«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացրած որոշման վերաբերյալ իրենց հատուկ կարծիքներն էին հայտնել ՍԴ երեք դատավորներ:
Նրանցից մեկի՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանինը հակասող Հատուկ կարծիք էր, իսկ դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանինը՝ համատեղ համընկնող Հատուկ կարծիք: Ներկայացնենք Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների Հատուկ կարծիքներից հատվածներ, դրանք դատավորները ներկայացրել են հոկտեմբերի 7-ին:
Թովմասյանի հակասող Հատուկ կարծիքը 19 էջ է, իսկ Գրիգորյանի եւ Խաչատուրյանի համընկնող համատեղ Հատուկ կարծիքը՝ 18 էջ:
Կարդացեք նաև
«Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ». Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի Հատուկ կարծիքը
Սահմանադրական դատարանը, նախ՝ ինքն իրեն սահմանափակել է բացառապես Սահմանադրության նախաբանի շրջանակներում սահմանադրականության հարցի քննությամբ, ինչը Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Դրանով Սահմանադրական դատարանը, ըստ էության, խուսափել է Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգումից, ինչն իր ուղղակի պարտականությունն է՝ համաձայն Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի, 168-րդ հոդվածի 3-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի՝ համակցված նույն օրենքի 32-րդ հոդվածի հետ:
Սահմանադրության նախաբանի վերլուծությունը ընդհանրապես անհրաժեշտ չէր, քանի որ պարզ չէ, թե Հայաստանի անկախության մասին հռչակագրի որ ձեւակերպումն է, ըստ Սահմանադրական դատարանի, խնդիր առաջացնում կանոնակարգի վավերացման համար: Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի եւ իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որեւէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական եւ պատմական նշանակությունը, այլեւ վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։ Սահմանադրական դատարանը Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որեւէ տրամաբանությունից. Հռչակագրի առանձին դրույթներ համեմատել է Սահմանադրության դրույթների հետ, եւ հայտնաբերելով «հակասություններ», որակազրկել է Հռչակագրի նորմատիվային բնույթը: Սահմանադրությունը հղում չի անում Հռչակագրին որպես ամբողջությամբ գործող փաստաթուղթ, այլ հղման միջոցով սահմանադրական նորմատիվ բովանդակություն է հաղորդում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին: Այս առումով նախ հարկ է նշել, որ Հռչակագիրը գործող Սահմանադրության ընդունման շարժառիթներից մեկն է, եւ որպես Սահմանադրության ընդունման հիմք տեղ է գտել Սահմանադրության նախաբանում: Հետեւապես՝ կոպիտ մեթոդաբանական եւ տրամաբանական սխալ է 1995 թվականի, 2005 թվականի կամ գործող խմբագրությամբ Սահմանադրության համեմատությունը Հռչակագրի հետ, քանի որ այն չի հավակնել իրենով փոխարինելու Սահմանադրությունը: Գտնում եմ, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրի՝ նորմատիվային բնույթի անտեսումը կարող է վտանգել անկախացման գործընթացի լեգիտիմությունը եւ հանգեցնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական վտանգների ավելացմանը: Սահմանադրական դատարանի որոշումն աղավաղում է Սահմանադրության նախաբանի իմաստն ու նպատակը, քանի որ նախաբանին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը որեւէ հիմք չունի Սահմանադրության մեջ։ Սահմանադրական դատարանի կողմից արված մեկնաբանությունը հակասում է նաեւ նախաբանի ստեղծման պատմությանը։
…Սահմանադրական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ստեղծման եւ գործունեության սահմանադրականության հարցին, մինչդեռ այդ հարցը կանխորոշում է այդ հանձնաժողովների գործունեության արդյունքների իրավաչափությունը եւ Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Այս հարցի ամբողջական շրջանցումը պարզապես նշանակում է հրաժարում սահմանադրական արդարադատությունից, տվյալ գործով ՍԴ սահմանադրական գործառույթի փաստացի չեղարկում:
«Հարկ ենք համարում ընթերցողին նաեւ հիշեցնել, որ Սահմանադրությունը չի ընդունվել ոչ Սահմանադրական հանձնաժողովի, ոչ էլ Գերագույն խորհրդի կողմից». դատավորներ Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի համատեղ համընկնող Հատուկ կարծիքը
Մինչ 1990-1995 թվականների ընթացքում Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների ընթացքին անդրադարձը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ աշխատանքների ընթացքում քաղաքական կուսակցությունների, պետական պաշտոնատար անձանց, անհատ քաղաքական գործիչների եւ իրավաբանների դիրքորոշումները եւ կարծիքները Սահմանադրական դատարանի համար չէին կարող եւ չպետք է ունենային որոշիչ կամ առհասարակ՝ որեւէ նշանակություն այն պատճառով, որ Սահմանադրության նախագծի մշակման եւ ամբողջականացման գործընթացը չի կարող նույնականացվել Սահմանադրության ընդունման ակտի հետ։ Սահմանադրության ընդունումն ինքնին ոչ վերապահված է եղել Գերագույն խորհրդին կամ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովին, ոչ էլ իրականացվել է վերջիններիս կողմից։ Սահմանադրությունն ընդունվել է Հայ ժողովրդի կողմից, որը Սահմանադրության նախաբանի իմաստով Սահմանադրության ընդունման գործընթացում ուղղակիորեն ներգրավված եւ մասնակից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության ընդունման հարցին քվեարկությամբ պատասխանած քաղաքացիներն էին։
…Սահմանադրության նախագծի մշակման ողջ գործընթացը, որը գերակշռաբար եղել է քաղաքական գործընթաց՝ իրականացված քաղաքական մարմնի նախաձեռնությամբ (Գերագույն խորհուրդը), դրա կողմից ստեղծված քաղաքական ենթամարմնի (Սահմանադրական հանձնաժողովը) կողմից, լի է ներքաղաքական տիրույթում առկա կարծիքների եւ քաղաքական ուժերի ու անհատ քաղաքական գործիչների եւ հանձնաժողովում ներգրավված իրավաբան մասնագետների հակասական եւ տրամագծորեն հակադիր դիրքորոշումների միջեւ լայն համախոհություն (կոնսենսուս) գտնելու միջոցով ընդհանրական նախագիծ ներկայացնելու քաղաքական լուծում ենթադրող ենթալուծումների շարքով։
…Անհաշտ հակադիր դիրքորոշումների շրջանակում համախոհաբար քվեարկված եւ ընդունված նախագծի կամ դրա առանձին դրույթների ընդունման հարցում անորոշությունների ընդարձակ շարքի առկայությունից զատ՝ վերը նշված փաստագրական նյութերի ուսումնասիրությունն առաջին հերթին վկայում է հստակ ու որոշակի հետեւյալ իրողությունների արձանագրումը՝ թե Սահմանադրական հանձնաժողովում եւ թե Գերագույն խորհրդում տեղի ունեցած քաղաքական գործընթացներում.
ա) Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակման հարցը Հանձնաժողովի օրակարգ է մտել բացառապես մեկ հանգամանքի Սահմանադրությունում հիշատակման կամ ամրագրման խնդրի առնչությամբ՝ «Հայ դատի» (ըստ Սահմանադրական հանձնաժողովում ընդունված ընդհանրական բնորոշման, որը, սակայն, դրանից դուրս մանրամասների խիստ սակավ բովանդակություն է փոխանցում) հարցի առնչությամբ։ Արձանագրված չէ որեւէ հիշատակում այս խնդրից դուրս որեւէ այլ հարցի կամ նպատակի կապակցությամբ Հռչակագրի հիշատակման կամ դրանում նախատեսված որեւէ սկզբունքի կամ նպատակի ամրագրման հարցի շուրջ նույնիսկ քննարկում, ներառյալ՝ «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Նո. 1650-11 որոշման:
բ) Նույնիսկ «Հայ դատի» վերաբերյալ դրույթի ամրագրման մասով Սահմանադրական հանձնաժողովում հստակորեն գերակշռել է այն Սահմանադրության մեջ (ոչ նախաբանում եւ ոչ էլ որեւէ այլ դրույթում) չնախատեսելու դիրքորոշումը, որի առարկայացումը եղել է Սահմանադրության ամբողջ տեքստում նման ամրագրման իսպառ բացակայությունը 1990 թվականից մինչեւ 1994 թվականի հոկտեմբերի 8-ը, իսկ դրանից հետո նաեւ՝ Գերագույն խորհրդին ներկայացված նախագծի տեքստում «Հայ դատի» վերաբերյալ դրույթի ամրագրումից խուսափելու նպատակով Հռչակագրի հիշատակումը.
գ) Սահմանադրության նախաբանում Հռչակագրի հիշատակումը կատարվել է ոչ թե այն նպատակով, որ Հանձնաժողովում եղել է համախոհություն «Հայ դատի» խնդրի Սահմանադրությունում ամրագրելու շուրջ, այլ հետապնդել է նման ամրագրումից խուսափելու համար՝ Հռչակագրի հիշատակմամբ տրամագծորեն հակադիր եւ անհաշտ դիրքորոշումների միջեւ փոխզիջումային տարբերակի բացակայության բերումով անորոշության արձանագրմամբ Սահմանադրության նախագծի մշակման արդեն իսկ 4 տարի տեւած աշխատանքների վերջնարդյունքը՝ Սահմանադրության նախագծի վերջնամշակումը Սահմանադրական հանձնաժողովի կողմից եւ դրա հավանության համար որակյալ մեծամասնության ապահովումը Գերագույն խորհրդում չվտանգելու նպատակ։
«Հռչակագիրն ունեցել է գաղափարական պաշտպանիչ ուժը, որը Հայաստանի ողջ իրավակարգին եւ պետական իշխանության մարմիններին պաշտպանիչ վահանի դերակատարմամբ պատնեշել է Հայաստանի անկախության հարցում ժողովրդի ազատ կամարտահայտության հնարավորությունը». Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան ճանաչելով կանոնակարգն արձանագրել էր. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանն առաջին անգամ է առնչվում Հռչակագրի եւ Սահմանադրության դրույթների նորմատիվ հարաբերակցության խնդրին, սույն որոշման նախորդ մասերում ներկայացված վերլուծությունների խորությամբ վերը նշված վերլուծությունների հիմնավորումները չեն կարող ամբողջական լինել՝ առանց Հռչակագրի՝ այլ ակտերի վրա ունեցած ազդեցության եւ դրա արժեքի հարաբերակցության վերաբերյալ վերլուծության»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2024