բայց մտածեցի, որ հիմնադրամի չլինելը մեծ խնդիր կլինի: Այժմ ուրախ եմ, որ 5 տարիների ընթացքում ունենք զգալի արդյունքներ, խոսքը ոչ միայն էմոցիոնալ արդյունքների մասին է, այլեւ կրթական, ու այն մասին, թե ինչպես են հասարակությունը, մեր դրսի գործընկերները տեսնում մեր երեխաներին»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:
«Մի խոսքով, գաղափարը սկսվեց նրանից, որ մեր երեխաներին անհրաժեշտ էին միջազգային պրոֆեսորների եւ անվանի երաժիշտների վարպետության դասեր եւ շփումներ: Իսկ 5 տարիների ընթացքում շուրջ 300 վարպետության դասերը մեծ ձեռքբերում են: Երբ տեսանք, որ մեր երեխաները մասնակցում են վարպետության դասերի, բայց շփվելու, կոմունիկացվելու խնդիր ունեն՝ լինելով շատ լուսավոր, տաղանդավոր, որոշեցինք այդ հարցում էլ նրանց օգնել, որովհետեւ լավ երաժիշտ լինելը 21-րդ դարում միայն գործիքին տիրապետելը չէ: Դա անհատականացման գործընթաց է.թանգարաններ, համերգների այցելությունները, ճանաչված երաժիշտների հետ հաջողություններից խոսելը, ի վերջո բերում են մի կետի, որի վրա կենտրոնացումը իր իսկ ճանապարհի հստակ ձեւավորվումն է դառնում: Եվ եթե ուզում ենք ունենալ կայացած, շփվող, տաղանդավոր, լուսավոր եւ դասական երաժշտությունն առաջ տանող սերունդ, ուրեմն պետք է վերլուծենք երեխաների խնդիրները եւ փորձել լուծել դրանք»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ տաղանդավոր երաժիշտ երեխաների համար օտար լեզուների ուսուցում կազմակերպելուն: Սերգեյ Սմբատյանն ասաց, որ հիմնադրամում նվիրյալ եւ տաղանդավոր թիմ է աշխատում, եւ դա իրենց ուղիղ նպատակը կամ առաջնային հարցը չի եղել, պարզապես խնդիր էր, որի լուծմամբ վերաձեւակերպել են իրենց անելիքը:
«21-րդ դարում դուք չեք կարող լինել երաժիշտ՝ առանց շփումների: Շատ կարեւոր է, որ երեխաներին տանք 21-րդ դարի խնդիրների փաթեթը, ասելով, որ պե՛տք է դա հաղթահարենք: Ես չգիտեմ, թե ինչպես կփոխվի ժամանակը 5 տարի հետո, բայց որ անձը պետք է լինի ճիշտ միկրոկլիմայում եւ ճիշտ շփումներ ունենա, դա փաստ է: Ինչպես արդեն նշեցի վարպետության դասերի մասին, 300-ը ոգեշնչող եւ մեծ թիվ է, հատկապես, որ խոսքը գնում է այսօրվա աշխարհի, Եվրոպայի շատ հայտնի դասախոսների եւ երաժիշտ կատարողների մասին: Նրանք գալիս են Հայաստան, տալիս են վարպետության դասեր, եւ միաժամանակ տեղեկանում են, որ ունենք երեխաների համար աշխատող հիմնադրամ, որը ակտիվ համագործակցում է Սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մեր ձեռքբերումն է, որ մարդկանց աչքերում Հայաստանը ուրիշ կերպ է երեւում»,-ընդգծեց մաեստրոն:
«Մեր տաղանդաշատ երեխաներն ընդունվում են լավագույն բուհեր, եւ այս համատեքստում ազնիվ չէ շեշտադրել միայն մեր հիմնադրամի դերը, բայց իհարկե փաստ է, որ երբ մեր կրթաթոշակառուները գնում են սովորելու լավագույն հաստատություններում, եւ պրոֆեսորները, որոնք ճանաչում են մեր երեխաներին, շատ ոգեւորվում են, որովհետեւ տաղանդն ունի հարստացման խնդիր: Այն, որ Հայաստանում ծնված երեխաները ընդունվում են «դրսի» բուհեր, Հայաստանն են ներկայացնում, բոլորիս հաջողությունն է: Եվ մեր պարտականությունն է անել ամեն ինչ տաղանդավոր երեխաների համար: Կարծում եմ՝ ռազմավարական նշանակության նպատակ է, որ մեր երեխաները պատրաստ լինեն աշխարհում հաջողակ լինելուն:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որն ունի շատ մեծ հաջողություններ 5 տարվա համար, հիմնադրամ է, որը կարծիք է ձեւավորում Հայաստանի մասին: Օրինակ, մեր երեխաները մասնակցել են էստոնիայում Յարվի ընտանիքի հեղինակավոր փառատոնին: Ես լսել եմ որոշ արձագանքներ,թե տեսեք՝ Հայաստանում ինչքան են կարեւորում երեխաների կրթությունը, որ ընտրել են լավագույններին եւ ուղարկել Յարվիի փառատոնին: Այսինքն, մեր մասին կարծիքը ձեւավորվում է մեր երեխաների միջոցով»,-հավելեց Սերգեյ Սմբատյանը:
Aravot.am- ը հետաքրքրվեց Սերգեյ Սմբատյանից՝ այդքան գերզբաղվածության մեջ՝ Սիմֆոնիկ նվագախումբ, ՅՈՒՆԻՍԵՖի դեսպան, հիմնադրամ եւ այլն, իր երեխայի հետ գոնե երաժշտության մասին խոսելու ժամանակ ունենո՞ւմ է:
«Իմ երեխայի հետ խոսելու ժամանակ չեմ ունենում (ժպտում է-Գ.Հ.): Ալեքսանդրը դաշնամուր է նվագում: Ես պատկերացնում եմ, որ երաժիշտ պետք է լինի այն մարդը, որը չի կարող չլինել երաժիշտ: Ամեն դեպքում որդուս մեջ տեսնում եմ երաժշտության հանդեպ հակում: Իհարկե, հիմա իրեն շատ բաներ շատ ավելի հեշտ տրվում, քան ինձ էին տրվում իմ տարիքում: Հետեւում եմ նրա զարգանալու էտապներին, կտրականապես դեմ եմ ստիպելուն, բայց ուրախ կլինեմ, եթե իրեն ոգեւորեն դասախոսն եւ ընտանիքի անդամները»,-նշեց մեր զրուցակիցը:
Կրկին դառնալով հիմնադրամին՝ հավելեց. «Հիմնադրամը ստեղծվել է «Երաժշտություն հանուն ապագայի» կարգախոսով: Մենք հավատում ենք, որ իրականացրած նախագծերի շնորհիվ, որ մեր տաղանդավոր երեխաները մեկնում են դուրս, ժամանակ են անցկացնում հայտնի երաժիշտների հետ, նրանց մոտ մտածելակերպ, ապրելակերպ է փոխվում: Այսինքն, ապագային ուղղված բարեգործությունը դառնում է ներդրում:
Այսօրվա արագ զարգացող աշխարհում դասական երաժիշտ երեխաների մասին խոսելը կարեւոր ձեռքբերում է: Ցանկանում եմ մեր երեխաներին տեսնենք ամենամեծ բեմերում: Եվ եթե 10 տարի անց քայլեք Վիեննայով, ազդագրերում տեսնենք հայ երաժիշտների անուններ, վստահ եմ, որ այդ երաժիշտը կապ կունենա մեր հիմնադրամի հետ: Շնորհակալ եմ բոլոր սատարողներին, գաղափարակիցներին, որ միավորվել ենք նման գաղափարի շուրջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը