Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը» Կրեմլի բառապաշարում է, արդեն` պաշտոնապես

Հոկտեմբեր 11,2024 12:00

Պուտինյան այսօրվա ՌԴ-ն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, հետեւաբար ռուսական ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` խնդիրներ լուծում, եւ ՀՀ իշխանությունների կողմից նաեւ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի դուրսբերմանը հասնելը` կլինի միանգամայն արդարացված քայլ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս Մոսկվայում էին, սակայն Վլադիմիր Պուտինի հովանու ներքո եռակողմ բանակցություններ չկայացան: Ադրբեջանական մամուլը վարկած էր առաջ քաշել, թե ի սկզբանե այդպիսի հանդիպման կազմակերպումն անհնար է եղել, քանի որ Փաշինյանն ավելի վաղ արդեն իսկ հրաժարվել է Մոսկվայի միջնորդությունից, նախընտրելով Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումները:

Ամեն դեպքում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում Փաշինյանի ու Ալիեւի` Պուտինի առանձին հանդիպումներից հետո հարկ էր համարել նշել, որ Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։ «Ոչ, եռակողմ հանդիպման վերաբերյալ չենք պայմանավորվել։ Այդպիսի գաղափար եղել է, բայց այն ինչ -որ մեկի կողմից չի ողջունվել», – նշել է Ուշակովը։

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո պաշտոնական Երեւանը ուշագրավ հաղորդագրություն տարածեց` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով, որից տեղեկանում էինք, որ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, եւ «մտահոգություն է հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ»։

Այնուհետեւ նշվում էր. «Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։

Բոլորի համար պարզ է, որ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի առկայությունը ՀՀ սահմաններին որեւէ տոկոսով պուտինյան այսօրվա Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը եւ նրանց ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` խնդիրներ լուծում:

Հետեւաբար, ՀՀ իշխանությունների կողմից ի վերջո նաեւ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի դուրսբերմանը հասնելը, կլինի միանգամայն արդարացված եւ կարեւոր դրական քայլ` Հայաստանի անվտանգության պաշտպանության հարցում դիվերսիֆիկացիայի հասնելու հարցում:

Այլ հարց է, թե Ռուսաստանի իշխանությունների մոտ Հայաստանի տարածքում «միջանցքի» տիրանալու անթաքույց մղման պայմաններում հնարավո՞ր է ռուսներին «հաջողություն» ասել, թե՞ ոչ: Այստեղ է, որ ի հայտ են գալու բարդություններ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչ հարցեր է քննարկել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում: «Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում՝ նախագահը յուրաքանչյուրի հետ մոտ կես ժամ խոսել է, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, «Զանգեզուրի միջանցքի» թեման նույնպես շոշափվել է»,- նշել էր նա։

Ադրբեջանական` «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, փաստորեն, Կրեմլի բառապաշարում է, արդեն` պաշտոնապես: Մնում է հասկանալ, թե Հայաստանի իշխանությունների մշակած եւ նրանց կողմից գովազդվող` «Խաղաղության խաչմերուկը», որի վերաբերյալ ավելի վաղ Մոսկվան նույնպես դրական է արտահայտվել, բացառո՞ւմ է նման «միջանցքի» գոյությունը…

«Ինչպիսին էլ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, լուծել, ստորագրել նոր համաձայնագրեր: Ստորագրված եւ վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,-ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը` Մոսկվայում էլ վստահեցնելով, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել համաձայնագիրն արդեն այս ամիս, եւ սա Երեւանի պաշտոնական դիրքորոշումն է, եւ ցույց տալով, որ ադրբեջանական կողմի մեղքով է այն ձգձգվում:

Ի դեպ, Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձագանքել է. «Երբ ամբողջը համաձայնեցվի»: Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիեւն ուսերն է թոթվել:

Մինչդեռ նույն հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իր առաջարկն արդեն արել է. «Ես կարծում եմ՝ բավարար համաձայնեցված բովանդակություն կա, որ ստորագրենք հենց հիմա»:

Ալիեւի` «երբ ամբողջը համաձայնեցվի» գնահատականը, ըստ էության, հակասում է Փաշինյանի` «ինչը համաձայնեցրել ենք` ստորագրենք» սկզբունքին: Եվ այս առումով, կարելի է եզրակացնել, որ Ալիեւը Մոսկվայում իրեն ապահովագրեց:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց մասում Փաշինյանն ասաց, թե շատ ուրախ է արձանագրել, որ վերջին ամիսներին ունեցել են բավական ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երեւան, ԵԱՏՄ միջկառավարական նիստ է անցկացվել Երեւանում։

Ռուսաստանի նախագահն էլ խոսեց Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրաշրջանառությունից, ասելով, որ այն հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ՝ հասնելով 8,2 միլիարդ դոլարի: Ապա Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին հրավիրեց Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ «Կարծում եմ՝ դա կլինի ե՛ւ օգտակար, ե՛ւ հետաքրքիր», – ասել է Պուտինը։

Նկատենք, որ Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը հաջորդ շաբաթ կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որին ակնկալվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը։

Ալիեւին Պուտինն ընդունել էր Փաշինյանից առաջ։ Ալիեւն ընդգծել է, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել Վլադիմիր Պուտինի այս ամռանը Ադրբեջան կատարած այցից հետո։ Պուտինն էլ իր հերթին ասել է, թե Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները դրական են զարգանում: Երկու երկրների երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմում է 4.3 միլիարդ դոլար, իսկ ռուսական ուղիղ ներդրումներն ադրբեջանական տնտեսության մեջ գերազանցել են 4 միլիարդը։

Ի դեպ, Մոսկովյան վերջին բանակցություններից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարկ համարեց շեշտել, որ Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Մոսկվան, Բաքուն ու Երեւանը: Բացի այդ, Օվերչուկը դժգոհել է, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա. «Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից եւ հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միեւնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում արդեն գրեթե երկու տարի, կամ՝ առնվազն անցած ամառվանից՝ մեկուկես տարի, առաջընթաց չկա»։ Միեւնույն ժամանակ Օվերչուկը վստահություն է հայտնել, որ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Հիշեցնենք, որ Օվերչուկն օրերս Հայաստանում էր։ Նա Երեւանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը կապեց նոյեմբերի 9-ի հայտարարության հետ. «Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից եւ որոնք արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին եւ օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքից»։ Իսկ ավելի վաղ` օգոստոսին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով Երեւանին մեղադրեց Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցում պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։ Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում արձանագրեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց եւ շեշտեց՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031