Հարկ է պատշաճը հատուցել այն ջանքերին, որ արդեն 6-րդ ամիսն է՝ Հայաստանի լավ ապագայի համար գործադրում է «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդը: Տեսակետները Բագրատ Սրբազանի մասին կարող են տարբեր լինել՝ ծայրահեղ դրականից մինչեւ ծայրահեղ բացասական՝ անգամ կծու վիրավորանքով լի պիտակավորումներ: Բայց փաստը մնում է փաստ՝ նա հայաստանյան նիրհուն քաղաքական դաշտ բերեց ոչ միայն գարնանային շունչ ու թարմություն, այլեւ ինքնավստահություն, հոգեւոր լիցքեր եւ պայքարի ոգի:
«Հայացք» պարբերականը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա աջակիցներին, համայն հայ ժողովրդին սրտանց հաջողություն ու հաղթանակ է մաղթում, եւ մեր բարեկամական խորհուրդները, նկատառումները, գուցեեւ կսմիթները հենց այդ ցանկությամբ են պայմանավորված՝ հույսով, որ այդպես էլ կընկալվի նաեւ «Հայացք»-ի ընթերցողների կողմից:
Ուրեմն՝ ի՞նչ պետք է արվի: Առաջին՝ չնայած բավականաչափ ուշացած, պետք է հաջորդ հանրահավաքում հրապարակել «Սրբազան պայքարը» գլխավորող թիմի ամբողջական կազմը՝ ովքեր են որոշում կայացնողները, ով կազմակերպչական որ ուղղության համար է պատասխանատու եւ այլն: Եթե շարժման միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա նրա առջեւ պետք է լինել բացարձակապես անկեղծ, անկաշկանդ ու թափանցիկ: Երկրորդ՝ ցանկացած իշխանափոխություն ենթադրում է նոր ընտրություն եւ կառավարության նոր կազմ: Մարդկանց պետք է ներկայացվեն ստվերային կառավարության կազմը, նախընտրական հնարավոր ցուցակը եւ, ի վերջո, վարչապետի թեկնածուն:
Սրանք սկզբի համար ամենաանհրաժեշտ քայլերն են, մնացածի մասին կարելի է խոսել հաջորդիվ, երբ այս երկու կետը իրականացված լինի: Նշված քայլերը, ընդհանուր առմամբ, պետք է ընդունել որպես մեթոդաբանություն եւ նոր մշակույթ մեծ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնող ուզածդ գործչի համար: Ի դեպ, հետանկախական շրջանում արցախահայաստանյան միակ հաջողված նախագիծը «Ղարաբաղ» կոմիտեն է եղել, որտեղ հանրորեն հստակեցված էին որոշում կայացնողների շրջանակը, ոլորտների պատասխանատուների անունները, գործունեության ուղղությունները եւ տեղական կառույցների կազմերը:
Կարդացեք նաև
Արդեն ընթացքում պարզորոշվում են նաեւ մյուս հարցերը՝ գործողությունների ծրագիրը, անցումային գործընթացի հայեցակարգը, ճանապարհային քարտեզը եւ այլն: Սա կյանքի հաջող փորձ անցած, աշխատող ռազմավարություն է, «նոր հեծանիվ» պետք չէ հորինել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում