Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած բնակչության ընդհանուր թվի աճին՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազել է

Հոկտեմբեր 11,2024 09:00

ՀՀ վիճակագրական կոմիտեն հոկտեմբերի 7-ին ցուցանիշներ հրապարակեց 2024թ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ: Այս տարվա 8 ամսում մեր երկրում ծնվել է շատ ավելի քիչ երեխա, քան 2023-ի կամ 2022-ի նույն ժամանակահատվածում: Նախնական տվյալներով` 2024-ի հունվար-օգոստոսին շուրջ 1700-ով քիչ երեխա է ծնվել, քան 2023-ին, կամ հազարով քիչ, քան 2022-ին:

Միևնույն ժամանակ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում պակասել է ծնունդների և ամուսնությունների թիվը, իսկ դրան հակառակ՝ աճել են ամուսնալուծությունների և մահվան դեպքերը:

Զուգահեռաբար, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանի մշտական բնակչության թիվը հատել է 3 միլիոնի սահմանը։ 2024թ-ի հուլիսի 1-ի դրությամբ այն կազմում է 3 057 800, ինչը 112 300-ով ավելի է 2023-ի հուլիսի 1-ի ցուցանիշից՝ 2 945 500-ից:

2023թ-ի առաջին կիսամյակում բնակչության ընդհանուր հավելաճը կազմում էր 8000, որից 4500-ը պայմանավորված է ծնունդներով և մահերով, իսկ 3500-ը միգրացիայի մնացորդով:

Այս տարվա առաջին կիսամյակում մեր բնակչության թիվն ավելացել է շուրջ 67 000-ով: Այս թվի գերակշիռ մասը՝ ավելի քան 64 000-ը, ըստ Վիճակագրական կոմիտեի, բաժին է ընկնում Արցախից բռնի տեղահանված և 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ հաշվառում ստացածներին:

 

ՀՀ մշտական բնակչության թվի աճը քաղաքական բանավեճի առիթ է

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանն օգոստոսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր (արխիվացված), թե 2019-ի համեմատ 2023թ․ դրությամբ Սյունիքի բնակչությունը նվազել է 15%-ով, Գեղարքունիքի բնակչությունը՝ 6%-ով, իսկ Տավուշինը՝ 4%-ով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ի պատասխան մեկնաբանության հատվածում պնդել էր, թե Առաքելյանը «մանիպուլատիվ ծաղկաքաղ է արել», և որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2023-ին Հանրապետության մշտական բնակչության թիվը 2019-ի համեմատ աճել է:

Բնակչության ընդհանուր աճի ու առանձին մարզերում բնակչության նվազման թեման կարելի է ստուգել պաշտոնական վիճակագրությամբ։

 

Ի՞նչ են պատմում թվերը

 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է շուրջ 2 959 700, իսկ արդեն 2023-ին հասել 2 991 200-ի: Այդ ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 31 500-ով:

Մշտական բնակչության մեջ ներառված են Հայաստանում մշտապես բնակվող, հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա անձինք։ 2024-ի հունվարի 1-ից նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները։

1-ին ինֆոգրաֆիկայում ներկայացված է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019թ. տարեվերջից մինչև 2023թ-ի տարեվերջը:

 

Հանրապետությունում մշտական բնակչության թվի աճը, սակայն, չի նշանակում, որ Մեսրոպ Առաքելյանի մատնանշած համայնքներում մարդկանց թիվը չի նվազել 2023-ի տարեվերջի դրությամբ:

 

2-րդ ինֆոգրաֆիկայում Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի բնակչության թվաքանակն է՝ 2019-2023 թվականների տարեվերջի դրությամբ։

 

 

Վիճակագրությունը փաստում է, որ Գեղարքունիքի բնակչության թիվը 2019-ի տարեվերջին կազմում էր 227 700 մարդ, իսկ 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 213 200: Այսինքն` 5 տարում Գեղարքունիքի մարզից հեռացել է 14 500 բնակիչ, կամ բնակչության 6%-ից ավելին:

Նշված ժամանակահատվածում մոտ 15%-ով կամ 20 900-ով էլ նվազել է Սյունիքի բնակչությունը՝ 137 300-ից հասնելով 116 400-ի:

Նույն ժամանակահատվածում՝ 2019-2023-ին, 5000 բնակչով կամ 4.1%-ով էլ նվազել է Տավուշի բնակչության թիվը․ 2019-ին այս մարզում ապրող 121 500 մարդու փոխարեն 2023-ին այստեղ ապրում էր 116 500 մարդ:

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ խնդրո առարկա ժամանակահատվածում՝ 2019-ից 2023-ը, Սյունիքից, Տավուշից և Գեղարքունիքից հեռացել է ավելի քան 40 000 մարդ։

Այսպիսով` Մեսրոպ Առաքելյանի պնդումը, որ 2023-ին՝ 2019-ի համեմատ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի բնակչության թիվը նվազել է, ճիշտ է:

Բաբկեն Թունյանի այն պնդումը, թե 2023-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019-ի համեմատ աճել է, ճիշտ է, սակայն ընդհանուր աճի մասին տվյալները չեն հակասում Առաքելյանի խոսքերին, քանի որ նրա հիշատակած երեք մարզերում բնակչության թվի նվազում իսկապես եղել է։

 

Ինչի հաշվին է ավելացել բնակչության թիվը Հայաստանում 2023-ին

Պաշտոնական վիճակագրությամբ 2020թ-ից սկսած մեր երկրում մշտական բնակչության թիվը 25 500-ով նվազել է: 2023-ին, սակայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը միանգամից աճել է շուրջ 53 000-ով, որից սակայն բնական հավելաճը՝ ծնունդների և մահերի հարաբերակցությունը, 12 000 է կազմում:

Մնացած ավելի քան 41 000-ն, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բնակչության պետական ռեգիստրում 2024-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված արցախցիների նախնական տվյալներն են:

2023-ին՝ նախորդող տարվա համեմատ, նվազել է ծնունդների թիվը:

Ընդհանուր հավելաճի միակ դրական տվյալը մահացության նվազումն է եղել, որը 2023-ին պակասել է մոտ 2400-ով:

 

Սոնա ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031