Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ պատկերացնում, որ կնստեմ մեքենան ու Ադրբեջանով Ռուսաստան կգնամ։ Իրենք դա կանեն, անգամ ուզում են գալ, Հայաստանում ապրել». Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2024 11:11
henrik qochinyan

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, եւ մենք դա երաշխավորում ենք։ …Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում»,- ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է նշանակում պարզեցված ռեժիմ: Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը բացատրում է․ «Ենթադրենք, միջազգային ընկերության փոխադրողը Եվրոպայից գալիս է Հայաստան, նախ մտնում է Ռուսաստանի տարածք, հետո պետք է Վրաստան գա` այդ սահմանային կետում որեւէ ստուգման չի ենթարկվում, նույնը՝ նաեւ Վրաստանում, ոչ մի սահմանային ձեւակերպում չի անցնում, որովհետեւ միջազգային փոխադրումների համար կա նման երաշխավորված փաստաթուղթ, ով տվել է այդ փաստաթուղթը, նա է պատասխանատու։ Եթե դու կասկածում ես, կարող ես կանգնեցնել, ստուգել, եթե կասկածդ հաստատվեց, կարող ես տույժ-տուգանք սահմանել, եթե՝ ոչ, ապա պարտավոր ես ինչ-որ բան վճարել։ Սա հենց պարզեցված ընթացակարգն է»։ Այսինքն, շենգեն գոտու պե՞ս։ «Ոչ, դա շատ է պարզեցված, մեր եւ Ադրբեջանի միջեւ դժվար թե այդքան պարզեցում արվի, շենգենում սահմանն անցնում ենք, չենք էլ ջոկում, որ անցել ենք։ Իսկ մեր դեպքում ենթադրում եմ, որ որոշակի ստուգումներ կլինեն, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի, գուցե բեռնատարողության չափի վերաբերյալ սահմանափակում դրվի, Հայաստանում ինչ-որ օրենսդրական դաշտ կա` սահմանը հատողի հետ կապված, այդ օրենքի շրջանակներում էլ կարվի»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ, ըստ ամենայնի, բեռների ստուգում եւ այլն, դժվար թե լինի, քանի որ դա չի մտնում պարզեցված ընթացակարգի մեջ։

Քոչինյանը, օրինակ, չի պատկերացնում, որ հայերն էլ են օգտվելու այդ ճանապարհից, բայց ադրբեջանցիները դա կանեն․ «Ես իրոք չեմ պատկերացնում, որ կնստեմ մեքենան ու Ադրբեջանով Ռուսաստան կգնամ։ Իրենք դա կանեն, անգամ ուզում են գալ, Հայաստանում ապրել»: Եվ չի էլ հավատում՝ եթե անգամ գնա, ճանապարհին շարքային ադրբեջանցին դժվար թե խոչընդոտի իր ուղեւորությունը․ «Դժվար է պատկերացնել, որ մի ադրբեջանցի քարով կխփի մեքենային կամ այլ բան, գուցե քաղաքական ուժ նման բան սարքի, բայց ո՛չ շարքային ադրբեջանցիները»: Նույնկերպ քիչ հավանական է համարում, որ պարզեցված ռեժիմի ընթացքում ադրբեջանցիները մեր պետության տարածքում սադրանքների դիմեն․ «Այո, գուցե նարկոտիկը, զենքը պետք է ստուգել, բայց լոլիկը հո արկղ-արկղ չե՞ն ստուգելու, ռենտգենով կնայեն: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, ադրբեջանցին հիմա էլ ուզենա, Հայաստանով կգնա Նախիջեւան, Վրաստանով կմտնի Բագրատաշեն, ապա Երասխով՝ Նախիջեւան։ Այդ «միջանցք» բառն այնքան է արծարծվել, դրա համար էլ բոլորը պատկերացնում են, որ Մեղրիով պետք է միայն մտնեն Նախիջեւան։ Հիմա մենք ասում ենք՝ եկեք-անցեք-գնացեք, դա նշանակում է՝ որտեղից կարող ես, մտի Հայաստան, միջպետական համաձայնագրերով սահմանված ձեւակերպումներն անցիր ու գնա։ Ես կարծում եմ, որ իշխանությունները հասել են այն կետին, որ միջանցք չեն տալու, միջանցք՝ նշանակում է մի ճանապարհ ես տալիս, կողքերը ցանկապատ ես անում ու դու չես կարող այնտեղ մտնել, ինքը կուզի` կգնա, կուզի` կմտնի, ինչ կուզի` կանի, դա ադրբեջանական տարածք ես սարքում։ Դա չի լինելու, ես միշտ դեմ եմ եղել դրան, հիմա ոնց որ իշխանությունն էլ է եկել դրան»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031