Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում Լոզանի համալսարանի մասնաճյուղին մի շենքը բավարար չէ․ կհատկացվեն նաև այլ կառույցներ

Հոկտեմբեր 09,2024 19:40

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը օրերս Շվեյցարիայում էր․ մասնակցում էր Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված (UNECE) Քաղաքապետերի չորրորդ ֆորումին՝ «Քաղաքների ապագայի գագաթնաժողովին», Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի, «Արմենիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Գաբրաշի, Լոզանի համալսարանի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանի, Գյումրիի հյուրընկալության դպրոցի լոզանյան ներկայացուցիչ Շառլ Էռնեստ Գագուիկ էգլիի հետ այցելել է նաև Լոզանի հյուրընկալության դպրոց ու տեղում ծանոթացել ուսումնական այս հաստատության պայմաններին, գործունեությանը։

Ինչպես հայտնի է, Գյումրիում ևս բացվելու է Լոզանի համալսարանի մասնաճյուղ և այդ նպատակի համար քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը, որը տրամադրվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, վերջերս փոխանցվեց Լոզանի հյուրընկալության դպրոցին։

Քաղաքապետը, որը շատ է տպավորված Լոզանի համալսարանի հյուրընկալության դպրոցով, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրու պատմական միջուկում գտնվող շենքից բացի դիտարկելու են այլ կառույցներ ևս Լոզանի հյուրընկալության դպրոցին հատկացնելու հարցը։

«Հրաշք մի տեղ է Լոզանի հյուրընկալության դպրոցը, գրեթե 3-4 ժամ շրջել ենք ամբողջ համալսարանի տարածքում։ Ղեկավարության հետ խոսեցինք, բացի Գյուլբենկյանի նախկին հիվանդանոցի շենքից, որը տրամադրել ենք Լոզանի համալսարանի մասնաճյուղին, այլ շենքեր են պետք, քանի որ այն շատ սենյակների, մեծ տարածքի կարիք ունի։

Լոզանի հյուրընկալության դպրոցի շենքը 8 հեկտար հողատարածքի վրա էր՝ 1893 թվականին ստեղծված։

Այս ծրագիրն իրագործող մեր շվեցարահայ հայրենակիցը՝ «Արմենիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Գաբրաշը հենց այդ դպրոցն է ավարտել, դեռ 20-30 տարի առաջ նրա երազանքն է եղել Հայաստանում հյուրընկալության դպրոց հիմնել։

Այդ բախտը հիմա վիճակվել է Գյումրի քաղաքին, մենք էլ մեր շնորհակալությունը հայտնեցինք, շփվեցինք։ Նախագիծն ընթացքի մեջ է, հիմա իրենք պիտի գան, նայենք ինչ է ստացվելու։

Գյուլբենկյանի նախկին հիվանդանոցի շենքը փոքր է, այլ կառույցներ ևս դիտարկելու ենք, Լոզանի համալսարանի պայմաններն ամբողջությամբ նկարել ենք՝ լսարանները, հյուրասենյակները, այս ամենը պիտի փորձենք նույնականացնել Գյումրիում»,-ասաց քաղաքապետը։

Aravot.am-ի հարցին՝ այս ծրագիրը ռոմանտիկ չէ՞, ինչպես ասենք «չոր նավահանգիստը» կամ «օդային տրամվայը», Վարդգես Սամսոնյանն ասաց․ «Ոչ, ռոմանտիկ չէ, մենք ընդհուպ մարդկանց շնորհակալություն ենք հայտնել, որ կանգ են առել Գյումրու վրա։ Լոզանի համալսարանը աշխարհում ճանաչված հաստատություններից է, այնքան հեղինակություն ունի, որ ով ավարտական վկայական ստանա, ցանկացած տեղ կարող է աշխատել։

Հյուրանոցային համարներ կան, խոհարարական մաս կա, ծառայությունների մատուցման ոլորտ կա, բիզնեսի ոլորտն առանձին է, եթե ընտրել ես այս ոլորտը, կարող ես բիզնես կառավարել։ Այն, ինչ մեր առօրյա կյանքում կա ծառայությունների մատուցման հետ կապված, այդ ամենը կա Լոզանի համալսարանում՝ բանկեր, խոհարարություն, հյուրանոցային բիզնես։ Իրենք զրո կետից սովորեցնում են, և մասնագետը պրոֆեսիոնալ է դառնում ավարտելուց հետո։

Այնտեղ մեր հայրենակիցներից մեկի տղան է սովորում, ծանոթացանք, արդեն ավարտում էր, ասում էր՝ արդեն պատրաստ եմ իմ ստացած գիտելիքը առօրյա կյանքում օգտագործելու։ Շփման, խոսքի, ճիշտ բառեր ընտրելու վրա ևս մեծ ուշադրություն են դարձնում այդ դպրոցում, հեքիաթային մի տեղ էր, չորս ժամ շրջագայությունը մի քանի րոպե թվաց մեզ։

Որ մասնաճյուղը սկսի գործել Գյումրիում, մեր երկրի համար էլ են պետք այդ ծառայությունները։ Դա մեծ հեղինակություն ու ճանաչելիություն կբերի Գյումրիին։ Պատկերացրեք այդքան ուսանող՝ բավական մեծ թվով, ապահովված ընտանիքներից սովորում են Լոզանում, վարձը բավական բարձր է, բայց եթե մենք կարողանանք մասնաճյուղը նույն ձևի գործարկել, այդքան ուսանող գա Գյումրի, մնա, գումարը ծախսի այս քաղաքում, հոյակապ բան կլինի, էլ չեմ ասում, որ Գյումրու սպասարկման ոլորտը կբարելավվի։

Շուտով կգան, մենք հյուրանոցներից մեկում՝ «Ափրիկոտում» սկսելու ենք փորձերը, կան աշխատանքներ, մենք ասել ենք առավելագույնը կանենք, որ այս ծրագիրը կյանքի կոչվի»։

Մենք հետաքրքրվեցինք՝ Գյումրու պատմական միջուկի՞ց են այլ կառույցներ համալսարանի մասնաճյուղին տրամադրելու, քաղաքապետը պատասխանեց, որ իրենց համար կարևորը հարմարավետ պայմաններն են։

«Իրենց համար կարևոր չէ պատմական շենքերի ներգրավվածության անհրաժեշտությունը, դա մեզ համար է կարևոր, զբոսաշրջիկի համար է կարևոր, որ գա ծանոթանա պատմությանը, բայց ուսանողի համար կարևոր չէ։

Այդ մասով չենք խոսել, չենք քննարկել։ Հուսով եմ՝ այս դպրոցը նաև գիդեր կպատրաստի, որ պատմությունը կարողանան ճիշտ ներկայացնել՝ ճիշտ բառերով, չխեղաթյուրեն»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լոզանի հյուրընկալության դպրոցի լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031