Հոկտեմբերի 8-ին լայնորեն տարածվեց ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական զրույցից մի տեսանյութ, որում Լավրովն իր հայաստանցի գործընկերոջ հետ քննարկում էր կվադրոբերներին, բացատրում, թե ովքեր են նրանք։
…Իսկ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ նշելով, որ երեւույթը տարածված է երիտասարդության շրջանում, պնդել է, թե կվադրոբերները իրենց «նոր գենդերի կրող են համարում»:
Ավելի ուշ Լավրովը պարզաբանել է, թե ինչու է այդ թեման քննարկել Միրզոյանի հետ՝ նշելով, որ մինչև կմեկնարկեին ՀՀ և ՌԴ ղեկավարների բանակցությունները, ինքը կվադրոբերների մասնակցությամբ հերթական տեսանյութն էր դիտում և այդ թեման գործընկերների հետ քննարկելու ժամանակ կար։
Կարդացեք նաև
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կվադրոբիկայի և կվադրոբերների մասին բազմաթիվ հրապարակումներ ու ամփոփել ուշագրավ տեղեկությունները․ նախքան դրանք ներկայացնելը, նշենք, որ աշխարհում, կարծես, դեռևս չկա փոխհամաձայնություն այս՝ համեմատաբար նոր երևույթի էության վերաբերյալ: Որոշ խմբեր համարում են, որ այն դեռևս պաշտոնապես չգրանցված մարզաձև է, որոշները՝ ենթամշակույթ, իսկ որոշներն էլ՝ պարզապես երեխաների ու պատանիների շրջանում տարածված թրենդ, խաղ, նախասիրություն։ Բայց ոչ գենդեր, ինչպես նշում է Գուրգեն Արսենյանը:
Այսպես, կվադրոբիկա տերմինը առաջացել է լատիներեն quattuor (չորս) և անգլերեն aerobics (աերոբիկա) տերմիններից․ փաստացի, այն համարվում է պաշտոնապես չգրանցված սպորտաձև, որում մարզիկները՝ կվադրոբերները, տեղաշարժվում, վազում, ցատկում են չորքոտանու դիրքով՝ վերարտադրելով կենդանիների՝ հիմնականում, օրինակ, աղվեսների, շների, գայլերի, կատուների շարժումներ։
Ավելի տպավորիչ դարձնելու համար իրենց կերպարը, կվադրոբերները կրում են նաև տվյալ չորքոտանու արտաքին տեսքը պատկերող դիմակներ, պոչեր և այլ աքսեսուարներ։
2000-ականների վերջում և 2010-ականների սկզբում առաջացած ու որոշակի տարածում ստացած կվադրոբիկան արդեն 2020-ականներին վերաճեց երեխաների ու երիտասարդների շրջանում տարածված խաղի, TikTok-յան թրենդի, ընդհուպ մինչև ենթամշակույթի, որի հետևորդներն իրենց նույնականացնում են կենդանիների հետ՝ որդեգրելով նրանց վարքագիծը։
Այժմ համացանցը ողողված է տեսանյութերով, որոնցում օգտատերերը կենդանիների կերպար ստեղծող դիմակներով և այլ բաղադրիչներով կենդանական վարքագիծ են դրսևորում՝ ցատկում, ուտում, շարժվում են ինչպես չորքոտանիները։
Երեխաները կվադրոբիկան հիմնականում որպես խաղ են ընկալում՝ ստեղծելով կենդանիների կերպարներ, միմյանց կծելով, ցատկելով, միմյանց հետ բռնոցի խաղալով։ Այն լայն տարածվել է ռուսաստանցի երեխաների շրջանում, և հարցն ընդհուպ հայտնվել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության կենտրոնում։
FIP.am-ի ուսումնասիրած բաց աղբյուրներում չի հաստատում նաև Գուրգեն Արսենյանի մեկնաբանությունը, թե կվադրոբերներն իրենց «նոր գենդերի» կրող են համարում։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակ»-ում