Միջնորդում եմ նշանակել պատիժ ազատազրկում երկու տարի ժամկետով և լրացուցիչ պատիժ»․ դատախազը՝ Ռուբեն Վարդազարյանի մասին։
«Գտնում եմ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով։ Նրան մեղսագրվող արարքը որակված է ճիշտ»,- Հակակոռուպցիոն դատարանում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել է հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։
Դատախազն իր ճառում մեջբերեց Ռուբեն Վարդազարյանի և Անդրանիկ Սիմոնյանի միջև տեղի ունեցած խոսակցություններից հատվածներ, որոնք ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը՝ կրիչով։
Կարդացեք նաև
Դատախազը կարդաց խոսակցություններից մեկի սղագրությունը․
Վարդազարյան-Պարո′ն Սիմոնյան, ողջույն։
Սիմոնյան-Բարև Ձեզ, պարոն Վարդազարյան, նիստի էի, դրա համար չկարողացա վերցնել, նոր տեսա, որ երեկ էիք զանգել։
Վարդազարյան-Հասկացա, ո՞նց եք։
Սիմոնյան-Նորմալ, Դուք ասեք։ Ո՞նց եք։
Վարդազարյան-Ես նորմալ էլի, տանը քովիդով հիվանդ կա, ես էլ մեկուսացած փորձում եմ մնալ։ Դուք լա՞վ եք, ձեզ մոտ չկա՞ քովիդ հարազատների մեջ։
Սիմոնյան-Չէ, պարոն Վարդազարյան։
Վարդազարյան-Դե, պինդ պահեք Ձեզ։
Սիմոնյան-Շնորհակալություն։
Վարդազարյան-Ուզում եմ իմ՝ էն անցյալ անգամվա ասածը հիշեցնել․ ոնց որ այսօր է նիստը։
Սիմոնյան-Հա, Վահագի նի՞ստը, բայց ես ինչքանով հասկացա՝ այսօրվա նիստը չի լինելու, պաշտպանները չեն գալու։
Վարդազարյան-Բայց ես ինչքան գիտեմ՝ գալու են պաշտպանները։
Սիմոնյան-Ինեսան էլ ասել է, որ չի գալու։
Վարդազարյան-Ուրիշ, նոր մարդ է գալու։
Սիմոնյան-Հնարավոր է՝ նոր մարդ գա, մասնակցի։
Վարդազարյան-Գալու է՝ լիազորագրով։ Ընդամենը ուզում էի իմ՝ անցյալ անգամվա ասածը, խնդրանքը հիշեցնել։
Սիմոնյան- Հա, պարոն Վարդազարյան, թող գա, նայեմ, եթե ինչ-որ հնարավոր լինի այլ խափանման միջոց, ես Ձեզ անցյալ անգամ էլ ասացի, որ ի նկատի կունենամ։
Վարդազարյան-Շատ լավ, եղավ, շնորհակալություն։
Սիմոնյան- Լավ, պարոն Վարդազարյան։
Դատախազը մեկ ուրիշ խոսակցությունից սղագրություն ներկայացրեց։
Սիմոնյան-Վահագի նիստը երկուսին է, հիմա Ձեր ասածը Մարինայի մասո՞վ է, թե՝ նաև Վահագին է վերաբերում։
Վարդազարյան-Էդ նիստի հետ Վահագի մասին է, Մարինան կապ չունի․ այսինքն՝ Վահագին ներկայացնում է Մարինան, Մարինան է նրա պաշտպանությամբ զբաղվում։
Սիմոնյան- Հա։
Վարդազարյան-Մենք ինչ անում ենք, այս աղջկա բերանն է ընկնում, ու սկսում է փնովել։ Եթե պատրաստ է ինչ-որ բանով Վահագին օգտակար լինել, նայենք, եթե իրականում նոր հանգամանք կա։
Սիմոնյան-Հասկանալի է, պարոն Վարդազարյան։
Վարդազարյան-Ես ուզում եմ, որ մենք Մարինայի բերանում ծամոն չդառնանք։ Եթե հիմքեր կան։
Սիմոնյան- Ըհը։
Վարդազարյան-Ես գլխավոր դատախազի հետ էլ եմ խոսել։ Մի հատ շատ տհաճ պատմություն կա այդ գործի մեջ։ Եթե սկսենք ապացույցների հետազոտումը, եթե շաբաթը մեկ ռեժիմով նիստ նշանակեք, ապացույցների հետազոտումը մոտ վեց տարի է տևելու։ Այդ ձայնագրությունները խնդիր են առաջացնում։ Դատախազությունն ասում է՝ բոլորը պետք է լսենք։
Սիմոնյան-Հասկացա։
Վարդազարյան-Իմ խնդրանքն է՝ եթե տեղ կա գրավ կիրառելու, կարելի է գրավ կիրառել ու հետո դատել նորմալ այդ մարդուն, ոչ թե Մարինայի բերանին ծանոմ դառնալ ու դատախազության կամակատար լինել։
Սիմոնյան-Շատ լավ, հասկացա, պարոն Վարդազարյան։
Դատախազն ամփոփելով ճառը ասաց, որ պահանջում է երկու տարվա ազատազրկում Ռուբեն Վարդազարյանի համար․ «Հաշվի առնելով ամբաստանյալ Ռուբեն Վարդազարյանի կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցանքի կատարման եղանակը, վերջինիս ակտիվ դերը նշված հանցանքում, քրեական օրենսդրությամբ ապահովող հասարակական հարաբերությունները, հանցագործության կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, հաշվի առնելով, որ պատժի նպատակին հասնելը հնարավոր է միայն ազատազրկմամբ՝ միջնորդում եմ Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով հանցանքի կատարման մեջ և նշանակել պատիժ ազատազրկում երկու տարի ժամկետով։ Որպես լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից երկու տարի զրկելը։ Խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը»։
Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ