Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Հունիսի 12-ի գործով ոստիկանական գործողությունները գնահատող վարույթը իրականացվում է խիստ գաղտնիության ռեժիմով, բայց ոչ մի մեղադրանք չկա, որեւէ արդյունք չի տալիս, այսինքն, թոզ փչոցի է»

Հոկտեմբեր 11,2024 19:11

Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ Երվանդ Աղբալյանի եւ վարույթով անցնող այլ մեղադրյալների գործով այսօրվա դատական նիստում, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Հունիսի 12-ի գործ» անունով, նախնական դատալսումներն ընդհուպ մոտեցան ավարտին:

Այսօրվա նիստում, որն ավելի շատ կարելի է ընթացակարգային նիստ համարել,  դատարանը կարգավորեց տեխնիկական հարցերը եւ հոկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին նշանակված հաջորդ դատական նիստում, հավանաբար, կսկսվեն հիմնական դատալսումները՝ ամենայն հավանականությամբ դատախազի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումով:

Մեղադրյալների շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախնական դատալսումները գրեթե ավարտվել են: Դատարանն ահագին առաջ գնաց, ապացույցների շրջանակ ճշգրտեց, տուժողների հետ կապված ընթացակարգային հարցեր լուծվեցին: Այսպիսի նիստեր հաճախ են լինում, երբ որ բովանդակային կողմ առանձնապես չունեն, բայց կարեւոր ընթացակարգային նշանակություն ունեն»:

Ընդհանրապես այս վարույթի հետ կապված, Ռուբեն Մելիքյանը ասաց. «Երբ որ հանրության աչքի առջեւ տասնյակ ու տասնյակ մարդիկ ջարդուփշուր եղան, բացարձակ անհիմն ոստիկանական հատուկ միջոցներ կիրառվեցին, ինչն անգամ անդառնալի հետեւանք ունեցավ՝ մարդը դաստակը, մատները կորցրեց, այդ մասով ոստիկանների մասով ոչ մի բան, իսկ 10-ից ավելի քաղաքացիների նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում: Շատերը անազատության մեջ էին, կալանավորված էին, տնային կալանքի մեջ էին եւ այլն, եւ հիմա վարույթը շարունակվում է: Սա քաղաքացիների նկատմամբ հատվածն է: Մյուս վարույթը, չակերտների մեջ ասված, ոստիկանանական գործողությունները գնահատող վարույթը, առկա է, այն իրականացվում է խիստ գաղտնիության ռեժիմով: Ինչ-որ գործողություններ կատարվում են, բայց ոչ մի մեղադրանք չկա, որեւէ արդյունք չի տալիս, այսինքն, թոզ փչոցի է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031