«Ակցիայի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ նաեւ Հայաստանում համապատասխան գերատեսչությունների, կառույցների առաջ հարցը բարձրաձայնելն է՝գերեվարված անձանց, կորած տղաների ճակատագրերի պարզելու մասով:
Հատկապես որ, որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում այս հարցով որոշակի ակտիվություն է նկատվում: Ամենաթարմ օրինակն այն է, որ Եվրոպական խորհրդարանում պլանավորվում է այս թեմաներով քննարկում իրականացնել: Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է տանելու, եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա սեւեռված ժամանակահատվածում նրան պարտադրելու, որ կատարի Մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի դրույթները, հակառակ պարագայում՝ չխոսելու, այս հարցերը առաջ չմղելու դեպքում Ադրբեջանն ավելի կոգեւորվի հետագա անպատժելիությունից »,- ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով կայացած ցույցի ժամանակ:
«44-օրյա պատերազմից հետո սա այն թեման է, որ որքան էլ հիասթափությունները շատ են, կամ իրատեսությունն այդքան էլ շատ չի, դրա մասին չխոսելու, լռելու իրավունք չունենք: Խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է, մարդկանց ճակատագրերը պարզելու, գերեվարված անձանց ազատ արձակելու մասին: Այս հարցը միշտ պետք է բարձրաձայնվի, հնարավորինս ավելի շատ ճնշում գեներացնելու համար»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ