Լրահոս
Օրվա լրահոսը

Լեո Ավա դը Շիրակը՝ ժամանակակից արվեստի, վայրկյանի մեջ գեղեցիկը փնտրելու մասին

Հոկտեմբեր 12,2024 12:00

Կամ Շիրակի արմատներով՝ աշխարհաքաղաքացին

Վերջերս Արվեստի դեսպանատանը կայացավ ֆրանսաբնակ նկարիչ Լեո Ավա դը Շիրակի «Հրեշտակն անցավ» (UN ANGE PASSE) խորագրով ցուցահանդեսը: Ըստ հեղինակի, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հոգով թափառել ժամանակի անդորրի եւ հիշողությունների ստվերների միջով, որտեղ ամեն  մի գիծ ու գույն կիսաբաց դուռ է դեպի անմահություն:

«Մենք շատ անգամ ժամանակն անտեղի վատնում ենք, իսկ այս ցուցահանդեսը ամեն պահի, վայրկյանի մեջ գեղեցիկը փնտրելու եւ ապրելու ուղերձն է, որ կարող է  կորցնենք ժամանակը ու հետագայում շատ զղջանք»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց նկարիչը:

Հավելեց, որ երեւանյան ցուցահանդեսի վերաբերյալ  արձագանքներից գոհ է, ցուցահանդեսը շարունակական է լինելու Եվրոպայում, որովհետեւ ներկայացված շարքի նկարների մեծ մասը գտնվում է Ֆրանսիայում:

Լեո Ավա դը Շիրակին խնդրեցինք խոսել իր՝  նկարիչ լինելու եւ խոհարարական հմտությունների կապի մասին: «Իմ համոզմամբ, արվեստի մարդը, եթե անգամ հող մշակի, ծառ տնկի, տուն կառուցի, դա կանի արտիստիկ հմտություններով… Արվեստի մարդիկ ավելի նրբանկատ են, գեղեցիկը սիրող: Ուսումնառության շրջանում ես եւ Մոսկվայում, եւ Հայաստանում ռեստորաններում եմ աշխատել, որպեսզի ինքնուրույն լինեմ եւ վճարեմ ուսմանս վարձը, դրա համար տարիների ընթացքում ձեռք եմ բերել  խոհարարական հմտություններ: Երեք տարի է, ինչ դադարեցրել եմ ռեստորանային աշխատանքները ու անում եմ ուտեստների պերֆորմանսներ, որոնք թեմատիկ-մշակութային երեկոներ են որեւէ հայտնի մարդու կյանքի վերաբերյալ, որտեղ գրառումներ կան նրա խոսքերից, օրինակ՝ Էլլա Ֆիցջերալդի գրառումներով երեկոներ… Ինչ են կերել, ինչ երաժշտություն են լսել… Կամ, օրինակ, Պրուստի, Բոդլերի սիրահարների համար նման երեկոների ժամանակ եւ թեմատիկ ճաշատեսակներն են լինում, եւ պոեզիա, եւ ինտերիերն է  համապատասխան լինում ժամանակին ու տվյալ մարդուն բնորոշ ատրիբուտներով: Նաեւ Կոմիտասին նվիրված երեկո եմ ունեցել: Մարդիկ գալիս են պերֆորմանսային համեղ ուտելիք վայելելու, բայց նաեւ համապատասխան միջավայրում են գտնվում, կարծես տեղափոխվում են ինչ-որ ֆիլմի մեջ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իր՝ Լեո Ավա դը Շիրակ ստորագրությանը, ասաց, որ իր ծննդավայրն ընտրել են ծնողները, բայց քանի որ Ֆրանսիայում է ապրում, փորձել է այնպիսի ստորագրություն ընտրել, որ հեշտ արտաբերելի լինի, միեւնույն ժամանակ շեշտել է ծննդավայրը, որովհետեւ չի ցանկանում հեռանալ արմատներից: Լեո Ավա դը Շիրակը նաեւ ասում է, որ ինքն իրեն համարում է աշխարհի քաղաքացի, սակայն Ֆրանսիան իր ընտրությունն է, այն տվել է մեծ նկարիչներ, նաեւ հնարավորություն տվել, որ այլազգի նկարիչները կարողանան աշխարհին իրենց խոսքն ասել այդ երկրում:

Մեր զրույցի ժամանակ,  ի թիվս այլնի, անդրադարձ եղավ  օգոստոսին կայացած Gyumri Art Week  ժամանակակից արվեստի փառատոնին, որի առիթով Լեո Ավա դը Շիրակը ժամանել էր Հայաստան: Մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն, ի դեպ,  այս փառատոնի մասին խոսելիս նշում է, որ այն ստեղծվել է ոչ միայն բանականությամբ ու սրտով, այլեւ մաքուր ձեռքերով: Լինելով արվեստների եւ աշխարհին վառ արվեստագետներ տված քաղաք՝ Գյումրին, սակայն, չունի ժամանակակից արվեստի թանգարան:


Լեո Ավա դը Շիրակի եւ Gyumri Art Week-ի հիմնադիր նրա ընկերների կարծիքով՝ Ռուսթավելի փողոցում գտնվող նախկին հրշեջ ծառայության լքված շենքը կարող է լինել Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի համար կատարյալ տարածք, այդպիսով տարածքը եւ նոր շունչ կստանա, եւ այնտեղից կարող են իրենց խոսքն ասել արվեստագետները: «Արվեստի շարժումները միշտ եղել են պատերազմներից հետո, օրինակ, դադաիստական, սյուրռեալիստական շարժումները Երկրորդ համաշխարհայինից հետո են եղել, աբստրակտը եւ մյուսները: Հիմա ամբողջ  աշխարհը, տարածաշրջանը պատերազմի մեջ է, իսկ Gyumri Art Week -ը  հրաշալի հարթակ է խոսք ասելու, որտեղ արվեստագետները, իմ  ընկերներ Արման Թադեւոսյանը, Ալեքսեյ Մանուկյանը, Վազօն եւ Սարգիս Հովհաննիսյանն ասում են իրենց խոսքը խաղաղության մասին եւ պատերազմի դեմ»,-ասաց Լեո Ավա դը Շիրակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է  Լեո Ավա դը Շիրակը

«Առավոտ» օրաթերթ
11.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031