Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում նրա ապակայունացնող գործողությունների

Հոկտեմբեր 11,2024 13:48

Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 8-ին հավանություն է տվել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր մեխանիզմին՝ ի պատասխան արտերկրում վերջինիս ապակայունացնող գործողությունների:

Այս նոր մեխանիզմը ԵՄ-ին թույլ կտա թիրախավորել Ռուսաստանի Դաշնության կառավարության գործողություններին ու քաղաքականությանը մասնակից անհատներին եւ կազմակերպություններին, որոնք խաթարում են ԵՄ-ի ու նրա անդամների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ երրորդ երկրների հիմնարար արժեքները, անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը։

ԵՄ-ն այլեւս կկարողանա պայքարել այնպիսի հիբրիդային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ընտրական գործընթացների եւ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության քայքայումը, տնտեսական գործունեությանը, հանրային շահերի ծառայություններին կամ կարեւոր ենթակառուցվածքներին սպառնալիքները եւ սաբոտաժները, համակարգված ապատեղեկատվության օգտագործումը, արտերկրից ստացված տվյալների մանիպուլյացիան, վնասակար կիբեռգործունեությունը, միգրացիոն հոսքերի ուղղությունը եւ այլ ապակայունացնող գործողություններ:

Այս նոր մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել պատժամիջոցների առանձին ցուցակ, որում կներառվեն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք։ Նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ-ի քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի նրանց միջոցներ տրամադրել։ Այդ ցուցակում հայտնված մարդկանց կարգելվի նաեւ մուտք գործել Եվրամիության տարածք։

ԵՄ-ի անունից իր հայտարարության մեջ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խստորեն դատապարտել է Ռուսաստանի՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ գործընկերների դեմ հիբրիդային գործունեության ահագնացող արշավը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի գործունեությունը, ի թիվս այլի, նպատակ ունի խաթարել ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային եւ իրեն պաշտպանելու կարողությունը։ «Դա չի հաջողվելու։ Մենք գործելու ենք միասնական եւ վճռական՝ այդ գործողություններին արձագանքելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Մեր աջակցությունն Ուկրաինային կմնա ամուր եւ անսասան այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», – ասել է Բորելը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031