Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալում ունեցած չարորակ նորագոյացությունը՝ հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցու՞մ․ օրենսդրությունը վերանայման կարիք ունի

Հոկտեմբեր 10,2024 17:45

Բազմաթիվ պացիենտներ ունենք, որոնք թե քաղցկեղը հաղթահարելուց հետո, թե բուժումն ու հղիությունը համատեղելով մայրանում են՝ ունենալով առողջ երեխաներ։ Այս մասին բարձրաձայնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժնի բժիշկ-քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը՝ չնայած այն փաստին, որ գործող օրենսդրությամբ՝ ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացությունների առկայությունը ներկայում կամ անցյալում բժշկական ցուցում են հանդիսանում հղիության արհեստական ընդհատման համար։

Նշենք, որ 12-22 շաբաթական հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու համար գործող օրենսդրությամբ սոցիալական ցուցումներից զատ ամրագրված են նաև բժշկական ցուցումներ՝ կնոջ կամ պտղի վիճակով պայմանավորված։ Եվ թեպետ օրենքի մեկ այլ դրույթով ամրագրված է, որ 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր համաձայնությամբ, այնուամենայնիվ անհասկանալի է, թե ինչու է, օրինակ, անցյալում ունեցած չարորակ նորագոյացությունը հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցում համարվում։

 

Աննա Թադևոսյանի խոսքով՝ քաղցկեղի բուժման ավարտից մոտավորապես 2-2,5 տարի անց կինը կարող է հղիանալ և առողջ երեխա ունենալ, պարզապես այդ դեպքում ևս հղի կինը պետք է գտնվի բժիշկների խիստ հսկողության տակ, որովհետև հղիության ժամանակ հնարավոր է հիվանդությունները գլուխ բարձրացնեն, եթե հսկողություն չլինի։

Բժիշկ-քիմիաթերապևտն ընդգծում է, որ եթե հղի կնոջ մոտ է հայտնաբերվում քաղցկեղ, այդ դեպքում բժիշկների բազմամասնագիտական թիմը քննարկում է հղիության պահպանման ու առաջին եռամսյակից հետո հակաքաղցկեղային բուժում նշանակելու հարցը. «Ընդհանուր առմամբ, հղիության առաջին եռամսյակում պետք է խուսափել քիմիաթերապիայի իրականացումից: Այս շրջանում, մասնավորապես առաջին մի քանի շաբաթվա ընթացքում իրականացվող բուժումը 20% դեպքերում կարող է հանգեցնել պտղի բնածին արատների առաջացմանը, օրգանների ֆունկցիայի խանգարմանը և ինքնաբուխ վիժեցմանը: Այսպիսով` քիմիաթերապիայի հետաձգումը մինչև առաջին եռամսյակի ավարտը համարվում է լավագույն մոտեցումը հատկապես քաղցկեղի վաղ փուլերի ժամանակ»։

Աննա Թադևոսյանը հավաստիացնում է, որ քաղցկեղը կարող է հղիության համար խոչընդոտ հանդիսանալ կապված տեղակայումից ու բարդության փուլից. «Հղի կնոջ բուժման տակտիկան կախված է ուռուցքի տեսակից, կառուցվածքից և փուլից։ Հղիության ընթացքում հակաքաղցկեղային բուժումը չի կարելի հետաձգել մինչ հղիության ավարտը, քանի որ այն կարող է հանգեցնել ուռուցքային պրոցեսի առաջընթացին և վատ անդրադառնալ կնոջ ընդհանուր ապրելիության միջին տևողության ցուցանիշների վրա:»:

Բժիշկ-քիմիաթերապևտի խոսքով՝ հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումը պետք է վերաբերվի այն դեպքին, երբ քաղցկեղի տեսակով պայմանավորված չեն կարող բուժումը հետաձգել մինչև հղիության առաջին եռամսյակի ավարտը՝ հաշվի առնելով, որ հետաձգումը կարող է կնոջ կյանքին վտանգ սպառնալ. «Երբ անհրաժեշտ է անհապաղ բուժում պրոգրեսիվող հիվանդության դեպքում` այս պարագայում առաջնահերթությունը տրվում է մոր առողջությանը, և բժիշկները սովորաբար կողմ են լինում հղիության արհեստական ընդհատմանը: Բայց, եթե կարող ենք սպասել առաջին եռամսյակի ավարտին՝ ապա ես կողմ չեմ հղիության արհեստական ընդհատմանը»։

Կնոջ վիճակով պայմանավորված բժշկական ցուցումներից են նաև ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդությունը, որը դրսևորվում է չարորակ նորագոյացություններով։

ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքներով զբաղվող «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը հերթական անգամ շեշտում է՝ ՄԻԱՎ-ն այլևս խոչընդոտ չի հանդիսանում առողջ երեխաներ ունենալու համար. «Գիտությունը, ժամանակակից դեղամիջոցները թույլ են տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող կինն ունենա առողջ երեխաներ, պարզապես կինը պետք է հետազոտվի և բժշկի ցուցմամբ իրականացնի կանխարգելիչ միջոցառումներ։ Կան դեղամիջոցներ, որոնք ցուցված են հղիության ընթացքում ընդունելու համար։»։

Եվ չնայած ՄԻԱՎ-ն ու չարորակ նորագոյացությունները հիմնականում կառավարելի են, այնուամենայնիվ գործող օրենսդրությունը բժիշկներին տալիս է հնարավորություն հղում կատարելու ամրագրված այդ ցուցումներին և 12 շաբաթականից հետո հղիության արհեստական ընդհատում կատարելու։

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ի և քաղցկեղի համակցվածությանը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժնի բժիշկ-քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը նշում է, որ ՄԻԱՎ-ը և քաղցկեղը կառավարելի են, և ինֆեկցիոնիստների հետ համատեղ կարող են իրականացնել թե հակաուռուցքային, թե հակառետրովիրուսային թերապիա՝ գնահատելով հղի կնոջ օրգան համակարգերի ֆոնկցիոնալությունը։

Ժենյա Մայիլյանն էլ ներկայացնում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ քայլերը. «Անհրաժեշտ է մոր կողմից ՀՌՎ (հակառետրովիրուսային) դեղերի ընդունումը հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ, ինչպես նաև անհրաժեշտ է պլանային կեսարյան հատման միջոցով (38-րդ շաբաթում) ծննդաբերություն, եթե առկա է մանկաբարձագինեկոլոգիական ցուցումներ և վիրուսային ծանրաբեռնվածություն։ ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը կանխարգելելու քայլերից է նաև երեխային հետկոնտակտային կանխարգելման տրամադրումը ծնվելուց հետո 4 ժամվա ընթացքում (4-6 շաբաթ կանխարգելիչ բուժում), ինչպես նաև կինը պետք է երեխային կերակրի համաձայն բժշկի ցուցման»։

Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ով ապրող կինը կարող է նաև բնական ճանապարհով ծննդաբերել, եթե հղիության ընթացքում առկա է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ և չկան մանկաբարձագինեկոլոգիական ցուցումներ․ «Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ սուր ՄԻԱՎ է և կնոջ առողջությանը վտանգ է սպառնում, կամ կան այնպիսի ուղեկցող հիվանդություններ, որոնք կարող են վնասել կնոջ առողջությունը»։

Ժենյա Մայիլյանը կարևորելով ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերումը՝ ընդգծում է, որ երբ զույգերը պլանավորում են երեխա ունենալ նախ պետք է ստուգեն ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը, և սկսեն ՀՌՎ դեղամիջոցների ընդունումը ՄԻԱՎ կարգավիճակը հաստատվելուն պես. «Հղիության ընթացքում պետք է օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ: Կարևոր է, որ զուգընկերը նույնպես հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ի փուլին, որը ՄԻԱՎ-ի վերջին փուլն է, նա շեշտում է, որ եթե մարդը չընդունի ՀՌՎ բուժում, դժվար է օրգանիզմի համար ֆունկցիոնալ մնալ, բայց նաև հավելում, որ նույնիսկ ՁԻԱՀ-ի փուլից հնարավոր է դուրս գալ, քանի որ ունեն բազմաթիվ պացիենտներ, ովքեր կարողացել են վերականգնել իմունային համակարգը։

Մասնագետների հիմնավորումներից կարելի է եզրահանգել, որ 2017թ. ուժի մեջ մտած ու մինչ օրս գործող հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատող ՀՀ կառավարության որոշումը վերանայման կարիք ունի։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031