Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար. Վասիլիս Մարագոս

Հոկտեմբեր 11,2024 18:50

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը:

Նախօրեին աշխատաժողովի  մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

Աշխատաժողովի նպատակն է ապահովել զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության  և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ մշակույթի ոլորտում համագործակցության աշխատանքային պլանի լրամշակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սա մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման որակապես նոր փուլ թևակոխելու հնարավորություն է, որը կդրսևորվի ինչպես Եվրոպական միության կողմից տարածաշրջանային և Հայաստանին ուղղված ծրագրերի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով միջմշակութային կապերի ընդլայնմամբ: Խոսելով, մասնավորապես, առաջին բաղադրիչի մասին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ստեղծարար արդյունաբերության ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից իրականացվող և ներկայում ավարտին մոտեցող «Կատապուլտ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շահագրգիռ է ստեղծարար արդյունաբերության ոլորտում նոր բազմամյա ծրագրի կյանքի կոչմամբ, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակի ընդլայնմամբ, որպեսզի այն իր մեջ ներառի նաև մեդիա բաղադրիչը, որի ներդրման ուղղությամբ ներկայում համապատասխան միջգերատեսչական ջանքեր են գործադրվում:

Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին՝ ԵՄ անդամ երկրների հետ կապերի ընդլայնմանը, Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի օրինակը՝ կարևորելով նաև գերմանական «Գյոթեի ինստիտուտի», Ֆրանսիական ինստիտուտի, իտալական «Դանթե Ալիգիերի» կենտրոնի և այլ եվրոպական գործընկերների դերը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մշակույթի զարգացման նմանօրինակ երկկողմ ծրագրերի իրականացումն Եվրոպական միության անդամ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն չունեցող դեսպանատների հետ համագոյակցությամբ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է աշխատաժողովի անցկացումն ինչպես զարգացման գործընկերների հետ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ապահովման տեսանկյունից, այնպես էլ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության վերանայման շրջանակում մասնակցային գործընթացի ապահովման տեսանկյուններից՝ համոզմունք հայտնելով, որ աշխատաժողովի արդյունքները կօգտագործվեն ինչպես ռազմավարության վերանայման համար, այնպես և կուղղորդեն Եվրոպական միությանը և անդամ երկրներին մշակույթի ոլորտում բազմակողմ և երկկողմ համագործակցության օրակարգի առումով։

«Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար: Քանի դեռ Եվրամիությունն ու Հայաստանը ձևակերպում են նոր ու հավակնոտ գործընկերության օրակարգը և իրականացնում Հայաստանի դիմակայության և զարգացման, 270 մլն եվրո արժողությամբ պլանը, կարևոր է արձանագրել, թե ինչպես են մշակույթն ու ստեղծարար արդյունաբերությունը նպաստում Հայաստանի կայուն աճին ու բրենդավորմանը, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Աշխատարանի  շրջանակում  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության գերակայությունները և նպատակները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության ոլորտում:  Նախարարի տեղակալը մատնանշել է ոլորտի զարգացման ուղղություններն ու թիրախները, ներկայացրել ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքային ցուցանիշները մինչև 2027 թվականը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության նպատակները ժամանակակից արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում: Նա անդրադարձել է մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացմանը, մշակութային հասանելիությանը և ներառականությանը, հասարակության  ստեղծարար ընդգրկվածության ապահովմանը մշակութային կյանքին, ինչպես նաև մշակույթի և արվեստների դերի ընդլայնմանը երկրի կայուն զարգացման գործընթացներում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններ, մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031