Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել լիբանանահայությանը

Հոկտեմբեր 11,2024 13:00

Իրավիճակն է դա թելադրում…

«Լիբանանը չի կարող Գազա դառնալ»,-հոկտեմբերի 5-ին Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ առաջնահերթություն համարելով Լիբանանում հրադադարի հաստատումը:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը փաստում է, թե ինչ բարդ եւ պայթյունավտանգ իրավիճակում է հայտնվել Լիբանանը, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների՝ 80 հազարից 120 հազար հայ է ապրում:

«Տագնապալի այս իրադարձություններից անմասն չէ նաեւ լիբանանահայությունը: Լիբանանի մեջ դժվար կացություն է: Պայթյունից հետո (նկատի ունի 2020-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունը -Ա.Ա.) Լիբանանն արդեն ծանր սոցիալ-տնտեսական վիճակում էր։ Ինչ-որ տեղ երկիրը սկսել էր ոտքի կանգնել, բայց, նորից, մեծ հարված ստացավ՝ սարսափելի այս պատերազմի տեսքով», -«Առավոտի» հետ զրույցում ասաց Բեյրութի բնակչուհի Ամալյա Մկրտչյանը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ իրավիճակից բխող հոգեբանական դժվարություններին։

«Հոկտեմբերի 5-ի գիշերը Բեյրութի ամենասարսափելի գիշերն էր: Հարվածները շատ էին եւ ուժգին: Քնել հնարավոր չէր: Փոքր տղայիս ասացի, որ դրսում կայծակում է, որպեսզի կարողանա քնել, իսկ մեծ եւ միջնեկ տղաներս, որոնք 15 եւ 14 տարեկան են, գիտակցում են եղելությունը: Նրանք ամբողջ գիշեր չքնեցին: Քնեցին միայն լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում: Այդ ձայների եւ ցնցումների ներքո իսկապես հնարավոր չէր քնել»,-պատմում է Ամալյան:

Ցավալի է, բայց մեր բարեկամ Լիբանանը՝ իր հայկական նշանակալից համայնքով հանդերձ, եւս մեկ անգամ վերահաս վտանգի առջեւ է հայտնվել:

Մեր զրուցակիցը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի դեսպանի խոսքով՝ հայաշատ բնակավայրերը անվտանգ են համարվում, իսկ վտանգի դեպքում հայկական կուսակցությունները հայտարարել են, որ համայնքին կօգնեն, կկազմակերպվեն:

Սակայն, հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելիությունը եւ իրավիճակով պայմանավորված հոգեբանական դժվարությունները՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանը պատրաստվի հնարավոր «վատ» սցենարներին, այն է՝ պատրաստվի լիբանանահայությանն ընդունել Հայաստանում:

Մեր հարցին՝ արդյո՞ք երկիրը լքելու մասին մտածող հայերը դիտարկում են Հայաստան տեղափոխվելու հեռանկարը, Ամալյա Մկրտչյանը պատասխանեց. «Անշուշտ, յուրաքանչյուր հայի մտքով առաջին հերթին Հայաստանն է անցնում: Շատ ծանոթներ ունեմ, որոնք արդեն Հայաստանում են անորոշ ժամանակով»:

Բնականաբար, գերադասելի է, որ Լիբանանը լքող հայերը հաստատվեն Հայաստանում: Քանի դեռ ժամանակ կա, պետությունը պետք է սա գիտակցի եւ նախապատրաստվի, անհրաժեշտության դեպքում, մեծաքանակ ներգաղթյալ-հայրենադարձների ժամանմանը:

Դա իր մեջ ներառում է թե՛ հատուկ թռիչքների կազմակերպման, թե՛ ժամանակավոր բնակեցման, թե՛ ինտեգրացիոն ծրագրերի մշակման, թե՛ կրթության եւ առողջապահության եւ թե՛ ամիսներ ձգվող բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու կամ նվազագույնին հասցնելու հետ կապված հարցեր:

Պետության համար դա, իհարկե, ծանր կլինի։ Այնուամենայնիվ, եկեք մի պահ մի կողմ դնենք հարցի զուտ հայրենասիրական կողմը, այն է՝ Հայաստանի բարոյական պարտավորությունը նեցուկ կանգնել արտերկրում բարդ կացության մեջ հայտնված իր հայրենակիցներին։ Եթե լիբանանահայության համար ստեղծվեն ապրելու համար նորմալ պայմաններ, նրանք կնպաստեն Հայաստանի տնտեսության բարելավմանը՝ կաշխատեն, կհարստացնեն իրենց մասնագիտական ոլորտները, բիզնեսներ կհիմնեն, հարկեր կվճարեն, նոր գաղափարներ, մտածելակերպ եւ մշակույթ կբերեն մեր երկիր եւ ի վերջո ընտանիքներ կկազմեն եւ երեխաներ կունենան։ Այսինքն, մեծաթիվ ներգաղթյալ-հայրենադարձների ընդունումը պետք է դիտարկել որպես զարգացման լավ հնարավորություն։ Սա, բնականաբար, երկարաժամկետ ծրագիր է եւ համբերություն ու հետեւողական աշխատանք կպահանջի։

Ներգաղթյալներին պատշաճ տեղավորելու համար միայն պետության ջանքերը բավարար չեն։ Հասարակությունն էլ պետք է դրան պատրաստ լինի։ Այսինքն, հայրենադարձների համար պետք է ներառական միջավայր ստեղծել։ Նրանց անվանարկելը, օրինակ՝ «ախպար» անվանելը կամ արեւմտահայերեն խոսքը ծաղրելը պետք է բացառել։

Տարիներ առաջ սեփական ականջներով եմ լսել, թե ինչպես են Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին ասում՝ «Իբր ստեղ շատ գործ կար, հիմա էլ էս սիրիահայերը եկան, մեր աշխատատեղերը գրավում են»։ Պետությունը, հասարակական կազմակերպությունները, կրթական ոլորտի ներկայացուցիչները, լրագրողներն ու մտավորականները պետք է խոսեն հասարակության հետ, որպեսզի սա չկրկնվի։ Մեր պետության եւ հասարակության նպատակներից պետք է լինի, որ Հայաստան տեղափոխված հայը, անկախ նրանից՝ նա տեղափոխվել է սեփական կամքով, թե իրավիճակից ելնելով, չդիտարկեն Հայաստանը լքելու հնարավորությունը։

Մեր մեկ այլ զրուցակից՝ 2020-ի հուլիսին Լիբանանից Հայաստան տեղափոխված, Ամերիկյան համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Գայա Բալյանը կարծում է, որ Հայաստանը շատ ապահով վայր է լիբանանահայերի համար։ «Հայ համայնքը, ինչպես նաեւ այլ լիբանանցի քրիստոնյաներ, Հայաստանը տեսնում են որպես շատ ապահով եւ մաքուր վայր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները՝ մի  բան, որը Լիբանանում հիմա չկա։ Կարծում եմ, որ ով ցանկանա տեղափոխվել այստեղ, կմնա այստեղ։ Սակայն, դժբախտաբար, այստեղ որոշ խնդիրներ կան։ Ընտանիքներ կան, որոնք ֆինանսական խնդիրներ ունեցան ցածր աշխատավարձի պատճառով եւ վերադարձան Լիբանան։ Նրանք, որոնք աշխատանքով ապահովված են, շատ են սիրում Հայաստանը»,-մեզ հետ զրուցելիս ասաց Գայան։

Այսպիսով, պետք է ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական մակարդակներում պատրաստ լինենք դեպքերի այնպիսի զարգացմանը, երբ Լիբանանի մեր հայրենակիցներն այլեւս հնարավոր չեն համարի անվտանգ կյանքն իրենց երկրում։ Իհարկե, դա շատ դաժան կլինի։ Սակայն եթե, այնուամենայնիվ, նրանք լքեն իրենց ծննդավայրը, հնարավորություն ունեն մեկ այլ ոչ պակաս հարազատ վայրում՝ հայրենիքում ապրելու։ Մնում է՝ Հայաստանում դրան պատրաստ լինեն։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031