Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյան դաշինքում» խառն են․ ի՞նչ են խոսում Գյումրիում նախկին քաղաքապետի որդու ձերբակալման շուրջ

Հոկտեմբեր 11,2024 21:21

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ժամը 05։00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, որը մեկնում էր ԱՄՆ՝ այնտեղ բուժման նպատակով գտնվող հոր ծննդյան 70-ամյակը նշելու։ Սա անակնկալի էր բերել Խաչատուր Բալասանյանին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նա ձերբակալվել է քննիչի որոշմամբ,  Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող այդ անձին, ինչպես նաեւ նրա մերձավոր հարազատին վերաբերող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։

Մեր տեղեկություններով,  քրեական վարույթն առնչվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելուն։ Այն, ըստ քրեական վարույթի, օտարման ենթակա չի եղել․ «հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամաս» է, սակայն, ըստ քրեական վարույթի, 2016 և  2019 թվականներին ձևական առուվաճառք են իրականացրել ու  փոխանցել են Խաչատուր Բալասանյանին։ Նա կադաստրով դարձել է սեփականատեր։

Ինչևէ,  քրեական այս վարույթը նորություն չէ գյումրեցիների համար, քանի որ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի առաջարկը, այն է՝ դիմել վարչական դատարան Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ ավագանու 24 որոշում անվավեր ճանաչելու պահանջով, Գյումրու ավագանին, այդ թվում «Բալասանյան դաշինքը»  ընդունել էր ու դիմել վարչական դատարան։

Չնայած առկա քրեական վարույթին, Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ նախին քաղաքապետի որդուն ձերբակալելով՝ կենտրոնական իշխանություններն այս միջոցով փորձում են  Գյումրու համայնքային իշխանությունը վերցնել Բալասանյանների ձեռքից կամ էլ արդեն ազդարարում են ՏԻՄ ընտրությունների մեկնարկի մասին, որին բնականաբար մասնակցելու է նաև ՔՊ-ն։

Այսօր նշանակված էր Գյումրու ավագանու հերթական նիստ, սակայն այն չկայացավ քվորում չապահովվելու պատճառով։  Թե՛ «Բալասանյան դաշինքի» և թե՛ ՀՀԿ խմբակցության անդամները չէին ներկայացել։ Չէին եկել  նաև քաղաքապետն ու փոխքաղաքապետերը։

Եվ եթե «Բալասանյան դաշինքի» դեպքում սա ինչ-որ տեղ հասկանալի էր․ վերջին հաշվով Խաչատուր Բալասանյանի ձերբակալումն անակնկալ էր նաև նրանց համար․ գուցե շփոթված են, խառնված իրար․  ՀՀԿ-ի դեպքում՝ Aravot.am-ը հարկ համարեց պարզաբանում ստանալ։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը պարզաբանեց, որ ՀՀԿ ավագանու երկու անդամների չներկայանալը ունի անձնական հարգելի պատճառ, և բնավ կապ չունի «Բալասանյան դաշինքի» անդամների ներկայանալ-չներկայանալու հետ։

Ըստ Նարեկ Միրզոյանի, եթե անգամ նրանք ներկա գտնվեին, իրենք միևնույնն է՝ չէին կարողանալու գալ նիստին։

Խաչատուր Բալասանյանի ձերբակալումն էլ Նարեկ Միրզոյանը համարեց սպասելի։

«Այս պահին մենք զերծ կմնանք գնահատականներ հնչեցնելուց, քանի որ այս մասին տեղեկացել ենք մամուլից, պաշտոնական պարզաբանում անգամ չի հրապարակվել, երբ կլսենք երկու կողմերին էլ, այն ժամանակ կմեկնաբանենք։

Բայց պիտի ասեմ, որ արտառոց ոչինչ չեմ տեսնում, դատելով իշխանությունների քայլերից՝ սա սպասելի էր։

Ձեր նման ես էլ գյումրեցիներից կարծիքներ եմ լսում, որ այս միջոցով փորձում են իշխանափոխություն անել Գյումրիում, բայց չեմ ուզում կանխատեսումներ անել, ժամանակը ցույց կտա, դրանք ընդամենը խոսակցությունների մակարդակում են։

Պարզապես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք․ ժամանակին, երբ Շիրակի դատախազը գրություն էր ուղարկել ավագանու խմբակցություններին՝ դիմելու վարչական դատարան՝ համայնքապետերի 24 որոշում անվավեր ճանաչելու պահանջով, որոնց թվում կային նաև «Սև Բերդ» ամրոցի հարակից հողատարածքները, ՀՀԿ-ն չմասնակցեց այդ նիստին, ու դա ժողովրդի մոտ ընկալվեց այնպես, թե մենք չենք ուզում քաղաքային գույքը վերադարձվի համայնքին։

Բանն այն է, որ ՀՀԿ-ն իրավական առումով հիմնավորել էր իր դիրքորոշումը թե՛ դատախազին ուղղված պատասխան գրության մեջ և թե՛ մամուլով։ Մենք գտնում էինք, որ դա դատախազության լիազորությունն է, և փաստորեն ճիշտ դուրս եկանք։ Ստացվեց հետևյալը․ դատախազությունն անկախ նրանից՝ ավագանին վարչական դատարան կդիմեր, թե չէ, այս պահին իրականացրեց իր լիազորությունը

Նորից եմ կրկնում՝ եթե անգամ ավագանին դատարան չդիմեր, մեկ է դատախազությունն իր գործառույթներն իրականացնելու էր։ Հիմա ինչ ստացվեց, որ ավելորդ շոուներ սարքվեցին ավագանու ներսում։ Մենք չենք մասնակցել այդ շոուին, մերժել ենք դատախազին՝ հիմնավորելով, որ դա իրենց գործառույթն է»,- ասաց Նարեկ Միրզոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031