ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերով զբաղվող ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն օրերս հրապարակել է «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ» վերնագրով զեկույցը, ուր անդրադարձել է արվել նաև Հարավային Կովկասի երկրներին, այստեղ Ռուսաստանի ազդեցության և ԱՄՆ քաղաքականության հարցերին։
Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ՝ նման եզրակացության է հանգել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում պատրաստված և օրերս լույս տեսած զեկույցը՝ «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ», որն առանձին գլխով անդրադառնում է Հարավային Կովկասին
Բացի Հարավային Կովկասից, զեկույցն անդրադարձել է նաև Ռուսաստանի ազդեցությանը բազմաթիվ այլ տարածաշրջաններում՝ ընդգծելով՝ «Ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, որոնք ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, Միացյալ Նահանգները պետք է իրականացնի համապարփակ ռազմավարություն՝ Ռուսաստանին դիմակայելու համար»:
Զեկույցի համաձայն՝ «Հարավային Կովկասը ներկայում վերապրում է խորը քաղաքական և ռազմավարական փոփոխությունների մի շրջան, որը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության փոփոխվող դինամիկայով: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում կլանել է նրա ռեսուրսները և էապես թուլացրել նրա ռազմավարական դիրքը Եվրոպայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»:
Կարդացեք նաև
Ըստ զեկույցի՝ «Հայաստանը, որը ավանդաբար Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, արագորեն հեռանում է Մոսկվայից, մինչդեռ Ադրբեջանը որդեգրել է համագործակցային մոտեցում Ռուսաստանի հետ՝ հավասարակշռելով իր երկարատև կապերը Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Միևնույն ժամանակ, Վրաստանի «Վրացական երազանք» կառավարությունը վերջերս որդեգրել է ավելի բացահայտ ոչ լիբերալ և ռուսամետ դիրքորոշում, որը հակասում է իր բնակչության հիմնականում արևմտամետ տրամադրություններին»:
Անդրադառնալով Հայաստանին՝ Հելսինկյան հանձնաժողովի զեկույցը արձանագրում է, որ Ռուսաստանի ազդեցության նվազումը հատկապես տեսանելի է Հայաստանում: «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հաղթանակ տարավ, Հայաստանն ավելի հեռացավ Մոսկվայից: Հետագա հարցումներում հայերը լայնորեն այն մտքին էին, որ Ռուսաստանը լքել է իրենց հակամարտության ժամանակ և չի կատարել իր պարտավորությունները որպես անվտանգության երաշխավոր»,- նշում են հանձնաժողովում:
Հրապարակման հեղինակների ներկայացմամբ՝ վերլուծական շրջանակներում այն տեսակետն է, թե Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական ռազմական գործողություններին՝ ուղղված Հայաստանի և այժմ արդեն բնակչությունից զրկված Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ներառյալ Բաքվին զենքի գաղտնի մատակարարումներով Կրեմլի արբանյակը հանդիսացող ռեժիմի՝ Բելառուսի միջոցով: Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացահայտորեն քննադատել է Ռուսաստանի աջակցության պակասը և ձեռնարկել քայլեր՝ նվազեցնելու Հայաստանի կախվածությունը ռուսական ռազմական և տնտեսական կառույցներից: Սա ներառում է Հայաստանի անդամակցության փաստացի կասեցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և Արևմուտքի հետ սերտ կապեր հաստատելու ցանկության հստակ ցուցաբերումը:
Ադրբեջանի մասին՝ զեկույցն արձանագրում է, որ Բաքուն, որի արտաքին քաղաքականությունը վաղուց է հիմնված գործարքային և պրագմատիկ մոտեցումների վրա, թուլացրել է իր հարաբերությունները Արևմուտքի հետ, որն ուղղված էր տարածաշրջանում ռազմական գերակայության հասնելուն:
Չնայած Բաքուն սերտ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, այն նաև պահպանում է «դաշնակցային» հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ադրբեջանի որոշումը դաշնակցային կարգավիճակ հաստատել Ռուսաստանի հետ հարաբերություններում 2022 թվականին՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժումից ընդամենը ժամեր առաջ, թերևս, արտացոլված է այն գործարքում, ըստ որի Ադրբեջանը հրաժարվեց իր արևմտյան կապերից՝ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու համար՝ Հայաստանին ճնշելու և տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով:
Ըստ Հելսինկյան հանձնաժողովի, սակայն, այս մոտեցումն ունի իր մարտահրավերներ: Չնայած Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդիսանում են ավտորիտար ռեժիմներ, Մոսկվայի հետ կապերը Բաքվին ավելի կախված են դարձնում ռուսական տարածաշրջանային գերիշխանությունից: Մոսկվան վճռական է տրամադրված պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ դիվանագիտական, ռազմական և տնտեսական ռազմավարությունների համադրությամբ՝ ասված է զեկույցում:
Հրապարակմամբ Հելսինկյան հանձնաժողովը անդրադառնում է նաև Միացյալ Նահանգների քաղաքականությանը Հարավային Կովկասում՝ արձանագրելով, որ տարածաշրջանի երկրների քաղաքական կողմնորոշումների նկատմամբ ԱՄՆ ավանդական պատկերացումները հնացել են:
Զեկույցում նշված է, որ տասնամյակներ ի վեր Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնված էր համեմատաբար պարզ պատկերացումների վրա. «Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, Վրաստանը՝ որպես արևմտամետ գործընկեր, իսկ Ադրբեջանը՝ բազմակողմանի մոտեցում որդեգրած պետություն, որը հավասարակշռում է իր հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Սակայն վերջին զարգացումները փոխել են այս պատկերացումները՝ բացահայտելով ավելի բարդ և դինամիկ աշխարհաքաղաքական մի լանդշաֆտ»:
Փաստաթուղթն ընդգծում է, որ այսօր Ռուսաստանի երբեմնի սերտ դաշնակից Հայաստանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր ներկայանում է որպես ԱՄՆ համար հնարավոր ժողովրդավարական գործընկեր և Արևմուտքի հետ խորը համագործակցություն ունեցող թեկնածու-երկիր:
Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Վրաստանի քաղաքական փոփոխությունը նկատելի մարտահրավեր է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համար: Վրաց կառավարության ռուսամետ ընթացքը և նրա աճող ոչ ազատական ներքին քաղաքականությունը մտահոգություններ են առաջացրել Վաշինգտոնում և արևմտյան այլ մայրաքաղաքներում:
«Սակայն վրացական հասարակությունում առկա ուժեղ արևմտամետ տրամադրությունները ենթադրում են, որ դեռևս առկա է ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերականգնման հնարավորություն»,- պնդում են զեկույցի հեղինակները:
Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դիրքերին՝ զեկույցը արձանագրում է, որ Ադրբեջանի պարագայում առկա են այլ մարտահրավերներ և հնարավորություններ: «Չնայած Բաքուն ձևավորել է ամուր համագործակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, այն որոշ առումներով դեռ կարող է հանդես գալ ԱՄՆ կառուցողական գործընկեր»,- գտնում են հանձնաժողովում՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները և երկրում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները սրել են Բաքվի հարաբերությունները Արևմուտքի հետ:
«Այս մարտահրավերներին դիմակայելու համար ԱՄՆ-ն պետք է որդեգրի մի մոտեցում, որը համադրում է դիվանագիտական ճնշումը տնտեսական և քաղաքական լծակների կիրառման հետ: Վաշինգտոնը պետք է հստակեցնի, որ Արևմուտքի հետ բարելավված հարաբերությունները, և դրանցից բխող տնտեսական և անվտանգային կոնկրետ առավելությունները, կախված են Ադրբեջանի հանձնառությունից՝ Հայաստանի հետ հասնել կայուն և արդար խաղաղության, հեռու մնալ Կրեմլի կայսերապաշտական օրակարգից և բարելավել երկրում մարդու իրավունքների վիճակը: Այս սկզբունքները պետք է լինեն ոչ բանակցելի և հստակ կիրառելի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի պարագայում: Միաժամանակ, ԱՄՆ-ն կարող է առաջարկել ավելի սերտ համագործակցության ուղի՝ ցույց տալով, թե ինչպես Արևմուտքի հետ ավելի սերտ գործընկերությունը կարող է ավելի մեծ կայունություն և բարգավաճում բերել Ադրբեջանին և ընդհանրապես տարածաշրջանին»,- նշված է զեկույցում:
Հրապարակման մեջ ընդգծված է, թե որքան կարևոր է Ուկրաինայում հակամարտության ելքը Հարավային Կովկասի ապագայի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ կայսերապաշտական նկրտումները: «Ուկրաինայի հաղթանակը կենսական է ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանության, այլև Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցման համար: Ուկրաինայի հաղթանակը նշանակալի հարված կհասցնի Ռուսաստանի՝ իր այսպես կոչված «մոտիկ արտասահմանում» ազդեցությունը պահպանելու կարողությանը, ներառյալ Հարավային Կովկասում»,- պնդում են Հելսինկյան հանձնաժողովի զեկույցի հեղինակները:
Զեկույցը գտնում է, որ Ռուսաստանի ազդեցության կրճատմանը զուգահեռ Արևմուտքի համար հնարավորություն է առաջանում ավելի ակտիվ դեր խաղալ Հարավային Կովկասի ապագայի ձևավորման գործում:
Ըստ հրապարակման՝ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պետք է աշխատեն փոխել տարածաշրջանում ուժի կենտրոնը՝ այն Մոսկվայից տեղափոխելով դեպի ավելի արևմտյան և տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը պետք է նշանակի Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային կարևոր դերակատարի ավելի մեծ ինտեգրում: Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանային այս մոտեցումը կսահմանափակի Ռուսաստանի ազդեցությունը՝ ուժեղացնելով տեղական դերակատարներին, որը օգտակար է Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունության համար:
Զեկույցում ներկայացված են առաջարկություններ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ: Հայաստանի պարագայում՝ հանձնաժողովը գտնում է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդլայնի իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ ճանաչելով այն որպես ժողովրդավարական գործընկեր՝ խորը համագործակցության ներուժով: Դա կարող է ներառել ԱՄՆ համար Հայաստանի կարգավիճակի փոփոխում՝ հենվելով այս տարվա սկզբին ձեռք բերված երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին պայմանավորվածության վրա:
Բացի այդ, ըստ զեկույցի, Միացյալ Նահանգները պետք է ավելի կայուն և էական դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Հայաստանի ջանքերին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, Ադրբեջանի հետ ամուր խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային մեկուսացումը նվազեցնելու և անվտանգության ու տնտեսական գործընկերությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: