Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացել է «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբեր 09,2024 18:33

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին։

Գրքի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը։ Գրքի հեղինակներն են Գոհար Իսկանդարյանը, պատմական գիտությունների թեկնածու Լիանա Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտյոմ Տոնոյանը, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը։

Գիրքը ներկայացրեց Գոհար Իսկանդարյանը։ Նա իր ելույթում, մասնավորապես, ասաց․ «Գրքի «Հայաստանի և Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին» ենթաբաժնում, որի հեղինակը ես եմ, ներկայացվել է ՀՀ անկախությունից հետո ձևավորված հայ-իրանական հարաբերությունները, Իրանի մոտեցումները արցախյան խնդրին, և Իրանի դիրքորոշումն արցախյան վերջին պատերազմին ու տարածաշրջանում առաջացած նոր իրողություններին։ Հարցազրույց է անցկացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Օգտագործվել է Արտաքին գործերի նախարարության պատմադիվանագիտական արխիվը։ Առաջին անգամ օգտագործվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուշերը, որտեղ մեծ հատված կա Արցախյան խնդրի վերաբերյալ, ինչպես նաև վերջերս տպագրված Իրանի Իսլամական Հանրապետության նախկին Արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հուշերը, որտեղ հետաքրքիր փաստեր կան արցախյան վերջին պատերազմի և Իրանի միջնորդական առաքելության փորձերի մասին։

Լիանա Պետրոսյանը, ով թեմատիկ խմբում երիտասարդ հետազոտողն էր, ուսումնասիրել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունները անկախությունից ի վեր՝ օգտագործելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մշտադիտարկել է իրանական մամուլը։

Քրիստինե Մելքոնյանի ուսումնասիրության առարկան է եղել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարավային Կովկասում 1991-2023թթ․։ Հեղինակն աշխատանքում ներկայացրել է վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի հարավկովկասյան հանրապետությունների հետ ձևավորած հարաբերությունները և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման նոր փուլի թևակոխումը։

Ալեն Ղևոնդյանը պատասխանատու է «ՀՀ-ՌԴ և ՀՀ-ՀԱՊԿ փոխհարաբերությունները հարավային Կովկասում  ուժային հավասարակշռության փոխակերպման ներկա փուլում» հատվածի համար, որտեղ հետազոտողը ոչ միայն իրականացրել է դաշտային աշխատանք, այլ նաև ուսումնասիրել է թեմային վերաբերող ողջ փաստաթղթային և պայմանագրային դաշտը։ Հետազոտողը մատնանշել է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են թե՛ ՀՀ-ՌԴ հարաբերութուններում, թե ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում։

Արտյոմ Տոնոյանն ուսումնասիրել է «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առանձնահատկությունները 1991-2023թթ․» թեման։ Նա ուշադրությունը սևեռել է այն հանգամանքի վրա, թե ինչպես արցախյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանը կարողացավ վերականգնվել և ինչպիսի աշխատանքի շնորհիվ էր, որ վերջինս ի վիճակի եղավ լուծել Արցախի հարցն իր ցանկացած օրակարգով։ Տոնոյանի աշխատանքում կգտնեք նաև Ալիևի ելույթները և դրանց շուրջ իրականացրած վերլուծությունները։

Սերգեյ Մինասյանը հետազոտություն է իրականացրել «Վրաստանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային չափումների շուրջ» թեմայի շրջանակում։ Նա ուշադրության կենտրոնում է պահել, թե Վրաստանը ինչպիսի քաղաքական փոփոխությունների է ենթարկվել անկախությունից ի վեր, և ինչպես դիրքավորվեց Վրաստանը արցախյան պատերազմի ժամանակ, և ինչպես են զարգանում այժմ հայ-վրացական հարաբերություները։

«ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2023թթ․» բաժինը պատրաստվել է Բենիամին Պողոսյանի ջանքերով, որտեղ հետազոտողը ցույց է տվել հավաքական Արևմուտքի շահերը և նրանց որդեգրած քաղաքականությունը ընդհանրապես Հարավային Կովկասում և արցախյան վերջին պատերազմի ընթացքում մասնավորապես։

Աշխատանքն ավարտվում է հավելվածով, որտեղ զետեղված է միջազգային գիտաժողովի վերաբերյալ տեղեկություն, ինչը կրկին սույն ծրագրի շրջանակներում է իրականացվել։ Հավելվածները կազմվել են պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կողմից»։

Հետազոտությունն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5F218 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031