Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին 2 նոր մեքենա է գնել ընդհանուր շուրջ 67 մլն դրամ (174 հազար ԱՄՆ դոլար) արժեքով։ Այս երկու մեքենաներն էլեկտրական են, և դրանցից մեկը սպասարկելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորագույն մեքենաները գնելու համար ներկայացված տեխնիկական բնութագրերը, իրականացված գնման ամբողջ գործընթացը, ուսումնասիրել պայմանագրերը և պարզել, որ քաղաքապետարանի կազմակերպած գնման մրցույթներն ըստ էության ձևական են, իսկ ձեռք բերված մեքենաների տեխնիկական բնութագրերը կազմվել են կոնկրետ այդ մեքենաների համար։
«Փաստերի ստուգման հարթակը»/Fip.am գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել էլեկտրական նորագույն մեքենա գնելու։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից պատասխանել էին, որ «Mercedes EQE 500» մակնիշի էլեկտրամեքենան սպասարկելու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու բացատրել էին՝ ինչու․ «Տիգրան Ավինյանը ինչպես քաղաքապետի տեղակալ լինելու ընթացքում, այնպես էլ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո ծառայողական մեքենա չի ունեցել, վարել է և մինչ օրս անձամբ վարում է իր սեփական մեքենան»:
Մեքենայի գնման համար ներկայացված տեխնիկական բնութագրում նշված չափորոշիչների վերաբերյալ մի քանի հարց էինք տվել, մասնավորապես՝ քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ ո՞վ է կազմել մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա, արդյո՞ք մեքենաների շուկայի ուսումնասիրություն կատարվել է և արդյո՞ք հայտնի է՝ կա՞ն նույն տեխնիկական բնութագրով այլ մակնիշի մեքենաներ, ու խնդրել էինք բացատրել տեխնիկական բնութագրում նշված յուրաքանչյուր պարամետրը՝ ինչո՞ւ են ընտրվել հենց դրանք։
Կարդացեք նաև
Քաղաքապետարանից պատասխանել էին ընդհանուր, առանց մանրամասների՝ տեղեկացնելով, որ մեքենայի տեխնիկական բնութագիրը կազմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչությունը:
«Չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետի աշխատանքային գործունեության, և ըստ այդմ՝ տեղաշարժվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։ Այսինքն, չի ընտրվել կոնկրետ մեքենա, որի հետ կապված մշակվի տեխ. բնութագիր, այլ մշակվել է մեր չափորոշիչներին և պատկերացումներին համապատասխան տեխնիկական բնութագիր, որը գնումների օրենսդրության համաձայն՝ ներկայացվել է էլեկտրոնային թափանցիկ աճուրդի, այնուհետ հաղթող ճանաչված ընկերությունը ներկայացրել է Mercedes EQE 500 մակնիշի էլեկտրամեքենայի առաջարկ, որը համապատասխանել է տեխնիկական բնութագրով ներկայացված նվազագույն պահանջներին»,- ուղարկված գրավոր պատասխանում հավելել էին Երևանի քաղաքապետարանից:
Հասմիկ Համբարձումյան
Սևադա Ղազարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում