«Երեւանի քաղաքապետարանը շարունակում է համալրել իր հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես այս տարի համայնքային բյուջեի հաշվին գնում է իրականացրել 171՝ 8,5 մետրանոց ավտոբուսների եւ 15 տրոլեյբուսների: Այս պահին հրապարակում տեսնում ենք առաջին խմբաքանակը: Արդեն 22 ավտոբուսներ Երեւանում են եւ 10 տրոլեյբուսներ են տեղ հասել:
Շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երեւանում: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, նույն հաղթողն է եղել մրցույթում, տրոլեյբուսները մոտ են նախորդներին, բայց մակնիշն այլ է:
Երեւանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից սա շատ կարեւոր ձեռքբերում է: Տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել »,- Շահումյան հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ: Միասնական տոմսային համակարգի անցման պահից մենք ստվերի՝ որպես երեւույթի, վերացումը կապահովենք, որովհետեւ փաստացի արդեն կանխիկ գործարքները դուրս են գալու:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է տոմսային համակարգի այլ առավելություններին, կարծում եմ՝ միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի համար է կարեւոր, այլեւ մարդկանց հարմարավետության տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն քարտով, նույն հեռախոսով, նույն բանկային քարտով եւ դրա համար հավելյալ չվճարեր»,-ասաց Ավինյանը:
Հարցին՝ տրանսպորտի վերջնական գինը քաղաքացին ե՞րբ կիմանա, նա այսպես արձագանքեց. «Տրանսպորտի վերջնական գինը ֆիքսված է Երեւանի ավագանու որոշումներով: Ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ գինը մի փոքր կավելանա: Բայց ընդհանուր առմամբ բերվել է մեկ միասնական տրամաբանության, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում է իրականացվում»,-ասաց Ավինյանը:
Նրա ձեւակերպմամբ, ընդդիմադիր գործընկերների ահասարսուռ, ահագնացող խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց բյուջեի վրա էական նշանակություն չեն ունենա կատարված փոփոխությունները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ