Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 27-ը բաց է ժամանակակից գեղանկարիչ Ախսար Մուրիևի MAGNIFIQUE VOYAGE, ou l’HISTOIRE D’UN HOMME (ֆրանսերենից թարգմանված՝ «Հոյակապ ճանապարհորդություն, կամ մեկ մարդու Պատմություն») խորագրով անհատական ցուցահանդեսը, որի համադրողն է Անտոն Լևախինը։
Ցուցահանդեսը պատմում է քնարական հերոսի ստեղծագործական ուղու մասին, որն արտացոլված է գեղանկարչական կտավներում: Այն բացահայտում է հեղինակի տեսակետը սեփական ճանապարհորդությունների վերաբերյալ՝ իր անձնական պատմությունների միջոցով։ Խորագրի ֆրանսերեն լեզուն փոխհարաբերություններ է կառուցում Ախսար Մուրիևի ստեղծագործությունների և Մարսել Պրուստի մտորումների և նրա «Կորուսյալ ժամանակի որոնումներում» magnum opus-ի հերոսների միջև՝ ընդգծելով ցուցահանդեսի փիլիսոփայական բովանդակությունն ու նոստալգիկ ինտոնացիան: Կրկնակի խորագիրն ընդգծում է ցուցահանդեսի դուալիստական համատեքստը, այն պատմում է «մեկ մարդու պատմությունը», որը դառնում է ինքը՝ դիտողը։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր Երևանի մշակութային բոմոնդը՝ գեղարվեստի, դասական երաժշտարվեստի, թատերարվեստի բնագավառի նշանավոր գործիչներ։
Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Զառա Այրումյանը, խոսելով Մուրիևի կտավների մասին նշում է, որ դրանցում հստակ զգացվում է եվրոպական ժամանակակից արվեստի ազդեցությունը։ Նրանցում արտացոլված կերպարները թեև դրամատիկ և հուզական են, բայց նկարելու ձևը, ոճը, գույները, վրձնի թեթևությունը եվրոպական է. «Ասխարի մոտ շատ հետաքրքիր են ֆորմաները, նա աշխատում է դեֆորմացիայի վրա, դա հետաքրքիր հնարք է, որը տարածված է ժամանակակից արվեստի մեջ, նման գործերն անգամ դասվում են ֆանտաստիկ ռեալիզմի ուղղությանը: Այնուամենայնիվ, սա ժամանակակից արվեստ է, այստեղ հնարավոր չէ օբյեկտիվ լինել և պետք էլ չի, այն սուբյեկտիվ է ընկալվում թե դիտորդի, թե նկարչի, թե քննադատների կողմից: Հատուկ կերպով կցանկանամ նշել ցուցահանդեսի համադրող Անտոն Լևախինի մասին, որի աշխատանքի շնորհիվ մենք ականատես ենք լինում ցուցադրման բարձր մշակույթին: Նա շատ հիմնավոր կերպով է աշխատում և այստեղ ամեն դետալ նպաստում է էքսպոզիցիայի ճիշտ ներկայացմանը, սկսած դահլիճի ձևավորումից, պատերի գույնից, պաստառներից… Նրա համար ամեն մանրուք մեծ նշանակություն ունի»,- եզրափակում է Զառա Այրումյանը:
Արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցն Ախսարի նկարներում ընդգծում է դրանց դրամատուրգիան, որտեղ միևնույն ժամանակ կարելի է տեսնել յուրահատուկ գերմանական էքսպրեսիոնիզմի հետ առնչություն ունեցող շերտեր․ «Օրինակ՝ Օտտո Դիրքսի կամ Կիրխների, նույնիսկ ինչ որ չափով Մունկի հետ որոշակի համեմատականներ կարելի է տեսնել: Հիմնականում դա էքսպրեսիվ գույնի ֆովիստական, մի քիչ ագրեսիվ երանգներն են և միևնույն ժամանակ ֆորմաների, կերպարների էքսպրեսիվությունը։ Կտավները կտրուկ կոնտակտի մեջ են մտնում դիտողի հետ, ինչը բերում է կրկին այդ էքսպրեսիվիստական ընկալմանը, բայց ավելի ժամանակակից ձևերի մեջ: Նույնը կարելի է տեսնել վրձնահարվածների, ֆորմաների ստեղծման մեջ։ Ինչ-որ չափով առկա է պաստոզային վերաբերմունքը, երբ չկա վրձնահարվածների այդ նրբությունը, այլ փոխանցվում է նույնիսկ դեկորատիվ, մի տեսակ քանդակային, ծավալից դուրս եկող ընկալում։ Մի քիչ «հարձակողական» աշխատանքներ կան, միևնույն ժամանակ աշխատանքներ կան, որոնց մեջ լիրիզմ է առկա, որտեղ կարծես բացակայում է էքսպրեսիոնիզմը՝ միևնույն ժամանակ ներկա լինելով»։
Եսայանցը հավելեց, որ ուրախալի է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում միջազգային նախագծեր տեսնելը, այն շատ հետաքրքիր ձևով դիտարկվում է հայկական մշակութային բազմաշերտ կոնտեքստում: Հնարավորություն է ստեղծվում տեղական կոնտեքստից դուրս արվեստի ճյուղավորումներ տեսնել, որը չի բխում մեր իրականությունից: Նա կարծում է, որ այս իմաստով՝ Ասխար Մուրիևի ստեղծագործությունները լավ հետք կթողնեն հենց տեղացի արվեստագետների, արվեստասերների և ընդհանուր մշակութային դաշտի վրա»։
Ցուցահանդեսին ներկայացված են Ախսար Մուրիևի 2023-2024 թվականներին ստեղծած աշխատանքները, այդ թվում՝ այնպիսի կտավներ և մեծածավալ եռապատկերներ, ինչպիսիք են «Հոյակապ ճանապարհորդություն», «Արևային պար», «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» և «Դինամիկ կոմպոզիցիա երեք մասից»։ Ցուցահանդեսային տարածքում այս աշխատանքները միավորված են վառ ամբողջության մեջ, նրանց պատկերներն ու իմաստները մտնում են գունեղ երկխոսության մեջ՝ միասին ստեղծելով մեկ հուզիչ կոմպոզիցիա:
Էքսպոզիցիայի համադրող Անտոն Լևախինը, որն առաջին անգամ չէ համագործակցում Ժամանակակից արվեստի թանգարանի հետ՝ նաև աջակցել է Վենետիկի 60-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին (2024թ.), նշում է. «Նախագիծը, որտեղ հանդիպեցինք Ախսար Մուրիևի հետ, Հռոմում էր։ Ինձ շատ դուր եկան Ախսարի անտիկ ոճով արված գրաֆիկական փայլուն աշխատանքները։ Նրա վրձնի թեթև և սլացիկ գիծը ճկուն է ու ճշգրիտ, ազատ և կենդանի: Աշխատանքներն ուժեղ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա և հաջողություն ունեցան: Մենք սկսեցինք համագործակցել, ինչի արդյունքում իմ տարբեր նախագծերի գեղարվեստական ձևավորման հիմքում ընկած են Ախսարի գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքները: Իմ կարծիքով, այս ցուցահանդեսի վիզուալ տեսահուզական տպավորությունը համահունչ է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի և Օտորինո Ռեսպիգիի «Հռոմեական եռերգություն» սիմֆոնիկ պոեմին, որում մեծ վարպետությամբ փոխանցված է Հավերժական քաղաքի պատկերը։ Հռոմը, նրա բնապատկերն ու բնությունը, լույսն ու գույները՝ որոնցով լցված է քաղաքը, կօգնեն գտնել Ախսար Մուրիևի արվեստի ընկալման բանալին։ Թող յուրաքանչյուր այցելու այս ստեղծագործություններում գտնի իր ճամփորդության ուրվագիծը, տեսնի և լսի իր պատմությունը: Հենց դա էլ կդառնա Ձեր անձնական «Հոյակապ ճանապարհորդությունը, կամ Մեկ մարդու պատմություն»-ը»,- եզրափակում է Լևախինը:
Հավելենք, որ երկար տարիներ է, ինչ Անտոն Լևախինը համագործակցում է առաջատար նկարիչների և միջազգային հաստատությունների հետ, ժամանակակից արվեստի խոշորագույն համաշխարհային ֆորումում՝ Վենետիկի բիենալեում իրականացնում է ցուցահանդեսային նախագծեր, որոնք արժանանում են բարձր գնահատանքի: Նրա ջանքերով՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի միջև ստեղծվել է համագործակցություն, որի շնորհիվ Հայաստանը ներկայացավ Վենետիկի 60-րդ բիենալեում՝ Նինա Խեմչյանի և համադրող Արմեն Եսայանցի «Արձագանք» ցուցադրությամբ: Նախագիծը ներկայացվեց Ակադեմիայի պատմական տարածքում՝ հայտնի Magazino del Sale-ում: Սերտ է նաև նրա համագործակցությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ, հուսով ենք, որ այն շարունակական կլինի:
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ