Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն

Հոկտեմբեր 11,2024 15:49

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր տվյալների՝ այսօր ավելի քան 370 միլիոն աղջիկ և կին կամ 8-ից 1-ը ենթարկվել է սեռական բռնության կամ սեռական ոտնձգության մինչև 18 տարեկանը:

Երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ առաջին գլոբալ և տարածաշրջանային տվյալները, որ հրապարակվել են Աղջիկների միջազգային օրվան ընդառաջ, ցույց են տալիս ամբողջ աշխարհում այս հանցավոր արարքների ծավալները, ինչը հատկապես դեռահաս աղջիկների համար ունենում է հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում:

Եթե հաշվի առնենք սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ինչպիսիք են առցանց կամ բանավոր չարաշահումները, տուժած աղջիկների և կանանց թիվն աշխարհում հասնում է 650 միլիոնի կամ 1-ը 5-ից, ինչը ընդգծում է բռնության և չարաշահման բոլոր ձևերի արդյունավետ կանխարգելման և աջակցության համապարփակ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը:

«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը բիծ է մեր խղճի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը:- Այն խոր և երկարատև վնասվածքների պատճառ է դառնում, հաճախ այն մարդու կողմից, ում երեխան ճանաչում և վստահում է, և այնտեղ, որտեղ նա պետք է իրեն ապահով զգա»:

«Անկայուն իրավիճակներում ապրող երեխաները հատկապես խոցելի են սեռական բռնության նկատմամբ,- ավելացրել է Ռասըլը:- Մենք ականատես ենք լինում սեռական բռնության սարսափելի դեպքերի հակամարտության գոտիներում, որտեղ բռնաբարությունները և սեռով պայմանավորված բռնությունը հաճախ օգտագործվում են որպես պատերազմի զենք»:

Տվյալների համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում դեռահասության տարիքում՝ զգալիորեն աճելով 14-17 տարեկանների շրջանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական բռնության ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ կենթարկվեն կրկնակի բռնությունների: Դեռահասության շրջանում նպատակային միջամտությունների իրականացումը կարևոր է այս շրջանը փակելու և նման վնավածքների երկարաժամկետ հետևանքները մեղմելու համար:

Բռնություն վերապրածները հաճախ կրում են սեռական բռնության տրավմայի հետևանքները նաև չափահասության շրջանում՝ ենթարկվելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, թմրամիջոցների չարաշահման, սոցիալական մեկուսացման և հոգեկան առողջության խնդիրների, ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան, ինչպես նաև առողջ հարաբերություններ ձևավորելու դժվարությունների: Ապացուցված է, որ ազդեցությունն ավելի է խորանում, երբ երեխաները հետաձգում են իրենց հետ տեղի ունեցածի մասին խոսելը, երբեմն շատ երկար ժամանակով կամ էլ ընդհանրապես գաղտնի են պահում դրանք:

Թեև ավելի շատ աղջիկներ և կանայք են տուժում այս երևույթներից, և նրանց հետ կատարված դեպքերն ավելի լավ են փաստագրված, ըստ տվյալների, տղաներն ու տղամարդիկ նույնպես տուժում են: Շուրջ 240-310 միլիոն տղա և տղամարդ կամ 11-ից 1-ը մանկության տարիներին ենթարկվել է բռնաբարության կամ սեռական ոտնձգության: Այս թիվը հասնում է 410-ից 530 միլիոնի, եթե հաշվի առնվեն բռնության «ոչ կոնտակտային» ձևերը:

Համապարփակ տվյալների բացակայությունը, հատկապես տղաներին վերաբերող դեպքերի և սեռական բռնության «ոչ կոնտակտային» ձևերի վերաբերյալ, կարևորում են տվյալների հավաքման մեջ ներդրումների ավելացման անհրաժեշտությունը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ տեղեկությունն ամբողջ ծավալով ընդգրկելու համար:

Մինչ պետությունների ղեկավարները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ ակտիվիստները, բռնություն վերապրածները և երիտասարդները, պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Կոլումբիայում կայանալիք Երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ գլոբալ նախարարական համաժողովին, տվյալները փաստում են երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ակտիվացման և  ամբողջ աշխարհում երեխաների համար ավելի ապահով ապագա կերտելու հրատապ  անհրաժեշտության մասին հետևյալ կերպ.

  • Սոցիալական և մշակութային նորմերի վիճարկում և փոփոխում, որոնք թույլատրելի են դարձնում սեռական բռնության դրսևորումներն ու թույլ չեն տալիս երեխաներին աջակցության դիմել:
  • Տրամադրել յուրաքանչյուր երեխայի ճշգրիտ, մատչելի և տարիքին համապատասխան տեղեկություն, որը նրան հնարավորություն կտա ճանաչելու, թե որն է սեռական բռնությունը, և հաղորդելու դրա մասին:
  • Ապահովել, որ բռնության զոհ և բռնություն վերապրած յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինեն այնպիսի ծառայություններ, որոնք նպաստում են արդարադատության իրականացմանն ու նրանց ապաքինմանը և նվազեցնում հետագա վնասի ռիսկերը:
  • Օրենքների և կանոնակարգերի բարելավում՝ երեխաներին սեռական բռնության բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ երեխաների հետ աշխատող կազմակերպություններում, ինչպես նաև ներդրումների իրականացում հօգուտ անհրաժեշտ անձանց, ռեսուրսների և համակարգերի, որոնք կբերեն անհրաժեշտ փոփոխությունները:
  • Ազգային տվյալների բարելավված համակարգերի ներդրում՝ առաջընթացը մշտադիտարկելու և հաշվետվողականություն ապահովելու համար՝ կիրառելով միջազգային չափանիշեր, ինչպիսիք են Երեխաների նկատմամբ բռնության միջազգային դասակարգումը (International Classification of Violence against Children):

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031