«Ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների սրման այս հերթական շրջափուլում մանդատների վայր դնելու հարցը ճիշտ է». «Առավոտի» զրուցակիցն է ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:
– Երեք ամսից Մեղրիի հսկիչ-սահմանային կետում ռուսներին կփոխարինեն հայ սահմանապահները։ Իսկ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը ռուս սահմանապահները կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերի հետ միասին։ Այս պայմանավորվածությունը ձեռք բերվեց Մոսկվայում՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում։ Ինչի՞ մասին է սա։ Իշխանության ներկայացուցիչներն, օրինակ, սա ներկայացնում են՝ իբրեւ ՀՀ ինքնիշխանության վերականգնում, հիշեցնելով նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը։
– Մեղրիի հսկիչ սահմանային կետում ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելը ներկա ահագնացող արտաքին եւ ներքին քաղաքական ճգնաժամի պայմաններում հերթական պատրանքն է, թղթե շերեփը՝ նախատեսված զանգվածների ուղեղների լվացման համար։ Տեսեք-տեսեք՝ վերականգնում ենք պետության ինքնիշխանությունը։ «Զվարթնոցից» էլ հեռացրին ռուս սահմանապահներին, իսկ ո՛վ կարող է ասել, որ մինչ այդ, երբ նրանք էին միջպետական համաձայնությամբ հսկում օդանավակայանը, մենք առավել վտանգավոր իրավիճակում էինք, արդ՝ անվտանգ։ Ի՞նչ է՝ Ադրբեջանը դո՞ւրս է եկել ՀՀ բռնազավթված տարածքներից, Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհը վերադարձրե՞լ են, սահմանազատում-սահմանագծում գործընթացը տեղափոխվե՞լ է տրամբանական հուն, Ալիեւն էլ չի պահանջո՞ւմ կեղծ «անկլավները» հանձնել, հրաժարվե՞լ է Հայաստանը ադրբեջանական հորդաներով (իմա՝ հիմնականում հատուկ պատրաստության անցած ահաբեկիչներով) վերաբնակեցնելու սպառնալիքներից, բացե՞լ է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհները, ապահովե՞լ արցախահայության անվտանգ եւ օրինական վերադարձը, հայ գերիներին ու պատանդառված ռազմաքաղաքական գործիչներին ազա՞տ են արձակել, այլեւս «ներողություն» չի՞ պահանջում մեզնից, որ հանդգնել ենք պաշտպանել մեր հողը եւ մեր հայրենակիցների անվտանգ ապրելու իրավունքը, չի՞ պարտադրում դատել արցախյան ազատամարտի մասնակիցներին, փոխել սահմանադրությունը, հրաժարվել անկախության հանրաքվեից, չզինվել։ Բնականաբար, ո՛չ, ուստի ավելի ճիշտ կլիներ, որ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը նախ՝ հիմնավորեր, որ ՀՀ սահմանապահ զորքերի համար կարողացել է ապահովել արդիական հանդերձավորում, դիտարկման սարքեր, անվտանգ զորանոցներ, ոչ թե Ազատ գյուղի ողբերգության պատճառ հանդիսացող մարդկային կեցության համար բացարձակ անպիտան, կյանքին ուղղակի վտանգ հանդիսացող կիսակառույցներ. ինքնիշխանության իրական վերականգնումը դա է, ոչ թե զորքերի փոխատեղման թուղթը։
– «Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա»,- ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ հավելել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»: Միաժամանակ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ։ Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջեւանի հետ կապվելու ԻԻՀ ընձեռած հնարավորություններից։ …Մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներումե։ Թվում է, թե Հայաստանը սրտաբաց է՝ իր հնարավորություններն այլոց զիջելու հարցում, բայց, պարզվում է՝ վեճ կա. ինչի՞ մասին է այդ վեճը։
Կարդացեք նաև
– Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող թույլ տալ որեւէ միջանցքի գոյություն իր տարածքում, ինչ բացատրությամբ էլ դա փաթեթավորեն, որեւէ «սրտաբացության» մասին վկայող գործողությունը պետական դավաճանության հոդվածին ուղղակի ենթակա քայլ է։ Մենք չենք կարող Հայաստանը դարձնել անկլավ պետություն թյուրքական աշխարհում, երբ առջեւում «արեւմտյան ազերբայջանի» բանդագուշանք – սպառնալիքներն են։
– Ի դեպ, տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասով, խոսքը հենց «Զանգեզուրի միջանցք» կոչվածին է վերաբերվում ու փոխվարչապետների՝ մեկ տարի առաջ ստորագրած փաստաթղթից հենց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էր օրերս գաղտնազերծումներ արել։
– Արամ Գ. Սարգսյանի գաղտնազերծումները հիմնավորում է վերոնշյալ պնդումը, որ թյուրքական ազգային ուխտի հիմքում ընկած «Զանգեզուր» կոչված միջանցքը Հայաստանի պետականության դեմ ուղղակի սպառնալիք է։ Նիկոլ Փաշինյանը, խախտելով իշխանության գալու իր հիմնական խոստումները, որոնցից առաջնայինը՝ բաց, հրապարակային քաղաքականություն վարելն էր, իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, այսօր ամեն ինչ պահում է փակ գզրոցներում, ժողովուրդ ասելով էլ՝ նկատի ունի միմիայն իր կողմնակիցների օրեցօր նվազող շրջանակը, որի պատճառով հայտնվել է ստվերային պայմանավորվածությունների դաշտում։ Իրադրային, պահի սպառնալիքով թելադրված խոստումներ է տվել, այժմ փորձում է հետ կանգնել, բարդագույն իրավիճակը ոչ ինքն է ընդունակ եղել համարժեք գնահատելու, ոչ էլ ունակ խորհրդականներ ունի իր կողքին, ուստի օղակը սեղմվում է։
– Հաջորդը ՀՀ-Ադրբեջան խաղաղության կոչված պայմանագիրն է, որը 80 տոկոսով է համաձայնեցված ու հայ հանրությանը հիմնականում անհայտ է, անգամ ընդդիմադիր պատգամավորներին Փաշինյանն արգելել է փաստաթղթին հասանելիությունը, բայց Մոսկվայում նա հայտարարեց, որ հենց այս ամիս է պատրաստ այն ստորագրել։
-Գիտեք, մենք դարձյալ խոսում ենք անգո, հորինված պնդումների մասին։ Ի՞նչ 80 տոկոսի մասին է խոսքը, բացի Փաշինյանից եւ իրեն երկրորդող շրջապատից. որեւէ մեկը խոսե՞լ է, հաստատե՞լ է այդ ուղեղային մորմոք դարձած «խաղաղության» պայմանագրի 80 տոկոսի մասին, որեւէ ադրբեջանցի իրազեկ ատյան համաձայնե՞լ է դույն պնդման հետ, ո՛չ։ Փոխարենն, այո՛, Փաշինյանը հանձն է առել, որ ինքն է անձամբ արգելում իրեն ենթակա անձանցից բացի, որեւէ մեկին տվյալ փաստաթղթին ծանոթանալ՝ իբրեւ «հեքիաթներ» չպատմելու համար, բայց մենք առերեւույթ հիմնավոր կասկած ունենք, որ հեքիաթներ ինքն է պատմում, իր իշխանությունը փրկող, երկարաձգող հեքիաթներ։ Եվ բնականաբար, նա ամեն հարթակում ամեն պահի հայտարարելու է, թե հենց այս պահին էլ կստորագրի անգո պայմանագիրը, հույս ունի ներքին եւ արտաքին լսարաններին համոզել, թե ինքն աշխատում է, խաղաղասեր է, սրտաբաց է, եթե արդյունք չկա, ոչի՛նչ, կարեւորը խոսք կա, կամ ինչպես ինքն է սիրում իրեն համոզել՝ ապագա կա՛, «պոզիտիվ» խոսույթ…
– Մանդատները վայր դնե՞լ, թե՝ ոչ. հարցը կրկին օրակարգային է, ո՞րն է ճիշտը։
– Համոզված եմ՝ պաշտոնական ընդդիմության, հատկապես հարաբերական մեծաթիվ «Հայաստան» խմբակցության անդամները, նրանց հարող լրատվամիջոցները, վերլուծաբան- տեխնոլոգները կբերեն անընդհատ կրկնվող իրենց բացատրությունները, թե որքան մանդատների՝ ոչինչ չորոշող քանակը կարեւոր է, իրենք զսպիչ գործոն են, իբրեւ Փաշինյանն իրենց ճնշմամբ շատ բաներ չի անում, կաշկանդվում է, ընդդիմադիր պատգամավորներով այցելում են բերման ենթարկվածներին, իրենք հեռանան, կգան փաշինյանամետ ուժեր, անձինք նոր մանդատներով եւ նման այլ սոսկական ենթադրություններ։ Իսկ ես համոզված եմ, որ ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների սրման այս հերթական շրջափուլում մանդատների վայր դնելու հարցը ճիշտ է, այն լրացուցիչ ուժ կհաղորդի այս վարչախմբի վարած քաղաքական ուղեգծին դեմ, դրանից դժգոհ հասարակությանը, կհամախմբի նրանց միասնական պայքարի հարթակի շուրջ, կհարթի նախկինների դեմ զայրույթի տրամադրություններն ու կասկածները։ Այո՛, որքան էլ կարեւոր ելույթներ ունենան ներկայիս պատգամավորներն այս ԱԺ-ում կամ միջազգային հարթակներում, դրանց օգգ-ն հույժ ցածր է, ԱԺ-ից դուրս դրանք առավել ազդու եւ արդյունավետ կլինեն, հրապարակը կարիք ունի կտրուկ եւ վճռական քայլերի ունակ գործիչների, ուժերի։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2024