Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդի բույրը

Հոկտեմբեր 12,2024 12:30

Սիրում էի, երբ դպրոցից տուն էի գալիս, ու մայրս տանն էր։ Բայց դա կարող էր լինել երկու դեպքում. երբ նա արձակուրդի մեջ էր, կամ՝ հիվանդ։

11 տարեկան էի։ Ցուրտ օր էր։ Դպրոցից տուն եկա, մայրիկը տանն էր։ Սկզբում ուրախացա, բայց, երբ տեսա, որ մեր տանն էին նաեւ հարեւան կանայք, վախեցա։ Հյուրասենյակ մտա, մայրիկը տխուր էր ու լուռ։ Սեղանին մի ուղղանկյունաձեւ թուղ կար։ Մոտեցա, հեռագիր էր գյուղից՝ «Папа умер, приезжай»…

Պապիկս էր՝ իմ կյանքում եղած միակ բարի տղամարդը, իմ Սեդրակ պապը։

Ամռան երեք ամիսները վայելում էի պապիս շրխկան ձայնը, ժպիտը, հոգատարությունը։ Իրենից միշտ հանդի հոտ էր գալիս։ Առավոտյան հանդի շորերը հագնում էր, գլխարկը դնում գլխին, ավանակին առաջն անում գնում ցախի։ Որ օրն էլ ցախի չէր գնում, բոստանն էր գնում, որին մենք «Հեռու բոստան» էինք ասում։ Երբ տուն էր գալիս, թոռներով վազում էինք գիրկը թռնում։ Հետո, մեկը օգնում էր, որ պիջակը հանի, մյուսը սառը ջրով ամանն էր մոտեցնում, որ պապը խմի, սիրտը հովանա, էն մյուսն էլ ավանակի պարանը բռնում կանգնում էր, մինչեւ պապը կգար կկապեր։

Կարդացեք նաև
Սպիտակ ալյուր
Տատիս բաժակը

Հանդից գալուց պապս երբեք դատարկ ձեռքով չէր գալիս։ Մոշ էր բերում, մորի ու վայրի պնդուկ։ Մենք էլ հավասար բաժանում էինք իրար մեջ ու ափսոսալով ուտում։

Մինչեւ պապս տուն չէր գալիս, մենք իրիկնահացի չէինք նստում։ Նա դանդաղ գալիս նստում էր սեղանի գլխին, հետո մենք, հերթով, ուրախ-ուրախ նստում էինք։

Մի լավ հանգստանալուց հետո, պապս կոկիկ հագնվում, նոր գլխարկը դնում, գյուղամեջ էր գնում։ Մենք իր հետ մինչեւ դարպաս գնում էինք, հետեւից էլ երկար նայում ու նոր տուն գնում։

Ծղրիդների ճռճռոցը որ սկսվում էր, մենք արդեն սպասում էինք պապիս։ Նստում էինք մոտը, խնդրում, որ պատմի Հայրենական պատերազմի ժամանակ իր տեսածի ու չտեսածի մասին։ Նա ոտքով Բեռլին հասնողներից էր։ Պատմում էր, ընթացքում երկար լռում՝ հուզմունքն էր հետ քաշում, նորից շարունակում։

Իմ Սեդրակ պապը վեց զավակ է մեծացրել։

Մի օր էլ նա վերջին անգամ պառկեց ու քնեց։ Քնեց ու չտեսավ մեր դատարկված գյուղը։ Էն հանդի պիջակը, ավանակի պարանը, գլխարկն ու ոտնամանները պապիս բույրը պահել էին, դեռ շատ՛ երկար։

Էն հանդի բույրը……

ԱՍԹԻՆԵ ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
11.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031