«Հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի կերպ չի բերի այս կամ այն չափով արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Ինչ վերաբերվում է Բաքվի բանտերում պահվող մեր գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին, ապա այստեղ նույնպես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը բնավ ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին:
ՀՀ կողմից կոշտ պահանջների բացակայությունը՝ ուղղված ազատ արձակմանը, նպաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նորանոր պահանջներ են ներկայացնում»,- ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով կայացած ցույցի ժամանակ:
«Մասնավորապես Ադրբեջանի կողմից հնչում են պահանջներ՝ դատապարտել Արցախյան շարժման, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներին: Նման պահանջները Ադրբեջանի կողմից գնալով կոշտանալու են եւ խորանալու են, ինչի պատճառն է ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումը»,-ընդգծեց Գագիկ Բաղունցը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Նման ցույցերն ու գործողություններն , անշուշտ անհրաժեշտ են, պահանջված են: Հայկական կողմի պարտքն է գոնե նման ակցիաներով բարձրաձայնել մեր պահանջները՝ ուղղված մեր ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը: Բայց եթե հիմքում չենք ունենում ՀՀ պետական մոտեցումները, նման ակցիաների արդյունավետությունը կտրուկ նվազում է: Չնայած դա մեզ համար արգելք չէ, որ նման գործողություններ իրականացնենք եւ ավելի խստացնենք, հատկապես մեկ ամիս է մնացել COP29 անցկացմանը Բաքվում…»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ