Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակին հաջողվել է բացահայտել համակարգչային հափշտակություններից տուժողների անձնային, վարքային առանձնահատկությունները

Հոկտեմբեր 12,2024 13:00

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հերթական (ապրիլ-հունիս) համարը: Ամսագրում կարող եք կարդալ ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ, Հայ-ռուսական համալսարանի 3-րդ կուրսի ասպիրանտ Միլա Հայրապետովայի՝ «Իրավունքի միատեսակ կիրառման եւ մեկնաբանման սկզբունքի օժանդակ ազդեցությունը պատշաճ վարչարարության իրավունքի իրացման հարցում», Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, ի. գ.թ., դոցենտ, Հայ-ռուսական համալսարանի դոկտորանտ Ռաֆիկ Խանդանյանի՝ «Ուղղակի դատական վերահսկողության օբյեկտների ընդլայնման միտումները ՀՀ վարչական դատավարությունում», Իրավագիտության մագիստրոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Մանուկյանի՝ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հայեցողությունն իր լիազորությունները կիրառելիս, ՄԱՍ 2. «Ստորադաս դատարանի դատական ակտերի թերի կամ սխալ պատճառաբանված կամ հիմնավորված լինելու գնահատման առանձնահատկություններն ու չափանիշները», ի.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ Իսրայելյանի «Համակարգչային հափշտակության ընդհանուր զոհաբանական կանխարգելման արդի խնդիրները ՀՀ-ում»… հոդվածները:

«Առավոտի» իրավական էջը ներկայացնում է հատված իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Համակարգչային հափշտակության ընդհանուր զոհաբանական կանխարգելման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հրապարակումից:

Տեղեկատվության եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը եւ լայնորեն կիրառումը, առցանց եղանակով բանկային գործառնությունների կատարման հնարավորությունը հանգեցրել է համակարգչային հափշտակությունների թվի աճի, ինչն անխուսափելիորեն պայմանավորված է զոհաբանական գործոնով:

Կատարված հետազոտության արդյունքում հեղինակին հաջողվել է բացահայտել համակարգչային հափշտակություններից տուժողների անձնային, վարքային առանձնահատկությունները, հանցավորի հետ փոխհարաբերությունների բնույթը:

Հեղինակի կարծիքով՝ համակարգչային հափշտակությունների ընդհանուր զոհաբանական կանխարգելման նպատակով անհրաժեշտ է բնակչության շրջանում անցկացնել համակարգչային հափշտակությունների զոհաբանական հարցերով սեմինարներ, քննարկումներ եւ այլ միջոցառումներ, մասնավորապես՝ իրականացնել համապատասխան բովանդակությամբ մեդիահրապարակումներ, դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում կազմակերպել զոհաբանական դաստիարակության ուղղվածություն ունեցող պարապմունքներ:

«…Համակարգչային հափշտակության մեխանիզմում գլխավոր դերը, որպես կանոն, պատկանում է զոհային գործոնին: Համակարգչային հափշտակության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների՝ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հիշատակված հանցագործությունների կատարումը գերազանցապես պայմանավորում է տուժողի անձնային, վարքային հատկանիշները, իսկ երբեմն նաեւ հանցավորի հետ փոխհարաբերությունների բնույթը:

Տուժողներին բնութագրական անձնային հատկանիշներն են դյուրահավատությունը, անշրջահայացությունը, թեթեւամտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու նվազ կարողությունները:

Նշված անձնային հատկանիշներին համապատասխան՝ կոնկրետ իրադրությունում տուժողները, որպես կանոն, դրսեւորում են դասավորվող իրադրությունը ճիշտ գնահատելու անկարողություն, հայտնվում են մոլորության մեջ, երբեմն էլ անհեռատեսորեն հաստատում են վտանգավոր կապեր:

Ուսումնասիրված դեպքերի մեծամասնության պարագայում հանցավորը եւ տուժողը որեւէ հարաբերությամբ կապված չեն լինում: Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկի 37-ամյա կալանավոր Զ.-ն, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021 թվականի հունիսից մինչեւ 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն: Նա «Viber» եւ «WhatsApp» հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց՝ հայտնելով, թե իբրեւ սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին եւ խնդրել է տրամադրել նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը: Դրանք ստանալուց հետո Զ.-ն հասանելիություն է ստացել այդ քաղաքացիների «Իդրամ» դրամապանակներին եւ, համապատասխան տվյալը մուտքագրելով, նրանց անունից կնքել է վարկային պայմանագրեր:

Մեկ այլ օրինակ. 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Բ.-ն գտնվել է Երեւան քաղաքի փողոցում տեղակայված համակարգչային սրահում, «Adjarabet» կայքի իր՝ հեռախոսահամարով բացված անձնական էջով կատարել է խաղադրույքներ: Այդ ընթացքում անմիջապես նրա կողքին նստած անծանոթ երիտասարդը տեսել է Բ.-ի «Adjarabet» կայքի գաղտնաբառը: Որոշ ժամանակ անց այդ անձը հեռացել է սրահից: Դրանից մոտ 2 րոպե անց, երբ Բ.-ն շարունակել է խաղը, նրա հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ «Adjarabet» կայքում գրանցված իր հաշվի տվյալները փոխվել են: Տուժողը զանգել է «Adjarabet», որտեղից իրեն տեղյակ են պահել, որ «Adjarabet» կայքի անձնական էջում իր հեռախոսահամարը փոխվել է (…) հեռախոսահամարով, եւ նշված հեռախոսահամարն օգտագործող անձն իր էջից կանխիկացրել է 69.000 ՀՀ դրամ գումար:

Երբեմն հանցավորին եւ տուժողին կապում են որոշակի հարաբերություններ: Դրանք կարելի է դասակարգել երկու խմբի.

1) Հանցանքի կատարումից տեւական ժամանակ առաջ ձեւավորված հարաբերություններ:

Առանձին դեպքերում հանցանք կատարող անձն ու տուժողը ծանոթ են լինում միմյանց, նրանց կապում են ընկերական, ազգակցական, հարեւանական, սիրային եւ այլ բնույթի տեւական կապեր: Նման պարագայում հանցավորը չարաշահում է այդ հարաբերությունների ընթացքում ձեւավորված վստահությունը եւ կատարում հանցանք: Օրինակ՝ Ա.-ն ու Բ-ն գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Բ.-ն վստահել է Ա.-ին քարտային հաշվի գաղտնաբառը, որը կատարել է Բ.-ի դրամական միջոցների հափշտակություն եւ անհետացել:

Մեկ այլ օրինակ. պատիժը կրելու ընթացքում գումար հափշտակելու դիտավորությամբ քրեակատարողական հիմնարկից իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսների միջոցով ստանալով համացանցի հասանելիություն՝ Ա.-ն մուտք է գործել համացանցի «Odnoklasniki.ru» կայք, որտեղ, բացելով անվամբ անհատական էջ, ծանոթացել է Մ.-ի հետ, նրա հետ ստեղծել կեղծ մտերմիկ հարաբերություններ: Հետագայում, Մ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Ա.-ն նրանից պահանջել է բանկային քարտի թվային տվյալները, որոնց միջոցով կատարել է Մ.-ի դրամական միջոցների հափշտակություն, ապա սոցիալական կայքի իր անհատական էջի «Ընկերներ» բաժնից ջնջել է Մ.-ին, փոխել անհատական էջի անունը, անջատել հեռախոսահամարը:

2) Հանցանքի կատարումից համեմատաբար կարճ ժամանակ առաջ ծագած հարաբերություններ:

Հաճախ հանցավորը եւ տուժողը միմյանց ծանոթ չեն լինում, նրանց միջեւ հարաբերություն ծագում է հանցանքի կատարումից անմիջապես առաջ՝ հանգամանքների որոշակի դասավորության արդյունքում:

Այսպես, ռուս Կ.-ն սոցիալական կայքի միջոցով ծանոթություն է հաստատում ազգությամբ հայ Տ.-ի հետ, առաջարկում գնալ թատրոն եւ տոմսի համար վճարելու նպատակով նրան համոզում է բանկային քարտի տվյալները լրացնել իր կողմից ուղարկված՝ ֆիշինգային կայքում ստեղծված կեղծ վճարային համակարգի հղմանը: Տ.-ն լրացնում է բանկային քարտի տվյալները, կատարում վճարում, սակայն ստանում է մերժում եւ առաջարկ՝ դիմելու վաճառքը սպասարկող բաժնին: Դիմելով այդ բաժնին՝ տուժողից ճշտում են քարտին առկա ողջ գումարը եւ, իմանալով դա, հափշտակում այն: Նման եղանակով կատարվող հափշտակությունների պարագայում հանցավորները չեն կանխիկացնում գումարը, այլ, որպես կանոն, ձեռք են բերում կրիպտոարժույթ, որի շարժը վերահսկելի չէ»:

«Դատական իշխանություն» (ապրիլ-հունիս)

«Առավոտ» օրաթերթ
11.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031