Լրահոս
Օրվա լրահոսը

«Կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ». կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը

Հոկտեմբեր 11,2024 16:22

Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտում առկա որոշ խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքների նախագծերում: Առաջարկը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում:

Ներկայում ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների մեծ մասը ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում ԿԲ-ն հնարավորություն չունի ֆոնդերի եւ ֆոնդերի կառավարիչների նկատմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ոչ հրապարակային ֆոնդ կարող է կառավարել ցանկացած անձ, այդ թվում` ֆիզիկական, առանց որեւէ թույլտվության կամ լիցենզիայի: Ընդ որում, կառավարիչների նկատմամբ որեւէ պահանջ սահմանված չէ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, ինչպես նաեւ լուծարման ու դադարեցման հիմքերը:

Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձեւավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման եւ գործունեության պայմանները: Առաջարկվում է ներդնել նաեւ ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները` բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում եւ հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները: Միեւնույն ժամանակ, վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն` նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերը: Նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով կսահմանվեն լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների նկատմամբ` ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման եւ տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է օրենսդրական փաթեթը ներառել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031