Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ամերիկյան վերլուծական կենտրոնների մասնակցությամբ քննարկում Նյու Յորքում՝ ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով

Հոկտեմբեր 13,2024 15:10

Հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի հրավիրած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով միջոցառումը:

Քննարկմանը մասնակցում էին մի շարք օտարերկրացի փորձագետներ՝ Ատլանտիկ խորհրդի եվրասիական կենտրոնի ավագ համակարգող, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, կրոնական ազատությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ղեկավար-անդամ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը, Observor Research Foundation America-ի գործադիր համակարգող Դհրուվա Ջայշանկարը, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Գարո Փայլանը, Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի Եվրասիայի հետազոտման ղեկավար, գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը:

Aravot.am-ը հնարավորություն ունեցավ զրուցել ԱՊՐԻ Արմենիայի՝ ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանի հետ, որը պանելային քննարկումների մոդերատորներից էր:

«Միջոցառման ընդհանուր նպատակն էր՝ չեզոք տեղեկատվությամբ կիսվել Ամերիկայի հայկական գաղութի հետ, ինչպես նաև ավելի թարմ տեսանկյուններ ստանալ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանունակության մասին», – նշում է Փիլիպպոսյանը:

Նա նկատում է. «Մեր քննարկումների մասնակիցները ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ էին: Հայեր կային, բայց շեշտը դրել էինք Հայաստանի արտաքին գործերի և անվտանգության ամրապնդման վերաբերյալ ամերիկյան տեսանկյունը լսելու վրա»:

Անահիտ Փիլիպպոսյանի գնահատմամբ՝ սա նաև լավ հնարավորություն էր հայկական APRI Armenia վերլուծական կենտրոնի և ամերիկյան վերլուծական կենտրոնների միջև հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից: 

«Այսպես ամերիկյան վերլուծական կենտրոններն ավելի լավ կհասկանան մեր երկիրն ու տարածաշրջանը: Սա էլ էր մեր նպատակներից», – մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի՝ ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահը:

ԱՊՐԻ Արմենիան կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող գլոբալ բարեգործական կազմակերպության կողմից։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031