Լրահոս
Օրվա լրահոսը

Ադես, հայրս ու եզդի Բակոն

Հոկտեմբեր 12,2024 16:56

Երբ ադես ձեռքերը խաչում էր կրծքին, հայացքը հառում հեռուները, զգում էի, որ ընկել է հուշերի գիրկը, մտքում խոսում է ինքն իր հետ: Ես լուռ նստում էի կողքին։ Գիտեի՝ կրկին գնացել է դեպի անցյալը։ Եվ չէի սխալվում։

-Բալա՛ ջան, եփ օր թուրքի կոդորաձից փրգվանք, ըստեղ-ընդեղ յոլա էրթըլով էգանք հասանք Արմըտլու գեղը։ Ըդեղ ես հասկըցա, օր թուրքի յաթաղանից փախաձներին չեն սիրե. երևի կմդաձեին, թե իրանց տեղը կնեղցընենք։ Մեզի կըսեին գաղթագան, իրանց կըսեին եռլագան։
Ադես պատմում էր, և ես մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ այդ տարանջատումը, բայց գիտեմ, որ սկզբում նախնիներիս ընտանիքը տեղավորվում է Արմտլու, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվում են Բուղդաշեն/Բագրավան/, քանի որ տեղի սարերը, ցածրիկ թումբը, մոտակա ժայռերի դասավորությունը պապիս հիշեցնում են Արազգեղը։

-Ա՛յ բալա ջան, – շունչը ետ բերելով շարունակեց նա,- էդ օրը ցերեգվա յան իմ բոլուգըմ էրեխանց հեդ էգանք հասանք էս Բուղդաշենը։ Մէ քանիմ ջարդուխուրդ էղած վեշ ունեինք։ Արազգեղից բերած նախշավոր ղուտիգս, կանանչ ճրագս ու պանրիս ուռածփոր կճուճը ամենաթանգ վեշըս էր։ Մեշոկըմ գարու ալուր ունեինք,մէ էրգու հատ տաշտ, էրեխանցս հին շորերը, երգու-իրեք հադ օչխար, մէ պըզդի գառըմ, քանիմ հադ յորղան, դոշագ, բարձ, մեգ էլ կիսուրիս շուդունց կարած մէ սիրուն մինդարըմ։ Իմ կաբուդ ծոփքավոր շալն էլ միշտ մեշկիս էր կաբաձ։ Ինչ ունեինք չունեինք, ըդիգ էր։ Էդ աղքադության մեճը, իմ ու Գիրքորի հարստությունը մեր վենձ ու պզդիկ բալեքն էին։ Գլխիս արձըթե զարդերը, մեջքիս քամարը, օսկե մադնիքս պապը արդեն ծախել էր ճամփեքին։ Էդ տան մեճը մէ անդուռ շիֆաներկեմ կար. սրբեցի, օր էրեխանց շորերը տեղավորեի։

Մէ կիսախանգռած հայլիմ գդա, պապը կախեց էդ նամշած պադից, կերթայի- գուկայի ընձի կաշեի մեջը։ Կըսեի՝ Եղսո՛ , էս ի՞նչ օրն ընգար. քու լիքը տունը մնաց թուրքին, դու հըմի ճգռտիս, օր չեղաձից տուն դնես նորից։ Էդ տան նամշած պադերին սարանդոստիկները քեֆ կենեին, ավազը վիրուց կթափեր։ Մէ ցախավելըմ գդա, տուն ու դուռն ավլեցի,պադերը մաքրդեցի։ Պաբը պեշքը վառեց,օր վրեն քանիմ հադ բոքոն թխեմ։ Բիլամ աղ չկար տունը. ըդման ալնի , կիսաեփ բոքոնի հոդն ընգավ էրեխանցս քիթը,վազելով էգան, ծալապադիգ նստան էդ ալրոդ փեշխունի բոլորը։ Մեգ էլ կաշեմ՝ Սիմոնս չկա։Ելա դուս, տան բոլորը պդդվա, էրեխես չկա։ Ահն ընգավ սիրդս։ Ձեռ ու ոդս թուլցան։ Գիրքորին հավար էրի, խառնվանք իրար։ Ես գեղի մէ յանը տնետուն ման գուկամ, Գիրքորը՝ էն մեգել յանը։ Էդ օրը նոր էգել ենք. հեչ մեգին չենք ճանչընա։ Ընձեն դուս կերթայի,ամեն անցնողի կհարցնեի. «Սիմոնիս չե՞ք տեսե. կլոր երեսներով, խոշոր պսպղան աչքերով, լեն ճագատով, բոյը քիչըմ կառջլիգ, քանիմ տարեգան է, բայց լավ կխոսա, կանանչ շալվըրով է, ախպոր վենձ կոշիգներով»։

Սաղ օդարավարի խեթ- խեթ կաշեին, գլխները կտմբտմբցնեին։ Մինչև գեղի ծերը հասա. քիչըմ էն յան քարքրոդ սարն էր, փեշերին էլ գերեզմըններն էին։ Գերեզմըններն օր տեսա, ջանս սրսռաց, համ էլ արդեն իրգուն էր, սաղ քարերը սև կերևային, ու ըդման փոռ ու փոշման եդ դառա՝ հույս ունենալով, թե Գիրքորը կարող է գդել է էրեխիս։ Մեր տնից թումբը մոդիգ էր. տեսա, օր պաբը գլուխն առել է ձեռների մեճը ու եդ ու առաջ կենե։ Նախըրջի, չոբան սարից իջան, բայց հեչ մեգը լուր չտվավ։ Սավսեմ մութն ընգել էր։ Մինագ մէ պզդիգ լուսնագըմ վիրից կշողար,գիդես թե ուղիղ իմ խանգըռած, լացած աչքերիս մեջը կաշեր։ Մեգ էլ խելըռի պես վազի տուն, ղուտիգս բացի,էդ մորս տված նգարը՝ Մայրամն իրա էրեխու հեդ, դրի սրդիս ու աղերսանք կենեմ, օր իմ էրեխեն գել ու գազանի բաժին չդառնա, էս լուսնագի լույսի տագը բալքիմ մէ տէղըմ ծվարի, հարի մութուլուսին ելնինք ընգնինք գեղի չոլերը։ Էնքան լացա, օխպացի, օր նըֆտս վրես կդրավ, ու ըդման էդ տան պադի տագը աչքս կբել էր։ Մեգ էլ պաբի ձենն ընգավ անգաջս, ըսավ. «Եղսո՛, դու քեզի քիչըմ հավաքե, էս էրեխանցը տե՛ր էղի»։ Ու ինքը գեղացոնց հեդ ելավ սարերը։ Ես ընձի ուժ տվի, ելա։ Էրեխեքս անոթի էին։ Տան եդևի քանդած ղալախից աթար բերի,նորից էդ ծագ պեշկը մէ կերբըմ վառի. ծագերից մուխը դուս կուդա, աչքերիս արցունքները էդ մխի հեդ կխառնվին ,սև աղի կաթիլները կթափին պեշկին ու կտժժան բոցի մեճը։ Էրեխեքս բոքոնը ցամաք կերան, մէ կդորըմ էլ էն յան դրի. ըդիգ Սիմոնիս փայն էր։

Ես ինքս սկսեցի սարսռալ այդ պատմությունից։

-Հետո, Ադե՛ ջան, ո՞վ գտավ պապայիս։

-Բալա՛ ջան , էրթա ու եդ չդառնա էդ օրը։ Ախքըդությունս էլ մոռցա,փախեփախս էլ, մինագ թե իմ էրեխեն սաղ -սալամաթ գա ընգնի իմ գիրգը։ Անդատար դուս ու նես կենեմ, էրեխիս ձենին է անգաջս։ Էդ օրն էլ բարագ անձրև կմաղե,ցեխ ու շլոպա. քելալ չի էղնի։ Ձեռս դրած ճակտիս՝ ինչքան կրնամ հեռուներին կաշեմ։ Աղոթքս աղոթքի վրա կըշարեմ։ Կըսեմ՝ Հիսու՛ս, քու գնացած ճամփեքով ես չոքեչոք գուկամ, անհաց ու անջուր կըմնամ,մինակ թե դու ձեռդ դիր իմ էրեխու գլխին,բեր ընձի հասցրա։ Էդ անձրևի տագը իմ էրեխեքն էլ հեդս կայնե ու գուլան ախպոր հըմար։ Սանասարս ընձեն գողդունց տան երդիկն էր ելե, օր վիրևանց հեռուն լավ տեսնի։ Մեգ էլ ձենն ընգավ անգաջս, մառախուղի մէճը նշմարեցի Գիրքորին,Սիմոնիս ձեռը բռնաձ՝ գիճներ թմբից։ Սաղ տնով վազեցինք դեբի իմ կորաձին գրգելու։ Էրեխեքս թեթև-թեթև վազին հասան ախպորը,իմ ոդների ուժը ցամքավ. ես կայնա, հարի իմ Սիմոնս էգավ, փաթըթվավ վզովս։ Էրեխիս սխմեցի դոշիս ու երգինք կաշեմ, կըսեմ. «Մեղա՛, տե՛ր Աստվաձ,էլ Եղսոն բողոք չի էնե»։

Էգանք տուն, քիչըմ խախընդանք, պոլին քծաձ դոշագների վրա էրեխեքս անուշ -անուշ քուն մդան։ Գիրքորը պադմեց, օր Սիմոնս մոլըրել է գեղի ծերին ու ելել է էդ մոդիկ սարը։ Հեդո գնացե ու գնացե։ Մութն օր ընգել է, ծվարել է մէ խոշոր քարիմ տագը։ Ուրդեղից ուրդեղ չոբան Բակոյի շունը տեսել է իմ անպաշտպան էրեխիս, սաղ գիշերը նստել է կողքը, տիրություն է էրե ու օչխըրի սուրուի հետ չի իջե գեղը։ Առավոտ կանուխ շունը ձեն է տվե տիրոջը, ու ըդման եզդի Բակոն իմ էրեխին տեսել է։ Իմացել է, օր Բուղդաշենցի գաղթագան Գիրքորի տղեն է։ Վա ՛յ, Բակո՛, վադ օր չտեսնիս. իրա հացի բրդուճը տվել է իմ էրեխին։ Ճերմագ իձուն կթել է ու կաթը տաք- տաք խմցրել է Սիմոնիս։ Իրա օչխըրի սուրին թողել է, Սիմոնիս գրգե ու իջել է դեբի Բուղդաշեն։ Էդ սարի դոշին էլ պաբը ելել է դեմերը։ Սիմոնիս պզդի՛կ աղջիկ, քու հերը փրգչի խաչը ծոցն է ծնվե։ Մեռնի՛մ Աստձու զորությանը. միշտ մէ դուռըմ կըբանա։ Ամեն ինչին կըդիմանաս բալա՛ ջան, մինագ ջիգյարի ցավին չես կրնա դիմանաս։ Լուսըդ աչքերիդ միջից կըթափի։ Կյանքը անհասկընալի բան է. ո՞վ գիդե, թե ում ուրդեղ կհանդիպի։ Տարիներ անցան, իմ Սիմոնս բժիշկ դառավ ու քանի անգամ Բակոյի հավարին հասավ։ Թանգ դեղեր առավ, սրսկեց, հիվընդությունից ոդի հանեց։ Իմ էրեխեն Բակոյի ամագի տագը չմնաց։ Բալա՛ ջան, եզդիքը դարեդար մեր կողքն են էղե. իրանք մարդու վադություն էնող չեն։ Սիմոնս կըսե ,օր ըդոնք էլ են աշխըրով մեգ ցրված։

Ադես երկար նայեց ինձ ու լռեց։ Ու մինչ օրս իմ մեջ վերարթնանում է ազգիս ցավը, տարագիր հայի կրկնվող ճակատագիրը, որն այդպես էլ ստվերի նման հետապնդում է նրան՝ որպես անավարտ ոդիսական, հաճախ գլուխը բարձրացնում ժամանակի խորքից , որ ասի` ես կամ, այստեղ եմ, ոչինչ էլ չի փոխվել: Հայի ճակատագիր է։

Նեկտար ՍԻՄՈՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031