Հարցազրույց Սրբազան շարժման լիդեր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ
– Սրբազան շարժման վերջին հավաքներից հետո ավելի է մեծացել շարժման քննադատների շրջանակը, իշխանականներին են միացել նաեւ սրտացավները: Ասում են, որ Բագրատ սրբազանը չունի հստակ ծրագիր, իշխանափոխության ճանապարհային քարտեզ: Շարժումը մարում է, շուտով վերջնականապես մսխվելու է գեներացված մեծ էներգիան, վերջին հավաքներին քիչ են մասնակցում։ Շարժումը փրկելուն ուղղված ինչ-որ քայլեր կա՞ն: Ոմանք ասում են, որ իրենց առաջարկած լուծումները, դիցուք՝ ժամանակավոր կառավարության կազմ, քայլերի հաջորդականություն հրապարակելու վերաբերյալ, շարժման ղեկավարները չեն ընդունել։
– Եթե հիշում եք՝ Սրբազանն էլ է հայտարարել, որ ժամանակավոր կառավարություն է ուզում ձեւավորել, ոչ մի պարագայում դրան դեմ չենք։ Ինչ վերաբերում է մեզ ուղղված հարվածներին, ասեմ՝ սրտացավորեն քննադատողներն էլ են երեւում, հարվածողներն էլ․ սա առանձին խոսակցության թեմա է։ Ես կարող եմ հետեւյալն ասել․ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, որոնք առաջարկներ են ունեցել, հնարավորություն են ունեցել հանդիպել Սրբազանի հետ, մեզ հետ եւ քննարկել առաջարկները։ Մասնակցության մասով՝ առավել եւս․ այն մարդիկ, որոնք ասելիք են ունեցել, մենք նրանց հարթակ ենք տրամադրել, չի եղել մի գործիչ, որը ժամանակին աջակցել է Սրբազան շարժմանը, հնարավորություն չի ունեցել հարթակից ելույթ ունենալու։ Ոմանց մոտ, այո, տպավորություն է, որ շարժումը վերջացել է, մարել է, ու հարմար պահ են գտել մեզ քննադատելու, բայց ասեմ՝ իրենք մի նպատակ ունեն՝ վերցնել ընդդիմադիր դաշտը, իրենցով զբաղեցնել։ Բայց այդ դաշտը որեւէ մեկի սեփականությունը չէ, բոլորն էլ կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել՝ ե՛ւ հավաքի օր նշանակել, ե՛ւ հավաքել հանրությանը, ե՛ւ անհնազանդության ակցիաներ անել, ե՛ւ կառավարության շենք շրջափակել, ՍԴ գնալ: Խնդիրն այն է, որ իրենք ոչինչ չեն անում, անողներին էլ քննադատում են, դուրս է գալիս, որ ստատուս գրելուց եւ ուրիշի վրա ցեխ շպրտելուց բացի ուրիշ բան չեն կարողանում անել։
– Բագրատ սրբազանի հոգեւոր առաջնորդությունը բոլորն են ընդունում, միեւնույն ժամանակ փաստում, որ նա քաղաքական գործիչ չէ եւ չի կարող դառնալ, եթե գումարենք նաեւ այն, որ վարչապետ դառնալու համար նրա պարագայում սահմանադրական արգելք էլ կա։ Չե՞ք կարծում, որ, իսկապես, պետք է շարժման քաղաքական բաղադրիչը մեծացնել, ասենք՝ թող ինքն իր նախընտրությամբ այլընտրանքային կառավարություն ձեւավորի, ընտրի քաղգործիչներին, վարչապետի թեկնածու ներկայացնի հանրությանը՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա, համախմբում ապահովի, եւ ինչ-որ մարմին` այդ ուժերի ակտիվ ներգրավմամբ, շարունակի առաջ տանել շարժումը։
Կարդացեք նաև
– Բագրատ սրբազանը երբեւէ քաղաքական առաջնորդության հավակնություններ չի ունեցել, անձամբ է այդ մասին բազմիցս ասել, Սրբազան հայրն այս իրավիճակում ընդամենը ցանկացել է համախմբող դեր ունենալ, եւ ես ասեմ, որ այդ դերն իրականացրել է, բայց ինչ-որ պահից սկսեցին հարվածներ հասցնել շարժմանը, ընդ որում՝ հարվածողները նրանք են, որ ոչ մի բան չեն ձեռնարկում, թող էդ խոսողները մի քայլ էլ իրենք անեն, մի հինգ հոգու էլ իրենք հավաքեն, լավը չի՞ շարժումը` թող իրենք մի բան անեն։
Ասում եք՝ ժամանակավոր կառավարություն, այո, ընդդիմադիր դաշտում շատ են խելացի, բանիմաց թեկնածուները, բայց ռիսկ կա, որ ում էլ ներկայացնես որպես ապագա նախարար, սկսելու են նորից հարվածել, սեւացնել այդ մարդկանց, նրանց նկատմամբ սկսելու են հետապնդումներ, լուտանքներ եւ այլն։ ՀՀ-ում իշխանությունների ջանքերով, իրենց քարոզչության հետեւանքով կորել է բոլորի նկատմամբ վստահությունը, իշխանություններն այնպես են արել, որ ժողովուրդը, չվստահելով իրենց, չի ընդունում նաեւ մյուսներին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: