Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին ենթադրում 1926 թ ԳՇ քարտեզները, որոնցով Պուտինն առաջարկում էր ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում-սահմանագծում իրականացնել

Հոկտեմբեր 11,2024 16:46

1987 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ եղել է սահմանազատում եւ սահմանագծում․ այս պնդումն այսօր արեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած՝ «Googlemaps-ի կեղծարարությամբ ՀՀ տարածքները «դարձան» Ադրբեջան» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

Հիմնական զեկուցող, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց 1987 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ արձանագրությունը սահմանազատման-սահմանագծման մասին։ Նա նկատում է, որ ՀՀ տարածքը միշտ եղել է 29 հազար 807 քառակուսի կիլոմետր՝ բոլոր տեսակի հանրագիտարաններում, բայց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ ՀՀ տարածքը 29 հազար 743 կիլոմետր է, վերահրատարակություններում արագ թիվը փոխվել է։

Հրանտ Բագրատյանը հիշեցնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ իր հրապարակած թվից՝ 29 հազար 743 կիլոմետրից էլ, 300 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը բռնազավթել է․ ստացվում է, որ 29 հազար 450 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը։

Ըստ խորհրդային շրջանի փաստաթղթերի, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հողահատկացումը կատարվել է 1957 թվականին ՀԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, մինչդեռ, 44-օրյա պատերազմից հետո, այն Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։

Հրանտ Բագրատյանի հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տարածքների, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին, դրանց պատկանելիության մասին բոլոր փաստաթղթերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեռքի տակ եղել են․ «Ընդհանրապես զարմանալի է, բայց Հայաստանը՝ լինելով ԽՍՀՄ պետություն, երկու անգամ սահմանազատել-սահմանագծել է Ադրբեջանի հետ սահմանը։ Առաջին անգամ դա եղել է 1925 թվականին։ 1984 թվականին Նիկոլայ Ռիժկովի տեղակալ Հեյդար Ալիեւի ջանքերով ստեղծվում է նոր հանձնաժողով եւ երկու հանրապետությունները կրկին սահմանազատում-սահմանագծում են իրականացրել։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն ասում էր՝ եղել է՝ Մոսկվան չի հաստատել։ Մոսկվայի հաստատելու հարց չկա, չորս տարի աշխատելուց հետո, 1988-ի հունվարի 12-ին ստորագրվել է մեկ հիմնական արձանագրություն, դրան կից կա 182 կից արձանագրություն եւ ամեն մի տեղական արձանագրության կցված է ձեռքով նկարած քարտեզ։ Այս բոլորը կա, դրանք տրվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ 9073 կիլոմետր սահմանագծվել է, բացառությամբ 6 կիլոմետրի՝ Ջերմուկի հատվածում, որի շուրջ չեն բարիշել։ Դա էն հատվածն է, որտեղ երկու փոքրիկ լճակ էլ կա, դա մերն է, Ադրբեջանն ասել է՝ կտամ, ժամանակ տվեք մտածենք՝ որտեղից փոխհատուցում տանք, այդտեղ մենք ինչ-որ բան ենք կառուցել։ Ի դեպ, այդ 9073 կիլոմետրի մեջ, Նախիջեւանն էլ է մտնում»։

Արձանագրությունները հայկական կողմից ստորագրել է Պետագրոպրոմի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի պետագրոպրոմի նախագահ Մամեդյարովը։ Փաստաթղթերի տակ կան երկու հանրապետությունների մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների ստորագրություններ եւ մեթոդական օգնություն ցուցաբերած համամիութենական Գիպրոզեմի ղեկավարը՝ Բորոդինի ստորագրությունը։ Այդ արձանագրությունները նաեւ վավերացված են միութենական հանրապետությունների կնիքներով, ինչպես պահանջում էր այդ ժամանակվա սահմանված կարգը։

«Երբ իրենք Կիրանց էին սահմանագծում, իրենք սա գիտեին»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 1987-ին սահմանագծելիս տեսնում են 1925-ի քարտեզները եւ սյուները ու Ադրբեջանի հույսերը չեն արդարանում, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանը նպատակ ուներ «մի հազար կիլոմետր պոկել Հայաստանից», բայց պարզվում է, որ «ոչ մի բան չունեն ստանալիք», ավելին․ «Պարզվում է, որ ոչ մի անկլավ չկա։ Խոսքը վերաբերում է Քյարքիին, Վերին Ասկեպարին, Սոֆուլուին եւ Բարխուդարլուին․ նման բան չկա եւ այստեղ արձանագրվում է։ Ես սրանք եմ ասում, որովհետեւ, հասկանում եք, Փաշինյանը տալու է եւ ասելու է՝ այդպես էր»։

Հրանտ Բագրատյանը հայտարարեց նաեւ, որ Բաղանիսի հատվածում դեռ Ադրբեջանը հայկական կողմին պետք է 140 քառակուսի կիլոմետր տար եւ այն ճանապարհը, որը հիմա գտնվում է Ադրբեջանի տարածքում, նույնպես կառուցված է ՀՀ ինքնիշխան տարածքում։

«Օրինակ, այստեղ նշված է, թե սահմանն ինչպես է անցնում Վարդենիսի հատվածում․ էստեղ գրված է՝ լեռնագագաթներով է անցնում եւ սյուներն էլ խփած են՝ 1466 հատ սյուն է խփած։ Օրինակ, Սեւ լճի շրջանում, հստակ գրված է, որ լճի միայն արեւելյան ափն է պատկանում Ադրբեջանին, մյուս ափերը Հայաստանինն են եւ լճի արեւելյան ափին երկու սյուն է խփած, դրանք այսօր էլ կան․ սյան տակ ածուխ են դնում, եթե սյուներն էլ հանես, կոտրես, ածուխի հետքերը մնում են»,-մանրամասնեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, Ոսկեպարի հատվածում հայկական կողմը զիջեց իր դիրքերը հենց այնտեղ, որտեղ որ մեր սահմանն էր։

Նա ցուցադրեց 1987-ի քարտեզ, ըստ որի Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը Հայաստանինն է, իսկ Էյվազլի՝ 3 կիլոմետր քառակուսի տարածքով ադրբեջանական գյուղը, որը անընդհատ թմբկահարում է Նիկոլ Փաշինյանը, հայկական կողմը հրաժարվել է փոխանցել Ադրբեջանին եւ այն ևս քարտեզագրվել է ՀՀ տարածքում։

Հրանտ Բագրատյանը բացատրում է նաեւ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ սահմանազատում-սահմանագծումը կիրականացվի 1926 թվականի ԳՇ քարտեզներով․ «Պատճառն այն է, որ 1926-ին արդեն եղել էր սահմանազատում-սահմանագծում եւ կա փաստաթուղթ։ Դրանից Ադրբեջանը դժգոհ է եղել։ Հետագայում, Արծվաշենի տարածքից հողեր են տրվել եւ Արծվաշենը դարձել է անկլավ։ Ադրբեջանը նաեւ առաջարկել է՝ իրենք հրաժարվեն անկլավներից, ՀՀ-ն էլ՝ Արծվաշենից․ Հայաստանը հրաժարվել է՝ ասելով, որ Արծվաշենը դուք եք անկլավ դարձրել։ Ի դեպ, սա միակ դեպքն է, որ վեճի պատճառով Մոսկվայում են որոշում կայացրել՝ որոշակի կիլոմետր տալ Ադրբեջանին։ Մնացած բոլոր դեպքերում՝ սուտ պատմություններ են։ ԽՍՀՄ տարիներին ՀՀ-ին ոչ ոք չի քցել»։

Հրանտ Բագրատյանը զգուշացնում է՝ ոչ մի քարտեզ վավեր չէ, եթե դրա տակ երկու կողմի ստորագրությունը չկա։ Իսկ 1987-ի քարտեզների տակ երկու կողմի ստորագրություններն էլ կան։ Ու, ըստ այդ քարտեզների, Կիրանցն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031