Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել եմ, որ չմտածեն, թե ես վախեցել եմ դատարան գալուց. Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 11,2024 13:39

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։

Հիշեցնենք, որ այս գործով, բացի Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալներ են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Ռոբերտ Քոչարյանը դատարանին խնդրեց պարզաբանել, թե ինքը որ հոդվածով է որպես մեղադրյալ ներգրավված: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի կարող որպես մեղադրյալ ներկա գտնվել, իսկ ինքը՝ որպես պաշտպան:

Նիստը նախագահողը հետաքրքրվեց՝ բա ինչու են ներկայացել: Ինչին ի պատասխան՝ Արամ Օրբելյանն ասաց, որ հարգել են դատարանի ծանուցագիրը, եկել են դատարան ՝ հասկանան:

Արամ Օրբելյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացնելու պահից՝ հոդվածը, որով ի սկզբանե իր պաշտպանյալին առաջադրվել էր մեղադրանքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և ուժը կորցրած։

Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց, որ դատարան է եկել բարի կամք դրսեւորելով. «Ես կարող էի ընդհանրապես չգալ: Եկել եմ ցույց տալու, որ չմտածեն, թե ես վախեցել եմ դատարան գալուց: Ի վերջո, քանի տարի դատարանների հետ շփվում եմ ու կարող էի գալ, բայց ոչ թե նստել այստեղ, այլ՝ այնտեղ (նկատի ունի նիստերի դահլիճում, ոչ մեղադրյալի աթոռին): Այս քրեական հետապնդումը սկսվել է շատ լուրջ խախտումներով, ուղղակի բռնաբարվում է օրենքը »:

Ռոբերտ Քոչարյանն իր խոսքն ավարտելուց հետո մեղադրյալի աթոռից վեր կացավ ու գնաց, նստեց նիստերի դահլիճում՝ նիստի մասնակիցների համար նախատեսված նստարանին:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին երկու ատյանները դադարեցրել էին ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ կրկնակի քննության՝ հիմնավորելով, որ Քրեական օրենսգրքի դրույթները սխալ են մեկնաբանվել, և մեծ թվով տուժածների լույսի ներքո, մեղավորները պետք է պատժվեն:

Մեղադրող դատախազն էլ նկատեց, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ որեւէ նորմի ՝ Սահմանադրությանը հակասող կամ անվավեր ճանաչվելու դեպքում որեւէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք:

Ըստ դատախազի՝ պնդումը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին ամբաստանյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից: Քրեական հետապնդումը նրանց նկատմամբ դադարեցված չէ: Հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել է:

Դատախազն ասաց, որ հիմա պետք է նիստը նախագահողի ինքնաբացարկի հարցը քննարկվի: Արձագանքեց Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հարցնելով հիմա մենք ինչով ենք զբաղված. «Ուզում եմ հասկանալ՝ ով է ձեզ բացարկ ներկայացնում, ով… ինչու եք այսքան մարդու ծանուցել, ինչ ենք այստեղ անում, ով է ձեզ բացարկ հայտնել, այսքանը հասկանանք, հետո հասկանանք՝ ինչ գործողություններ ենք անելու»:

Նիստը նախագահողն էլ արձագանքեց՝ եթե գտնում եք, անելիք չունեք այստեղ, կարող եք գնալ նիստերի դահլիճից: Նա հավելեց, որ ինքնաբացարկի մասով հարցը կուղղի պաշտպաններին, կուզեն, կներկայացնեն, չեն ուզի՝ չեն ներկայացնի:

Այս գործով բոլոր մեղադրյալների պաշտպանները միակարծիք էին, որ եթե չկա հոդվածը, չկա մեղադրանք ու չկա քրեական հետապնդում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031