«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։ Այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին: Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ:
Կարող եմ ասել, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի, ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք: Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունները, եւ պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել:
Կարդացեք նաև
Ավելին ասեմ՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։ Մենք, ըստ էության, բոլոր երաշխիքները ստեղծում ենք, շարունակելու ենք այս ուղեգիծը, որ մեր հարեւաններից որեւէ մեկը ոչ միայն կասկած չունենա մեր ագրեսիվ մտադրությունների գոյության վերաբերյալ, այլեւ գոյություն ունենան դե յուրե պարտադիր երաշխիքներ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ:
Բաց փաստն այն է, որ Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ… Սա ինքնին անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ» ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ