Լրահոս
Օրվա լրահոսը

70 միլիոն դրամ գրավով տնային կալանք՝ Սամվել Բալասանյանի որդուն․ ձերբակալել են նաև Գյումրու փոխքաղաքապետին

Հոկտեմբեր 13,2024 00:30

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ «Զվարթոնց» օդանավակայանից ԱՄՆ մեկնելիս ձերբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալման պատճառը եղել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Խաչատուր Բալասանյանի և նրա մերձավոր ազգականի առնչությամբ քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթը:

Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես դատարանը որոշել է 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նրան տնային կալանքի ենթարկել։

Խաչատուր Բալասանյանից հետո այսօր ձերբակալել  ու ազատ են արձակել նաև Գյումրու նախկին ու ներկայիս փոխքաղաքապետերին՝ Ռուբեն Սանոյանին ու  Սուրեն Ջանոյանին։

Ռուբեն Սանոյանը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը․ նա Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռուբեն Սանոյանին երբևիցե այս գործի շրջանակում հրավիրած չեն եղել հարցաքննության, իսկ այսօր  նրան անակնկալի են բերել՝ ձերբակալելով, սակայն, ելնելով առողջական վիճակից, ազատ են արձակել՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Մեր տեղեկություններով, այսօր ձերբակալել, այնուհետ գրավով ազատ են արձակել նաև Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին։

Թե Սուրեն Ջանոյանն ի՞նչ կապ ունի նա այս գործի հետ, Aravot.am-ը փոքր դրվագ հրապարկել էր նախաձեռնված քրեական վարույթից՝  նշելով, որ  այն առնչվում է Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքներին, որոնք օտարման ենթակա չեն եղել, սակայն օտարվել են 2016 և 2019 թվականներին՝ ձևական առուվաճառքի միջոցով անցնելով Խաչատուր Բալասանյանին։

Ըստ քրեական վարույթի, Սուրեն Ջանոյանը՝ Գյումրու ներկայիս փոխքաղաքապետը, 2016 թվականին մասնակիցն է դարձել  «Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող 1հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը օտարելուն»։

«2016թ. դեկտեմբերի 1-ին Ս. Ջանոյանի և Խ. Բալասանյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով այն փոխանցել է Խ. Բալասանյանին` օտարման գին նշելով 4.900.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք»,-գրված է մեղադրանքում։

Մեր տեղեկություններով, այս քրեական վարույթը բավական հին է, այն կարճված ու վերսկսված գործ է։

Հետաքրքիր է նաև, որ ձերբակալությունները տեղի են ունենում ԱՄՆ բուժման նպատակով գտնվող Սամվել Բալասանյանի ծննդյան 70-ամյակի օրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031