Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Սիրավյանի Փարաջանովը» խորագրով յուրահատուկ ցուցահանդեսը, որը նվիրված է Հենրիկ Սիրավյանի ծննդյան 95-ամյա եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Ներկայացված են ավելի քան 50 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, նաեւ Փարաջանովի թանգարանի հավաքածուից որոշ գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:
Ցուցահանդեսի բացմանը Հենրիկ Սիրավյանի զավակները տարբեր հետաքրքիր դրվագներ պատմեցին, օրինակ ավագ որդին՝ Դավիթ Սիրավյանը հիշեց. «Հայրս պատմում էր, որ երբ մաման ինձանով հղի էր, «Նռան գույնի» պրեմիերան էր Կինոյի տանը, Փարաջանովը վեր է կացել, իր տեղը զիջել է մայրիկին»:
Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող եւ ցուցահանդեսի համադրող Զարուհի Դիլանյանի խոսքով. «Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է հիմնականում բնանկարի եւ գեղանկարի ժանրերում: Դիմանկարներ ստեղծելիս ավելի վառ եւ ինքնատիպ անհատների է ընտրել եւ անհատի բնութագրման իր տիպը ներառել կտավներում…
Կարդացեք նաև
Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս նկարիչը ցուցաբերել է առանձնահատուկ մոտեցում, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձեւով էր ապրել եւ վերածել արվեստի, դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին՝ Սիրավյանի գործերում ձեռք է բերել ֆանտաստիկ հերոսի դիմագիծ: Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, եւ այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ ՄԱՐԴ-ՏՈՆԸ…»:
Սիրավյանի մյուս որդու՝ Գագիկ Սիրավյանի խոսքով, այսքան մարդկանց ներկայությունը ցուցահանդեսին չափազանց հուզիչ է դարձնում պահը: Նա վստահ է, որ երբ բարի ցանկությունները միավորվում են, առաջանում է ջերմ էներգիա, որի արդյունքն էլ այս ցուցահանդեսն է ծնվել. «Ցուցահանդեսները ոչ միայն մեզ համար են տոն, արվեստասերների համար են տոն, այլեւ նկարների: Գաղտնիք չէ, որ նկարները տարիներ շարունակ սպասում են իրենց ժամին՝ կարոտ լինելով մարդկանց աչքերի, լույսի, հանդիսատեսի հետ շփվելուն…»:
Գագիկ Սիրավյանը նշեց, որ իրենց երազանքն էր նման ցուցահանդես ունենալը, Հենրիկ Սիրավյանի ցուցահանդեսին հատկապես սրտի թրթիռով սպասում էր նրա տիկինը, ում հորդորով էլ 1993թ բացվել է Սիրավյանի առաջին ցուցահանդեսը, երբ նկարիչը 65 տարեկան էր:
Ինչ վերաբերվում է այն հարցին, արդյոք Սիրավյանն ու Փարաջանովը մտերիմներ են եղել, Գագիկ Սիրավյանը փոխանցեց հոր խոսքը. «Մենք ընկերներ չէինք, բայց հաճախ էինք հանդիպում, շփվում, ես անմիջապես ընդունեցի նրա էսթետիկան, ընդունեցի նրան՝ որպես անհատի ու նկարչի, եւ կարծում եմ՝ խորապես հասկացա նրան»:
Գագիկ Սիրավյանը հիշում է, որ հայրն ափսոսանքով էր ասում, թե չկարողացանք պահել Փարաջանովին, եւ նրա ձեւակերպմամբ, այս նկարները ինչ-որ չափով մեղքերի քավության արտահայտություն են:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով, այս ցուցադրությունում մի արվեստագետ դիտարկվում է մեկ այլ արվեստագետի հայացքով, մի արվեստագետի ճանաչում եւ բացահայտում ենք մեկ այլ արվեստագետի վրձնով, ու տվյալ պարագայում բացահայտող արվեստագետը Հենրիկ Սիրավյանն է .«Ցուցահանդեսի կոնցեպտը յուրահատուկ է, երկու արվեստագետների երկխոսություն է, դիալոգային միջավայր է ձեւավորվել, եւ մենք գեղանկարչական եւ գրաֆիկական յուրատիպ շարքերի միջոցով ուսումնասիրում ենք Փարաջանովի շատ յուրօրինակ ուղին Սիրավյանի վրձնի կերպավորմամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ