Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Փաշինյան, սահմանագծված պրծած է, սյուներն էլ համարակալված են, ինչն եք սահմանագծում. Հրանտ Բագրատյան

Հոկտեմբեր 10,2024 16:10

«Մենք դեռեւս 2 տարի առաջ հարց բարձրացրինք, թե Ադրբեջանի հետ ի՞նչն եք սահմանազատում եւ սահմանագծում, երբ այդ գործը վաղուց արված է: Բոլորը պետք է հիշեն, թե ինչպես էր Փաշինյանն ասում՝ այո, այդպիսի աշխատանքներ տարվել են 80-ականներին, բայց Մոսկվան չի հաստատել: Մենք շարունակեցինք խորանալ, պարզվեց, որ Փաշինյանը ցինիկաբար ստում է:

1984 թ. Ադրբեջանը դժգոհ լինելով 1925թ սահմանագծումից (իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները մի անգամ սահմանագծվել են 1925-ին, այն ժամանակ էլ է մեծ վեճ եղել, եւ այս սահմանագծման համար կյանքով հատուցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք)՝ հույս ուներ, որ մեզանից նոր հողեր կպոկի: Այդ ժամանակ Հեյդար Ալիեւը ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի՝ Ռիժկովի առաջին տեղակալն էր»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ եւ Միասին շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը:

«Սկսվում են այդ աշխատանքները, ամեն կողմից երկու կողմից էլ ագրոպրոմի նախագահներն են լինում, այն ժամանակ հայկական կողմից Վլադիմիր Մովսիսյանն էր, Ադրբեջանի կողմից՝ Ռաիզադեն, հետագայում վերջինիս փոխարինում է Մամեդովը: Այդպիսով սկսում են սահմանագծել ընթացքում պարզվում է, որ մի բան էլ Հայաստանն ուզելիք ունի Ադրբեջանից:

Պարզվում է , որ Ադրբեջանի ներկայացրած պահանջները երեք անկլավների մասով (Տիգրանաշեն, Վերին Ասկեպար եւ Բարխուդարլի-Սուֆուլի), անհիմն են, որովհետեւ 1977թ ԽՍՀՄ Սահմանադրությամբ՝ միութենական հանրապետության սահմանը կարող է փոխվել, եթե նա դրան համաձայն է: Հայաստանն ասում է ՝ ցույց տվեք, որ այդ հողերը մենք ձեզ երբեւիցե հատկացրել ենք…Ադրբեջանը ցույց չի տալիս եւ ընդունում է փաստը, որ ինքը ոչ մի անկլավ էլ չունի: Շատ պնդում են Սոֆուլու-Բարխուդարլիի վրա, բերում են թղթերը:

Սոֆուլու-Բարխուդարլիի հետ կապված պատմությունը հետեւյալն է. 1969թ մի ադրբեջանցի կին ասում է՝ տղաս հիվանդ է, Իջեւանի օդն իր վրա լավ է գալիս, խնդրում ենք հող տվեք, տուն սարքենք, որ 12 տարեկան երեխաս չմեռնի: Հայաստանը մերժում է, Ադրբեջանի նախարարների խորհուրդը դիմում է Մոսկվա, այնտեղից թուղթ է գալիս, որ մի փոքր տեղ տվեք, թող ապրի: Հետո այդ տան կողքին եւս մի քանի տուն են կառուցում: Եվ երբ մերոնք ցույց են տալիս այս թղթերը ադրբեջանական պատվիրակությանը, հիշեցնում են, նրանք ամոթից գետինն են մտնում»,-հիշեցնում է Բագրատյանը:

Արծվաշենի մասով էլ ՀՀ նախկին վարչապետը նշում է, որ այն երբեք անկլավ չի եղել, դա հսկայական տարածք էր, որի կողքից հողահատկացումներ են արվել մասնավորապես 1939թ. «Տարբեր քարտեզագետների են հրավիրում, ոմանք խելոք են խոսում, ոմանք էլ ինչ-ինչ բաներ են դուրս տալիս, մինչդեռ այս բաներին պետք է լուրջ մոտենան: Ի դեպ, մենք այս թղթերը վաղը Դեմոկրատական կուսակցության գրասենյակում Միասին շարժման անունից հրապարակելու ենք:

1988թ հունվարի 12-ին Մամեդովը եւ Մովսիսյանը հաստատել են պրոտոկոլ՝ 9 կետից բաղկացած, որին կից կա 182 պրոտոկոլ՝ գյուղ առ գյուղ: Այդ թղթերի տակ կա նաեւ համամիութենական հողաշինական ինստիտուտի տնօրենի ստորագրությունը; Այդտեղ փաստվում է, որ կատարվել է սահմանագծում»,-պարզաբանում է Բագրատյանը: Նա պնդում է՝ 1466 սյուն հայկական կողմից էր դրվել, նույնքան էլ՝ ադրբեջանական կողմից:

«ՀՀ վարչապետն ինչքան անտեղյակ պետք է լինի, կամ լինի պարզապես խաբեբա, որ ԱԺ-ում հայտարարի, թե այդ բոլորը չի հաստատվել; Մոսկվայում հաստատելու կարիք չկար, պարոն Փաշինյան, սահմանագծված պրծած է, համարակալված են սյուները: Ի դեպ, ժամանակին, երբ Հեյդար Ալիեւը Ռիժկովի տեղակալն էր, նրան չի հաջողվել Ադրբեջանի օգտին ինչ-որ բաներ անել»,-հայտարարում է ՀՀ նախկին վարչապետը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031