Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը. Գերմանիայի նախագահը՝ ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 09,2024 21:33

Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը:

Ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը, Գերմանիայի նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար:

Բեռլինի «Հատուկ օլիմպիական խաղերին» մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ձեր տարածաշրջանի տարբեր իրողություններ և զարգացումներ: Ներկայումս էլ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և հակամարտություններ և այս տեսանկյունից Կայունության համաժողովը կարևոր բովանդակություն ունի՝ ավելի խաղաղ ու զարգացող աշխարհ ունենալու համար:

Պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով և տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է: Հուսով եմ նաև, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար:

Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում:

Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա է երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ:

Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես ամբողջ աշխարհում»,– ասել է նախագահը:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031