Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ՀՀ-ն կարող է երաշխավորել անվտանգությունը, եթե անվտանգությունն ապահովում է երրորդ երկիր. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 12,2024 13:15

«Ո՞վ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում կապուղիների անվտանգությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին հղում անելով՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի կողմից փորձ է արվում  ասել,  թե 9-րդ կետով  անվտանգությունը արտապատվիրակված է  ՌԴ-ին: Չեմ հոգնի կրկնել, եւ մեջբերել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝  ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը: Նաեւ Ադրբեջանից  շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության 9-րդ կետը Նախիջեւանի եւ Ադրբեջանի Արեւմտյան շրջանների կապի մասին է, այդպես չէ»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ոչ միայն անվտանգությունը, այլեւ դրա կազմակերպումը. «ՀՀ-ն երաշխավորում է  անվտանգությունն ու կազմակերպումը: Ինչպե՞ս ՀՀ-ն կարող է  երաշխավորել անվտանգությունը, եթե  անվտանգությունն ապահովում է երրորդ երկիր… հիմա կարդամ շարունակությունը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Թե գրածը ինչ է նշանակում, պարզաբանված է ՌԴ նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի հրամանագրի մեջ, որը վերաբերում է  մեր տարածաշրջանին: Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է  վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ կետում չկա, որ ՀՀ ինքնիշխան որեւէ իրավազորություն որեւէ կերպ սահմանափակվելու է, որ ՀՀ մեկ քառակուսի մետր տարածքի վրա որեւէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն: Նման բան չկա ու չի կարող լինել»:

Վարչապետը անդրադարձավ եռակողմ հայտարարության մյուս կետերին ու հարցադրումներ առաջ քաշեց. «Իսկ ո՞ւր է հիմա Լաչինի միջանցքը: Ո՞ւր են հիմա խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն պետք է տեղակայված լինեին ԼՂ-ում: Իսկ որտեղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որտեղ  ասվում է՝ ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի  փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:  Ինչու այդ ամենը տեղի չի ունենում, էլ չեմ ասում իրականացվող ռազմագերիների, պատանդների այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Ադրբեջանը շատ թմբկահարում է անհետ կորածների խնդիրը, բայց  այսօր ՀՀ-ն 1000 անհետ կորած մարդու ցուցակ ունի, որոնց ճակատագիրը պետք է պարզաբանվի, գերեւարված անձինք ունենք 2020 թվականից»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031