Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի ապրիլի 4-ին ԱԺ դիմաց «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ներկայացրած իր ելույթի համար:
Պաշտպանական կողմը դատարանին նախորդ նիստի ժամանակ գործով ապացույցը անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդություն էր ներկայացրել, դատարանն այսօր մերժեց:
«Պաշտպանության կողմը, երբ այդ միջնորդությունը ներկայացնում էր, գրեթե 100 տոկոսով համոզված էր, որ այն մերժվելու է: Ոչ թե որ իրավաչափ չէր, այլ որովհետեւ մեր նոր դատավարության օրենսգրքում կան կարգավորումներ, որոնք սկզբնապես մեռելածին են: Այսինքն՝ դատարանները խուսափում են որեւէ ապացույցի վերաբերյալ գնահատական տալ, մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը: Այս պրակտիկան ավելի ուժեղ է, քան օրենքը: Հետեւաբար, եթե օրենքը մեզ հնարավորություն է տվել որեւէ ապացույցի արատավոր լինելը վիճարկելու, ապա դա հնչեցնում ենք, զուտ որ դատարանի ուշադրությունը հրավիրենք այդ խնդրի վրա: Բայց գործնականում սպասել, որ այդ միջնորդությունները կքննվեն ու ճիշտ լուծում կստանան, գործնականում անհնար է»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բագրատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ իրենց ներկայացրած միջնորդությանը՝ պարոն Քոչարյանն ասաց. «Այդ միջնորդությունը կարող է լուծվել միայն խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտով»:
Դատաքննությունը հասել է վերջնական փուլի, պաշտպանական կողմը պատրաստվում է ներկայացնել պաշտպանական ճառը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ