ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր եւ մյուսների գործի վերաբացումը համարում է իրավաբանական խուլիգանություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատական նիստից հետո:
Հիշեցնենք, որ այս գործով առաջին երկու ատյանները դադարեցրել էին ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ կրկնակի քննության՝ հիմնավորելով, որ Քրեական օրենսգրքի դրույթները սխալ են մեկնաբանվել, և մեծ թվով տուժածների լույսի ներքո, մեղավորները պետք է պատժվեն:
«Այն, ինչ կատարվում է , աբսուրդի ժանրից է, որեւէ կապ չունի իրավաբանության հետ: Երեք տարի այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, օպերացիա «Սահմանադրական դատարանի կազմը փոխել» ու ավարտել են, հետո Սահմանադրական դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում, հետ ուղարկեց Վճռաբեկ դատարան: Մի օպերացիա էր մշակվել, որ տեւեց երեք տարի: Գումարենք դրան այն փաստը, որ Սահմանադրական դատարանի այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել»:
Հարցին՝ Վահե Գրիգորյանի՞ն նկատի ունեք, ի պատասխան ասաց. «Ե՛վ ինքը, ե՛ւ Սասուն Խաչատրյանի (խմբ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ) եղբայրը: Գիտե՞ք Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցի այդ հարցի քննարկմանը՝ պատճառաբանությամբ, որ նա իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Իսկ հարազատ եղբայրությունը պարզվում է՝ խոչընդոտող հանգամանք չէ: Իմ տպավորությամբ՝ այս գործը, այս վիճակում գցել են առաջին ատյանի դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար: Օրինական լուծում այս վիճակից, ուղղակի չկա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ