Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Հոկտեմբեր 12,2024 15:36

Ինձ համար մեծ պատիվ է դիմել ձեզ այսօր այս կարեւոր համաժողովին։ Ես նաեւ տպավորված եմ նախապատրաստական աշխատանքով։ Ուզում եմ շնորհավորել «Կոնրադ Ադենաուէր» հիմնադրամի գործընկերներին։ Դա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարեւոր գործընթաց է։ Այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում -ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Եվ անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդում, որին նաեւ ներկա է գտնվել նախարար Միրզոյանը, ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է  խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ հաստատել, տարածաշրջանում, բացել նաեւ տրանսպորտային ուղիները՝  ազգային ինքնորոշման սկզբունքները պահպանելով եւ ապահովելով նաեւ փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկի» հիմքում», – ասաց Մարագոսը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ներկա է գտնվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց  այդ նախաձեռնությունը. «Մենք ողջունեցինք այն, եւ մենք բոլոր գործընկերների հետ Հայաստանում ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ եւ նաեւ տարածաշրջանում մեր գործընկերների հետ, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»:

Նա նկատեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի է ունենում եւս մեկ գործընթաց. «Հիշում եք, վարչապետի ելույթը Եվրախորհրդարանում մոտ մեկ տարի առաջ։ Եվ նաեւ մենք Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունը տարբեր ուղղություններով։ Եվ դրանից հետո ԵՄ-ն եւ Հայաստանը անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ, որպեսզի դա կյանքի կոչվի։ Եվ ես հպարտությամբ պիտի նշեմ, որ այս համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կա համատեղ քաղաքական հանձնառություն, եւ կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից, ինչպես նաեւ համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն»:

Վասիլիս Մարագոսը շեշտեց, որ Եվրոպական միությունը աջակցել է եւ շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական, բարեփոխումների փոխկապվածությանը, անկախության եւ տարածաշրջանային կապերին. «Եվ խաղաղությունը սրա մի մասն է։ Մենք բանակցում ենք հիմա գործընկերության ծրագրի շուրջ եւ բավականին առաջ ենք անցել․․․ Եվ մենք կբացենք Հայաստան-Եվրոպական Միության հարաբերությունների ողջ պոտենցիալը, որը մենք համաձայնեցրել ենք նաեւ մեր համաձայնագրի՝ SEPA-ի շրջանակներում։ Դա արդարադատությունն է, կառավարումն է, մարդու իրավունքներն են, հիմնական ուղղությունները, որոնցով մենք աշխատում ենք եւ մենք փորձում ենք հզորացնել ոչ միայն հայկական հաստատությունները, այլ փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայունությունը երկարատեւ կտրվածքով»:

Մարագոսը անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ ապրիլի հինգին ներկայացրած « Դիմակայունության եւ աճի» ծրագրին.   «Միայն երկու հարյուր յոթանասուն միլիոն դրամաշնորհի աջակցություն է Հայաստանին գալիք չորս տարվա ընթացքում, եւ մենք հուսով ենք, որ սա կարեւորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու եւ Եվրոպային ավելի մերձեցնելու տեսանկյունից՝ հատկապես ապահովելով կապերը, գործարար զարգացումները, նաեւ տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ տնտեսական կայուն զարգացումը տարածաշրջանի եւ գլոբալ շուկայում։ Եվ սա կարեւոր է, որպեսզի մենք ունենանք ամբողջ տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության տեսլականի իրականացում։ Սա տեսլական է ոչ թե ինչ-որ մեկի դեմ ուղղված տարածաշրջանում, այլ հետեւողական է եւ համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը։ Կուզենայի նաեւ ընդգծել, որ տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում վեց հարյուր միլիոնից ավել ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով եւ վարկերով։ Սա ենթակառուցվածքներն են, մասնավոր ոլորտի զարգացումներ, կանաչ տնտեսության զարգացումն է։ Մենք նաեւ ձեւավորել ենք ներդրումային հարթակ այս իմաստով»:

Մարագոսն ընդգծեց, որ ԵՄ-ն զբաղվում է  նաեւ Ղարաբաղի հայերի ճակատագրով. «Հարյուր միլիոն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում, եւ մեր բյուջետային աջակցության շրջանակներում երեսուն միլիոն էլ որոշվել է ավելացնել կառավարության բյուջեյում, որպեսզի կիսենք ձեզ հետ այն բեռը, որը դրված է կառավարության ուսերին»:

Նա հավելեց, որ «Կա նաեւ հուլիսի քսաներկուսին ընդունված Եվրոպայի նախարարների կոմիտեի ընդունած որոշումը, որով Հայաստանը այն երկիրն է, որը օգտվում է Խաղաղության հիմնադրամի աջակցությունից, որը ոչ մահացու բնույթի է, եւ սա ամրապնդում է ձեր կարողությունը, հատկապես եթե խոսքը գնում է նաեւ խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։ Մենք տաս միլիոնանոց միջոցառում ունենք, որը ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք ստացել ենք կանաչ լույս անդամ պետություններից, եւ սա բարդ գործընթաց է… Եղավ հանդիպում Երեւանում, եւ մենք պիտի աշխատենք նաեւ այն ուղղությամբ, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն։ Տեխնիկական աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։ Սրանք բոլորն էլ դրական ազդեցություն են ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, Հայաստանի դիմակայունության, տնտեսական զարգացման, ինչպես նաեւ պետք է կրկնեմ, նաեւ դրական ազդեցություն է ունենալու տարածքաշրջանին կապերի, ինչպես նաեւ խաղաղության եւ նորմալացման վրա։ Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական արդյունքներ է բերելու մարդկանց միջեւ կապերի զարգացման տեսանկյունից, ինչը նույնպես կարեւոր է կապերի հաստատման իմաստով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031