Լրահոս
Օրվա լրահոսը

Կնվազի՞ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ակտիվությունը Թրամփի ընտրության դեպքում. քննարկում Նյու Յորքում

Հոկտեմբեր 13,2024 16:31

«ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները կայուն կմնան: Հարաբերությունների ներկա մակարդակը չի իջնի», – «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով նյույորքյան քննարկման շեշտադրումներն Aravot.am-ի համար ամփոփելիս ասաց միջոցառման կազմակերպիչ, ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի՝ ռազմավարության և անվտանգության հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը: 

Փիլիպպոսյանի փոխանցմամբ՝ թեև մասնակից փորձագետները ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության դեպքում չեն ակնկալում, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ակտիվությունը կարող է նվազել, նրանք կարծում են, որ ամերիկյան հետաքրքրությունները կարող են փոխվել, որի արդյունքում ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է նվազել:

«Թե ինչ կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ տարածաշրջանային կոնտեքստում մեծապես կապված է, թե ով կլինի Թրամփի կողքին, ովքեր կլինեն նրա խորհրդատուները»,- նշում է Անահիտ Փիլիպպոսյանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք անդրադարձ կար Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկա վիճակին, ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ամերիկացի փորձագետներն ավելի կենտրոնացած էին տարածաշրջանում Չինաստանի աճող հետաքրքրության վրա, քանի որ ամերիկացիները որպես «թիվ մեկ հակառակորդ» Չինաստանին են տեսնում:

Հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի հրավիրած ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության թեմայով միջոցառումը:

Քննարկմանը մասնակցում էին մի շարք օտարերկրացի փորձագետներ՝ Ատլանտիկ խորհրդի եվրասիական կենտրոնի ավագ համակարգող, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, կրոնական ազատությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ղեկավար-անդամ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը, Observor Research Foundation America-ի գործադիր համակարգող Դհրուվա Ջայշանկարը, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Գարո Փայլանը, Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի Եվրասիայի հետազոտման ղեկավար, գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031