Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտեն նպատակ ունի վերջնարդյունքին հասցնել մայրաքաղաքի միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը». Եղիազար Վարդանյան

Հոկտեմբեր 11,2024 18:20

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և մայրաքաղաքի հիմնական միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը։ Ուստի շատ եմ կարևորում բոլորիդ կարծիքը և առաջարկությունները, որոնք ընդգրկվելու են նախագծում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել Երևանի փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանները, «բեռնաթափել» կենտրոնը, կարգավորել կառուցապատման խտությունը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մանրամասնել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների, կանաչ գոտիների պահպանմանը, վարչական շրջանների համաչափ զարգացմանը, կառուցապատման ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկմանը։ Հստակեցվում են սահմանափակումները, ծրագրերի համաձայնեցման ընթացակարգերը, ապահովվում է կապը գլխավոր հատակագծի և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի հետ։

Քաղաքաշինական խորհրդի անդամները կարևորել են նախագծի օր առաջ հաստատումը։ Նրանք ներկայացնելու են իրենց առաջարկները, որոնց հիման վրա լրամշակված նախագիծն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր կառույցներին, ինչպես նաև դրվելու է հանրային քննարկման։

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել