«Ի՞նչ ենք մենք մտածում անվտանգության մասին: Մի բան կա, որ փորձել ենք ու փորձում ենք փոխել մեր ներսում ու հանրության մեջ, դա անվտանգության ընկալումն է: Փորձում ենք անվտանգություն հասկացությունը ընդարձակել ու ունենալ համապարփակ մոտեցում: Այդ համատեքստում հասկացել ենք, որ անհրաժեշտ է բազմազանեցում, որ բավարարվեն համապարփակ անվտանգության հայեցակարգի պահանջները»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է հաջող ընթանում ՀՀ քաղաքականության դիվերսիֆիկացումը:
Գրիգորյանի խոսքով․ «Ցորենը կարող է մեզ համար ինչ-որ մի պահի ռազմավարական մթերք լինել, բայց մենք կարող ենք անցնել բրնձի ու փոխել մեր հարմարվողականությունը, ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք: Որ գնահատենք կարիքը, պետք է մարդկանց կարիքից ելնենք, ոչ թե մտածենք այն բաների մասին, որոնք ռազմավարական են: Պետք է ավելի ճկուն լինենք, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները»:
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն սկսեց զինամթերքի բազմազանեցումից. «Հնդկաստան, Ֆրանսիա, այլ գործընկերների էլ ենք փնտրում, բացվում աշխարհին ու փնտրում գործընկերներ: Բայց տնտեսության բազմազանեցումն էլ շատ կարեւոր է՝ համոզված լինելով, որ ՀՀ-ն բավարար կրողունակություն ունի ներկայում եւ ապագայում մարտահրավերները հաղթահարելու համար»:
Գրիգորյանն անդրադարձավ նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու ասաց. «Այն կօգնի ՀՀ-ին ոչ միայն հնարավորություններ ունենալ աճի շնորհիվ, այլեւ ենթակառուցվածք ու փոխկախյալություն: Տարածաշրջանում փոխկախյալություն ունենալը շատ կարեւոր գործոն է դա, որ կարող է երաշխավորել խաղաղությունը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ