Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է հավանական Իսրայել-Իրան ռազմական էսկալացիան․ փորձագետների դիտարկումները

Հոկտեմբեր 11,2024 19:33

Այսօր «Genesis Armenia»-ի գրասենյակում «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հիմնադիր, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի, նույն կենտրոնի փորձագետ, թուրքագետ Գևորգ Գալտակյանի, արաբագետ Արմեն Պետրոսյանի և քաղաքագետ Գայանե Անանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, Պաղեստին, Լիբանան, Իրան» խորագրով քննարկում։ Բանախոսներն անդրադարձան Իսրայել-Լիբանան ռազմական իրադրությունը, Մեծ Մերձավոր Արևելքի կոնֆլիկտային քարտեզի փոփոխությունը. Իսրայել-Իրան ռազմական էսկալացիայի հավանակնությանը, ինչպես նաև Թուրքիայի դերակատարման տրանսֆորմացիային։

Թե ի՞նչ իրավիճակ է Իսրայել-Լիբանան ռազմաճակատում, այս հարցին Աբրահամ Գասպարյանը պատասխանեց․

«Իսրայելը պատերազմ չի հայտարարել, որովհետև ինքը պատերազմական դրության մեջ է ստեղծման իսկ օրվանից՝ 48 թվականից։ Լիբանանի հետ կապված Իսրայելի պարբերական ռազմական միջամտությունները կամ ներխուժումները, ինչպես ուզում եք անվանեք, պայմանավորված են դեռ 78 թվականին Լիբանանի հարավային հատվածներ ներխուժմամբ, որին հաջորդեց ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ ուժերի տեղադրումը՝ զորակազմը, որը մինչև օրս կապույտ գծի երկայնքով հերթապահում է։

Լիբանան-Իսրայել միջպետական սահման որպես այդպիսի գոյություն չունի, պետությունները չունեն դիվանագիտական հարաբերություններ, թշնամական պայմաններում են գտնվում նրանց հարաբերությունները։ Դա լրացուցիչ գործոն է Իսրայելի համար կատարելու պարբերական ինտերվենցիաներ թե՛ ցամաքային, թե՛ օդային հարձակումների մակարդակներում։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լիբանանում, շարունակությունն է Իսրայելի երկարատև քաղաքականության, որ ինքը պարբերաբար Լիբանանի, ինչու ոչ նաև Սիրիայի օդային տարածքները կործանիչներով խախտում է, այդ պետությունների ինքնիշխանությունը։

Եվ թիրախային հարվածներ է հասցնում իրենց բնութագրմամբ՝ բոլոր դեստրուկտիվ տարրերին, որոնք սպառնում են Իսրայելի անվտանգությանը։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է շիական խմբավորումներին, «Ամալ» և «Հեզբոլա» շարժումների ռազմական թևերին, որովհետև համարում են, որ Իսրայելի հյուսիսային սահմանները, այսինքն Լիբանանի հարավային հատվածներն են կենտրոնացված գոյաբանական թշնամիները, մասնավորապես իսլամական խմբավորումները, որոնք սպառնում են Իսրայելի հյուսիսում ապրող վերաբնակեցվածների անվտանգությանը։

Այդ գոյաբանական թշնամանքի հետ կապված մի բան եմ ուզում ասել, իրապես սա միջազգային հարաբերությունների լեքսիկոնում վերջին 40 տարվա ընթացքում մտած եզրույթ է, գոյաբանական նշանակում է՝ կամ ես պիտի լինեմ, կամ դու պիտի լինես։

Դա եղել է բնիկ հնդկացիների նկատմամբ ամերիկացիների հետագայում ստեղծած պետությունը և այդ պետության հիմքը հենց այդ գոյաբանական գործոնի վերացումն էր։ Եվ երկրորդը՝ Օսմանյան կայսրության փլատակները պահելու, պահպանելու համար հայերի գոյությունը որպես խոչընդոտ դիտարկելը։

Հիմա Իսրայելը և Լիբանանը միմյանց հռչակել են որպես գոյաբանական թշնամիներ, բայց հարցի մյուս կողմը զուտ պատմաքաղաքական կոնտեքստում եթե փորձենք դիտարկել, սա շատ ավելի վերաբերում է շահերի հակադրության դաշտին, թե իրապես միմյանց ոչնչացնելու խնդիր է դրված։

Որպես պետական միավորներ՝ միմյանց կարողությունները թուլացնելը, միմյանց կարողականությունը ոչնչացնելը մեկ բան է, բայց դուրս գալ միջազգային ասպարեզ ու ասել, որ մենք իսկապես գոյաբանական խնդիր ունենք և ուզում ենք այդ պետությանը իր ժողովրդով, ամեն ինչով վերացնել, դա երկրորդ հարցն է»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Մերձավոր Արևելքի կոնֆլիկտային քարտեզն, ասաց․ «Իսրայելի հռետորաբանությունն այնպիսին է, որ իր պատերազմը Լիբանանի դեմ չէ, այլ «Հեզբոլլահի» դեմ է, այստեղ կան բովանդակային առումով տարբերություններ, և նպատակային կերպով է այդ շեշտադրումը իրականացնում «Հեզբոլլահին» Լիբանանից առանձնացնելու և այդ կազմակերպության՝ «Հեզբոլլահի» նկատմամբ ատելությունն ավելի մեծացնելու նպատակով։

Որքանով ես եմ հասցրել տեղեկանալ՝ լիբանանյան բանակն այս գործողությանն ընդհանրապես չի մասնակցում։ Ցամաքային գործողության մասին է խոսվում, հակասական է տեղեկատվությունը, իսրայելական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Իսրայելը ցամաքային գործողությունն է իրականացնում «Հեզբոլլահի» դեմ հենց Լիբանանի տարածքում, բայց բազմաթիվ այլ, ավելի չեզոք տարածաշրջանային լրատվամիջոցներ էլ նշում են, որ Իսրայելին չի հաջողվել ցամաքային մուտք գործել, դեռևս հաջողություն չի արձանագրվում։

Իմ գնահատմամբ՝ ամբողջ տարածաշրջանում փոխվում է անվտանգային միջավայրը և նաև փոխվում է տարածաշրջանում եղած կոնֆլիկտների բովանդակությունը։

Այսինքն՝ մենք հիմա ականատես ենք Իսրայելի կողմից մի քանի ուղղություններով պատերազմական գործողությունների առանց չափազանցությունների՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում։

Սրա հետևանքով փաստացի փոխվում է տարածաշրջանում եղած կոնֆլիկտների բովանդակությունը։ Իմ գնահատմամբ՝ ապագայի տարածաշրջանը լինելու է մի տարածաշրջան, որտեղ դերակատարների ազդեցությունն էականորեն նվազելու է։ Ինչու են Իսրայելին թույլատրում նման գործողություններ իրականացնել, որովհետև մեծ հաշվով ամբողջ տարածաշրջանում կա լուռ կոնսեսուս Իսրայելի արած գործողությունների հետ կապված»։

Քննարկման ժամանակ բանախոսներից հետաքրքրվեցին՝ որքանո՞վ են հնարավոր համարում Իրան-Իսրայել էսկալացիան, և էսկալացիայի դեպքում դա ինչպե՞ս կարող է ազդել Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա։

Աբրահամ Գասպարյանն ասաց․ «Այս պահի դրությամբ ոչ թե բացառում եմ, որովհետև հնարավոր չէ ոչ մի բան բացառել, բայց մի փոքր անհավանական համարելով մասշտաբային պատերազմը։ Այս դատողության կամ եզրահանգման տակ ես դնում եմ շատ գործուն փաստեր, Իսրայելի ցամաքային անվտանգության կամ սահմանների անվտանգության և այսպես կոչված ինքնիշխանության վերականգման համար գլխավոր վտանգի չեզոքացումը Իսրայելը դիտարկում է հյուսիսից։

Սա նորություն չէ, այսինքն՝ 82 թվականից սկսած, երբ ներխուժեց Բեյրութ, այդ ժամանակներից սկսած՝ Իսրայելը համարել է, որ իր գլխավոր սպառնալիքը գալիս է հյուսիսից։

Հիմա ինքը լծված է շիական ամենամեծ խմբավորման զինյալ թևի և քաղաքական կառուցվածքի ոչ միայն չեզոքացման, այլ ընդհանրապես ներհասարակական կոնսեսուս ապահովելու ուղղությամբ։

Ինչու, գուցե հայաստանյան հասարակության համար շատ հայտնի փաստեր չեն սրանք, բայց մասնագիտական շրջանակները՝ իրադարձություններին հետևողներս, շատ լավ գիտեն, որ նույն Լիբանանում կառավարությունների ձևավորմանը՝ խորհրդարան կամ կառավարություն կա ճգնաժամ, համակարգին բնորոշ թերությունները միշտ կան, կառավարությունները կամ խնդիրներով են ձևավորվում կամ ժամանակավոր են լինում։

Հատկապես վերջին 10 տարվա ընթացքում «Հեզբոլլահը», որը մասնակիցն է եղել գրեթե բոլոր կառավարություններին, ընդ որում համայնքային դրությունը հաշվի առնելով՝ սուննիական կառավարություններին, 1/3 -ի արգելքն է ունեցել միշտ։
Խորհրդարանական բոլոր ընտրություններում շիական խմբավորումներն ունեցել են իրենց պատկառելի տեղը, ազդեցությունը, դեռ չեմ խոսում այն մասին, ու սուննի-շիա համամասնությունը բնակչության դեմոգրաֆիական առումով գնալով ավելի է փոխվում՝ հօգուտ շիական խմբավորումների։

Հիմա այս ամբողջի մեջ Իսրայելն ինչ է փորձում անել, տեսաք, որ 2006 թվականին ամենամեծ արկածախնդրությունը, որին գնաց Իսրայելը ցամաքային պատերազմ հայտարարելով, պատերազմում ինքը ոչ շահեկան դիրքում էր։ Դրա վկայությունն էր նաև այն, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինված ուժերը և գլխավոր շտաբում սկսեցին լուրջ հետաքննություններ, և լրջագույն պաշտոնատար անձինք պարզապես հեռացվեցին իրենց պաշտոններից՝ քննիչ հանձնաժողովների, հետաքննությունների արդյունքում։

Դե իսրայելական արտաքին հետախուզությունը շատ ուժեղ է աշխատում, և իրենք շատ լավ գիտեն, որ «Հեզբոլլահը» հասցրեց և ոչ միայն «Հեզբոլլահը», Գազայի հատվածում նաև «Համասը», իրենք առաջնորդվեցին ռազմաքաղաքական դրության բալանսի այն փոփոխության վրա, որ եթե Իսրայելն ունի օդուժ, ապա այս խմբավորումները զինյալ պիտի ուժը տան հրթիռաշինությանը։

Եվ Մերձավոր Արևելքում ամենաուժեղ հրթիռային բալանսը հօգուտ Իրանի է, և ոչ միայն հրթիռաշինության առումով, այլ մասնագետների վերապատրաստման, նաև տեխնոլոգիական առումով։ Իրանն ինչի վրա է աշխատել, ցամաքային տրամաբանությամբ զուտ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում պիտի իր քաղաքական հակակշռի, իր քաղաքական ազդեցության տակ պահել, որպեսզի կարողանա նաև լոգիստիկ մատակարարել, և այս ամբողջ ընթացքում 180 հազար հրթիռի մասին է խոսքը։ Պատկերացրեք, 180 հազար հրթիռ մի փոքր տարածքում, որի հետ հաշվի չնստել չի կարող կարող Իսրայելը, այսինքն, եթե նույնիսկ այդ հրթիռներից թե՛ Գազայից, թե՛ Եմենից՝ ինչու ոչ, թե՛ Լիբանանի հարավից այդ հրթիռները կան, մինչև 30 կիլոմետր հարվածող հրթիռ են, Իսրայելի հյուսիսի համար ռեալ սպառնալիք է, վտանգ է»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ հավելեց․ «Որքան էլ Իսրայելը ունենա կատարելագործված պաշտպանական համակարգեր, այդ պետությունը տարածաշրջանում մրցունակ չէ իր հիմնական հակառակորդի, այս պարագայում Իրանի հետ, առնվազն տարածքի և ռեսուրսի առումով։

Պատկերավոր նշեմ, ոչ այնքան կարևոր է, որ ենթադրենք 200 հրթիռ արձակեց Իրանը, 200-ն էլ որսվեց կամ ասենք՝ 10-20-ը, 150-ը հատեց․ եկեք մենք այլ իրավիճակ հասկանանք, որ Իսրայելի հիմնական խնդիրներից մեկը ընդհանրապես Իրանի հրթիռաշինությունը և այլ ոլորտը սահմանափակելն է։

Դա է պատճառը, որ երբ որ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային գործարքից, հետո երբ որ քննարկում էին կրկին այդ գործարքի վերսկսման հնարավորությունը, պայման էր դրվում Իրանի դեմ այդ հրթիռաշինության ոլորտը սահմանափակել։

Իսկ որն էր դրա պատճառը․ շատ լավ հասկանում էին՝ անկախ արդյունավետության մակարդակից այդ հրթիռների, պատկերացրեք 200-ից մի քանիսը ունենան միջուկային մակարդակ, Իսրայել պետությունը պարզապես երկրի երեսից կվերանա, կամ մինչև Իսրայել հասնելը մի քանի երկիր էականորեն կտուժեն, իսկ դա արդեն տարածաշրջանային մակարդակով աղետ է։

Սա է ամբողջ խնդիրը։ Ասածս այն է, որ տարածաշրջանում այն երկրները, որոնք գտնվում են կոնֆլիկտների համատեքստում, քննարկում ենք այս իրողությունները տարածաշրջանում, զարգացած պաշտպանական համակարգեր ունենալն էլ այդքան ազդեցիկ միջոց չեն կոնֆլիկտների կառավարելու համար։

Այնուամենայնիվ որքան էլ լինի ռազմական ներուժ, որքան էլ պետությունը ունենա ռազմական կարողություններ, միևնույնն է՝ դիվանագիտությունն է, որ զսպում է, և այդ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է, որ զսպում է այս պատերազմը այս տարածաշրջանում։ թե չլիներ Միացյալ Նահանգները, եթե չլիներ Իսրայել- Միացյալ Նահանգներ դաշնակցությունը,հավատացեք Իսրայելը որևէ էական խնդիր չէր կարող այս տարածաշրջանում լուծել,, որովհետև Իսրայելի ռեսուրսները, այդ թվում բնական ռեսուրսները բավարար չեն իր մրցակիցների դեմ գործելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031